Հացի թանկացումն անխուսափելի է

Հացի թանկացումն  անխուսափելի է
"Աշխարհում ցորենի գինը թանկանալու է 40 տոկոսով",-երեկ լրագրողներին ասել է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի զեկույցը: Անդրադառնալով այս օրերին թանկացած ալյուրին, վստահեցրել է, որ այն պայմանավորված է ալյուր արտադրող պետություններում ցորենի այս տարվա պակաս բերքով. "Հետեւաբար այդ մտավախությամբ ներկրող կազմակերպություններն ու մեր աշխատակիցները, որոնք եղել են Ստավրոպոլում, շատ ցածր բերք են կանխատեսում, ցորենի համար ահավոր վատ տարի է, հետեւաբար շուկան է որոշում գինը, եթե ապրանքի պահանջարկն ավելանա, գինն էլ կավելանա":



Իսկ թե մինչեւ ինչքան պետք է բարձրանա հացի ու ալյուրի գինը, գյուղնախարարը կոնկրետ պատասխան չի տվել, սահմանափակվել է մոնիտորինգով. "Մենք հիմա մոնիտորինգ ենք իրականացնում, այդ հարցի շրջանակում համագործակցում ենք Տնտեսական մրցակցության հանձնաժողովի հետ, տեսնենք ինչ կարող ենք անել, բայց ես կարծում եմ, որ դրա լավագույն տարբերակը ցորենի սերմնարտադրությունը զարգացնելն է":  Ամեն դեպքում, նախարարը նախազգուշացրել է, որ նախարարությունը գների վրա ազդելու գործառույթ չունի. "Բիզնեսմենները աշխատում են այդ պետությունների հետ ու ունեն բավականին լավ ինֆորմացիա, որ ցորենի գները տեղերում բարձրանում է, դրա համար մարդիկ այսօր այդ ուղղությամբ իրենց բիզնեսի շրջանակում իրենք իրենց գնային քաղաքականությունը իրականացնում են": Հիշեցնենք, որ մեր երկիր ցորեն է ներմուծվում Կանադայից, Ղազախստանից, որոշ խմբաքանակ՝ Ուկրաինայից ու հիմնական մասը՝ Ռուսաստանից: