Շրջանառվում են տարբեր վարկածներ

Շրջանառվում են տարբեր վարկածներ
Հուլիսի 26-ին “Դինո գոլդ մայնինգ քամփնիի” ֆինանսական բաժնի պետ Արա Մարկոսյանի “Տոյոտա” մակնիշի ծառայողական մեքենայի վրա  պայթուցիկ սարք տեղադրելու առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ըստ հավաստի աղբյուրների, իրավապահները բացառում են անձնական մոտիվները: Միջադեպը կապվում է ֆինանսական բաժնի պետի աշխատանքային գործունեության հետ: Նրա առաջարկությամբ, կոմբինատի տնօրինությունը մոտ 80 կազմակերպության հետ խզել է պայմանագրերը, ֆինանսական հոսքեր ապահովելով ձեռնարկություն:



Մեր ունեցած տվյալներով, այդ կազմակերպությունները ձեռնարկությանը մատուցում էին տարբեր տիպի ծառայություններ, ասենք՝ մեքենայի լվացում, մեքենայի շարժիչների ստուգում եւ այլն: Նաեւ, որոշ տեղեկությունների համաձայն, Ա. Մարկոսյանին զանգել են փողոցներում դրված տաքսոֆոնից ու ասել, որ աշխատանքից ազատվելու դիմում գրի ու հեռանա Կապանից: Արա Մարկոսյանը Երեւանից է: Ձեռնարկության համայնքի եւ լրատվության կապերի պատասխանատու Նորայր Աղայանն այսօր տեղական “Սոսի” հեռուստատեսությամբ ասել է, որ ձեռնարկությունն աշխատում է բնականոն հունով: “Աշխատանքային ռիթմը մի փոքր խախտվել էր պատահարի ու հաջորդ օրերին: Այն էլ իրավապահներն էին  ստուգումներ իրականացնում”,-ասաց նա: