Աֆրիկայում ծածանվել է մեր դրոշը

Աֆրիկայում ծածանվել է մեր դրոշը
Մինչ Հայաստանի բուքմեյքերները ֆուտբոլի աշխարհի առաջնությունը գովազդելու նպատակով Հյուսիսային պողոտան  աֆրիկացիներով լցնելու պատրանք էին ստեղծել, իսկական ֆուտբոլասերը հասել էր Աֆրիկա ու խաղերը տեսել իր աչքով: Թեպետ ֆուտբոլային կրքերն արդեն մարել են, բայց հարավաֆրիկյան Յոհաննեսբուրգում ստացած տպավորությունները Արմեն Դավթյանի մոտ կրկին առաջացրին այն ոգեւորությունը, որ տիրում էր ֆուտբոլային Աֆրիկայում, ու նրա տրամադրությունը փոխանցվեց նաեւ մեզ: "Դուք չեք պատկերացնում, թե ինչ մթնոլորտ էր տիրում Յոհաննեսբուրգում, աննկարագրելի է ուղղակի: Մարդկանց միավորել էր ֆուտբոլը, իսկական տոն, որի նմանը երբեք չեմ տեսել, թեպետ շատ հայտնի ֆուտբոլային խաղեր եմ դիտել:



Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովուրդը՝ սպիտակամորթներ, սեւամորթներ, տարբեր խավի ու սոցիալական աստիճանի քաղաքացիներ, միավորվել էին մի ընդհանուր ոգեւորությամբ",-պատմում էր մեր հայրենակիցը: Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերի տոմսը ձեռք է բերել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ ու, կտրելով հազարավոր կիլոմետրեր, գնացել է Յոհաննեսբուրգ, ուսերին Հայաստանի դրոշը, կրծքին՝ Արցախի: "Միայն Դուբայից մինչեւ Դուրբայ ինքնաթիռում անցկացրել եմ գրեթե ինը ժամ: Բայց քանի որ շատ ոգեւորված էի, ժամանակն ինձ այնքան էլ երկար չէր թվում",-պատմում էր ֆուտբոլասերը: Անցագրային ստուգում անցնելիս վիրավորվել է, երբ սեւամորթ աշխատակցուհին հարցրել է, թե որտեղ է գտնվում Հայաստանը:



ՀՀ քաղաքացին ընդամենը նրան դիտողություն է արել, ասելով, որ դպրոցում պետք էր լավ սովորել, ու աղջիկը շառագունել եւ պարոն Դավթյանի "թանկագին ծանրոցի" վրա դրել է մուտքի թույլտվության կնիքը: Ափսո՜ս, որ արդեն չենք կարող ասել "Չիտայծե, զավիդույծե, յա գրաժդանին... սվոբոդնոյ Արմենիի"` ասենք թե: Ֆուտբոլը՝ ֆուտբոլ, բայց չէի կարող չհարցնել՝ հայեր կա՞ն այնտեղ, թե՞ ոչ, մտածելով, որ դժվար թե լինեն, դե, հեռավոր Աֆրիկա է: Բայց, ի զարմանս ինձ, Արմեն Դավթյանն ասաց, որ կան, ընդ որում՝ ղարաբաղցիներ: "Անատոլի Ավագյանը՝ Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղվարդ գյուղից, նրա տիկինը՝ Լոռվա Դսեղից, որդիներ ունեն, շատ ճանաչված ու հարգված երիտասարդներ են, շոու-բիզնեսի ոլորտում են աշխատում, սովորում են Յոհաննեսբուրգի ամենահեղինակավոր համալսարանում ու այնքան լավ, որ համալսարանը նրանցից վարձ չի վերցնում, այնքան, որ համալսարանի համար պատիվ է նրանց ուսուցանելը",-պատմում էր պարոն Դավթյանը:



Բացի Ավագյանների ընտանիքից, Յոհաննեսբուրգում, դու մի ասա, կա եւս 240-250 հայ ընտանիք, որոնք շատ բարձր են պահում հայի պատիվը, ավանդույթները, լեզուն ու մանրամասն սիրում են հայրենիքը: Հիմնել են կիրակնօրյա դպրոց, ու Արմեն Դավթյանը դպրոցին նվեր է տարել՝ իր հովանավորությամբ հրատարակված "Վաչագան թագավորի սահմանադրությունը"՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Յոհաննեսբուրգում հարգված հայերը քշում են "Ջիփ" ու "Համեր", թեպետ մյուս քաղաքացիները գերադասում են քաղաքային փոքր ավտոմեքենաները: Բայց էականն այս պատմության մեջ սա չէ, այլ ֆուտբոլը: Տեսնելով հայկական դրոշը, մարզադաշտում շատերն են մոտեցել մեր հային ու հետաքրքրվել, թե որտեղից է:



Քանի որ դրոշները կպցրած է եղել իրար, զարմացել են, թե ո՞նց կլինի, որ մի երեսն ուրիշ նախշ ունի, ու Արմեն Դավթյանը նրանց բացատրել է, որ եթե ուրիշներն ունեն մեկ պետություն, մենք ունենք երկուսը:  Ու քանի որ մենակ, հայկական ու արցախյան դրոշով երկրպագել է Իսպանիայի հավաքականին, իսպանացի երկրպագուներն այդ իմանալով, խմբվել են նրա շուրջ ու ընկերացել: "Երբ իսպանացիները գոլ էին խփում, երկրպագուներն իմ գլխին էին թափվում ու իրենց ուրախությունն ինձ հետ էին կիսում",-պատմում էր Արմեն Դավթյանը: Նա առանձնակի հպարտություն է զգացել, երբ նման խոշոր իրադարձության ժամանակ ծածանել է մեր դրոշները, ու շատ մարդիկ իմացել են մեր երկրի, մեր մարդկանց անկեղծության ու մեր հինավուրց ազգի մասին:



Իսկ ռուսաստանցի պատգամավորներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, տեսնելով Հայաստանի ու Արցախի դրոշներն իրար միացրած, ուղղակի հիացել են: "Իրինա Խակամադան էր այնտեղ, Սերգեյ Յաստրժեմբսկին, Ռուսաստանից եկած այլ ռուս պաշտոնյաներ, նաեւ "Տրոյկա դիալոգի" Ռուբեն Վարդանյանը: Բոլորը մոտեցան ինձ, ողջունեցին: Յաստրժեմբսկին ասաց՝ մալադեց",-պատմում էր մեր հայրենակից ֆուտբոլասերը: Տեղացի հայերն առանձնապես հետաքրքրված չեն եղել ֆուտբոլով, ավելի ճիշտ՝ բուն խաղերով, իսկ հասարակությունը թեպետ շատ ոգեւորված է եղել, բայց ոչ բոլորն են կարողացել մարզադաշտերում դիտել խաղերը, քանի որ միջին խավն այնքան էլ վճարունակ չէ ու չի կարողացել տոմսեր գնել:



Փոխարենը ֆան ակումբներն ու իշխանությունները հոգացել են, որ պակաս չմնան, ինչպես ասում են, ու ժողովուրդը խաղերին հետեւել է հսկա էկրանների միջոցով: Իսկ մեր հայրենակիցը  առաջին կիսաեզրափակիչը՝ Ուրուգվայ-Հոլանդիա խաղը դիտելու գնալիս վերցրել է Ուրուգվայի դրոշը, քանի որ երկրպագել է այդ երկրի հավաքականին: "Հյուրանոցի տնօրենը մոտեցավ, ասաց՝ եղբայր, դու Հայաստանից ես, Ուրուգվայի դրոշն ինչո՞ւ ես բռնել: Ասացի՝ Ուրուգվայը մեզ եղբայր պետություն է: Ասաց՝ բայց քարտեզի վրա իրարից շատ հեռու են: Ասացի՝ գիտե՞ս, քարտեզով միգուցե հեռու ենք, բայց հոգեպես շատ մոտ ենք: 1965 թվին այդ երկիրն ընդունել է հայերի ցեղասպանության փաստը: Այդ լսելով, ինձ շրջապատող բոլոր մարդիկ շուռ եկան ու սկսեցին երկրպագել Ուրուգվային:



Վերջում մեծ ընկերախմբով նշեցինք ավարտը, գարեջրով-բանով",-պատմում էր Արմեն Դավթյանը: Նրա դեմքը լույս էր արձակում, աչքերը փայլում էին, նա բավարարված էր ոչ միայն որպես ֆուտբոլասեր, այլ նաեւ որպես հայ՝ իր առաքելության արդյունքներից: Պատմեց նաեւ, որ եղել է երկու օվկիանոսների հատման կետում, ձեռքով խառնել համաշխարհային օվկիանի ջրերը, խաղերից հետո իր ընկերների հետ քեֆ արել հայավարի՝ խորովածով-բանով, ու տպավորություններով լեցուն վերադարձել հայրենիք, իր հետ բերելով այնտեղ մնացածների սրտերի կարոտը: Հա, վուվուզել էլ է բերել՝ խաղերի սիմվոլը: Զարմացել է, որ ֆուտբոլի հետ կապված փոքր սուվենիրներ չեն եղել այդ համընդհանուր տոնականության մեջ, միայն վուվուզելներ ու գնդակներ են եղել:



"Բա հայերը չե՞ն մտածել այդ մասին, որքա՞ն փող կարելի էր աշխատել միայն սուվենիր վաճառելով",-ծագեց բնական հարցը: Մյուս հայերը չգիտեր ինչպես, բայց ղարաբաղցի իր ընկերոջ որդին առավել պատվելի գործով է զբաղված եղել այդ օրերին՝ սպասարկել է աշխարհի առաջնությունը: Ինչեւէ, մեր հայրենակիցը միակն է եղել, որ մասնակցել է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին: Ավելի ճիշտ, միակ հայաստանցին, թե չէ հայեր էլի են եղել: Ու այդ իմաստով մենք էլ ենք հպարտ մեր լեռների պես եւ արդեն վստահ, որ հայը Աֆրիկայում էլ է հայ: