Էլիտար դպրոց, անասուն և ցորեն

Էլիտար դպրոց, անասուն և ցորեն
Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է ետ չմնալ կրթությունից, որն էլիտար կրթություն թմբկահարելով, ինչ-որ ծրագրեր սղղացրեց: Գերասիմ Ալավերդյանն էլ որոշել է սերմացուն ու անասնաբուծությունը հասցնել էլիտար մակարդակի՝ համանուն դասակարգի սորտեր ներմուծելով: Երբ էլիտար սերմացուի ծրագրի մասին ("ՀՀ-ում 2010-2013 թվականներին սերմնաբուծության եւ սերմնարտադրության զարգացման ծրագիր") զեկուցվեց կառավարության նիստում, լրագրողները մի լավ զվարճացան, ու միայն Գերասիմ Ալավերդյանի բացատրություններից հետո հասկանալի դարձավ, որ համանուն սորտեր գոյություն ունեն աշխարհում, որոնք նոր պիտի Հայաստան բերվեն: Ըստ գյուղնախարարի, հացահատիկի "էլիտար" սերմացուի անհրաժեշտությունը զգացվել է, քանի որ սերմեր չեն ներկրվել վերջին 7-10 տարիների ընթացքում, եւ ցանքատարածությունները 2005 թվականի համեմատությամբ 130 հազար հեկտարից նվազել են մինչեւ 82 հազար հեկտար, պատճառներից մեկը որակյալ սերմի բացակայությունն է: Նոր դասակարգի ներմուծման առանձնահատկություններն ընդգծելու համար նախարարը խճճվեց վիճակագրական թվերի մեջ: Ասաց, որ ՀՀ-ում տարեկան սպառվում է մոտ 720 հազար տոննա ցորեն, որի գերակշիռ մասը ներկրվում է դրսից, մեր արտադրածն ընդամենը 2 հազար տոննա է: Իսկ էլիտար տեսակը հողին հանձնելուց հետո կանխատեսեց ինքնաբավության 55 տոկոս աճ, նախկին 37-ի փոխարեն: Արդեն  Ստավրոպոլում պայմանավորվածություն ունեն եւ մինչեւ աշուն հազար տոննա էլիտար սերմացու կներկրեն, որը կհատկացնեն ցորեն արտադրող ֆերմերներին: Ի դեպ, ներկրված էլիտար սերմացուի 1 կգ-ն նախարարության վրա "կնստի" 400 դրամ: Մեր այն հարցին, թե արդյո՞ք դասակարգային խտրականություն չի դրվի, եւ էլիտար սերմացուի արտադրանքից կկարողանան օգտվել ՀՀ բոլոր բնակիչները, դեմքին ավելի լուրջ արտահայտություն տալով՝ երաշխավորեց, որ բոլոր դասակարգերը կարող են օգտվել այս սորտի արտադրանքից: Գյուղնախարարի վարակիչ ոգեւորությունը մեզ ստիպեց հետաքրքրվել նրա այլ էլիտար ձգտումներով: Հարցրինք՝ պատրաստվո՞ւմ են առաջիկայում նույնկերպ զարկ տալ, օրինակ, էլիտար անասնաբուծությանը կամ պտուղ-բանջարեղենի մշակմանը: Հարցը ոգեւորեց Գերասիմ Ալավերդյանին. "Այո, դա տոհմային անասնաբուծության խնդիրն է, ոչ թե հաջորդ տարի ենք անելու, այլ 2007-ից ենք սկսել, եւ մոտ 10 օրից նորից մեր մասնագիտական խումբը կմեկնի Գերմանիա, եւ այնտեղից կներմուծենք մոտ 265 գլուխ հղի երինջներ, որոնք բարձր մսակաթնատու ցեղեր են, կբերենք եւ կբուծենք, մի քանի տարի հետո լուրջ զարգացած անասնաբուծություն կունենանք":



ՀԳ -  Սա այն բացառիկ դեպքն է, երբ հայ քաղքենի չինովնիկներին "էլիտար" տերմինը չի "դզել": Ասում են՝ նախարարությունում այս ծրագրի  քննարկման ժամանակ բարձրաստիճանները նեղվել են "էլիտար" տերմինից՝ լրագրողների հեգնանքը ակնկալելով: Սակայն որքան էլ պրպտել են, սորտի բնութագրման համարժեքը չեն գտել: