Կիրո Մանոյանն ու Մայր Աթոռը լեզվակռվի մեջ

Կիրո Մանոյանն ու Մայր Աթոռը լեզվակռվի մեջ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պատասխանել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի այն հայտարարությանը, որտեղ վերջինս նշել էր, թե  վստահ չէ, որ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին մասնակցելու Մայր Աթոռի որոշումը ծնվել է Սուրբ Էջմիածնում:



«Տիար Մանոյանի ասածի առնչությամբ հարկադրված ենք արձանագրել, որ այն անպատասխանատու հայտարարություն է եւ զուտ երեւակայության արգասիք: Խորհուրդ պիտի տայինք, որ յուրաքանչյուր անձ խորհրդածեր իր եւ կամ իր կազմակերպության մտքերի ծննդավայրի շուրջ եւ չզբաղվեր անհարկի գուշակություններով»,- ասված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության մեջ:



Կիրո Մանոյանն էլ հարկ չի համարում արձագանքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությանը, նշելով, որ այդ հայտարարությանը հրապարակավ պատասխանելով ջուր կլցնի «թուրքական սադրանքի ջրաղացին»:



«Ես իմ ասելիքն ասել եմ, նրանք էլ իրենց ասելիքն են ասել: Կարդացողը թող կարդա եւ իր եզրակացություններն անի»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մանոյանը: Նա նաեւ պնդել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր այն հայտարարությունը, թե սխալ է համարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությունը Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Նա ասել էր, թե վստահ չէ, որ այդ միտքը ծնվել է Սուրբ Էջմիածնում:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանոյանը բացել է փակագծերը՝ նշելով. «Միջոցառմանը մասնակցելու գաղափարի հեղինակը եղել է Պոլսո հայոց պատրիարքարանից»,-ասաց Մանոյանը:



Դաշնակցական գործիչը կրկին անդամ պնդել է իր այն միտքը, թե նախատեսված միջոցառումն ընդամենը թուրքական սադրանք է. «Ի՞նչ է նշանակում, եկեղեցին թանգարան են սարքել եւ այդ թանգարանի մեջ պատարագի արտոնություն են թույլ տալիս եւ մենք էլ լեգիտիմացնում ենք դա»,-նշել է նա: