Դասակարգային պայքար

Դասակարգային պայքար
Մաշտոցի պողոտայի փակ շուկայի հարեւանությամբ ծաղկի կետ կա, իսկ դիմացը սովետական ժամանակներից մնացած քարե ծաղկամաններ կային, որոնց մեջ վաղուց ծաղիկներ չէին աճում։ Հիմա դրանք ծառայում էին որպես նստարան միրգ եւ բանջարեղեն վաճառողների համար, որ հիմնականում տատիկներ ու պապիկներ են։ Բոլորն էլ կիրթ ու սիրալիր մարդիկ են, որոնցից յուրաքանչյուրն իր կյանքի պատմությամբ կարող է հոդվածի կամ պատմվածքի նյութ լինել։ Նայելով ողջ կյանքում աշխատած, վաստակած այդ մարդկանց, որ օր ծերության ստիպված են աշխատել, ակամայից մտածում ես՝ ինչպիսի՞ ծերություն է սպասվում մեզ, որ ուժերի ծաղկման հասակում ենք հազիվ ծերը ծերին հասցնում։



- Ամսի 14-20-ը մեզ արձակուրդ են ուղարկում, ասել են էս եղած-չեղածը կհավաքեք, չգիտե՞ս ով ա գալիս,- հարցրին վաճառողները՝ իմանալով, որ լրագրող եմ։ Մի տատիկ էլ ջերմ խոսքեր ասաց քաղաքապետի հասցեին, որ թույլ է տվել իրեն այդտեղ անվճար նստել, բայց չցանկացավ ներկայանալ։ Յոթանասունյոթամյա այդ կինը, պարզվեց, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է եղել, լավ ընտանիք է ունեցել՝ ամուսին, զավակներ, որոնցից ոչ մեկն արդեն չկա։ Հիմա նա միայնակ թոշակառու է, որ ստիպված է ապրել տասնհինգ հազար դրամ թոշակով։ Ու քանի որ այդ թոշակով ապրելն անհնար է, նա ամեն օր գնում է կայարան՝ միրգ ու բանջարեղեն առնելու, որ հետո վերավաճառի։ Օրվա եկամուտը 700-1000 դրամ է կազմում։ Բայց կորուստներն էլ քիչ չեն՝ ապրանքը շոգից շուտ է փչանում։ Տատիկը պահում էր իրեն արժանապատվորեն եւ աշխատում էր չտրտնջալ, թեպետ ամուսնու ու զավակների մասին խոսելիս աչքերը լցվում էին։



- Ասում են սովետը վատ երկիր էր, բայց մարդիկ դպրոցն ավարտելուց հետո եթե չէին գնում սովորելու, աշխատանքով էին ապահովվում։ Թոռս երեսուն տարեկան ա, գործազուրկ, գիշերները լուսացնում ա հեռուստացույց նայելով, որ ցերեկները քնի ու չմտածի իր վիճակի մասին։ Դա նորմալ ա՞։



Այդպես խոսում էի տատիկի հետ, երբ մոտեցան մի խումբ տղամարդիկ, որոնք՝ պարզվեց, հարակից շենքի նկուղում կառուցվող օբյեկտի տիրոջ մարդիկ էին։



- Էս ապրանքը հավաքեք ստեղից, առաջ քաշեք, որ էդ  բաները հանենք,- ասաց նրանցից մեկը։



-Բաները- քարե ծաղկամաններն էին, որոնց վրա նստած էին վաճառողները։ Իսկ առաջ քաշելը նշանակում էր փողոցի մեջտեղ քաշել։ Դա բորբոքեց վաճառողների զայրույթը։ Նրանց պահանջը մեծ չէր՝ ընդամենը, որ ծաղկամանները հանեն առանց իրենց տեղաշարժելու։ Կամ գոնե համբերեն մի ժամ, մինչեւ աշխատանքային օրվա ավարտը։ Բայց տղամարդկանց խմբին վաճառողների անհնազանդության փորձը խիստ վրդովեցրեց.



- Ո՞նց թե, դու էդ ո՞վ դառար, որ ինձ կարգադրես,- ասաց ջահելներից ամենաամրակազմը:- Ուրեմն քո ասելով ես պետք ա էդ ծանր ամանը մի մետր ավել քաշ տամ, ինչ ա թե դու չես ուզում քեզ նեղություն տա՞ս։



- Դու քո հացն ես վաստակում, ընտանիքդ պահում, թող ես էլ իմը վաստակեմ,- ասաց վաճառողներից միակ երիտասարդ տղամարդը։



Օբյեկտի տիրոջ մարդկանց այդ մարդու պահանջը խիստ զայրացրեց, եւ նրանց ու վաճառողների միջեւ կռիվ ու քաշքշոց սկսվեց։ Զարմանալի էր, թե ինչպես են այդ առողջ, երիտասարդ տղամարդիկ, որ կարող են իրենց հայ, հայրենասեր ու ավանդապահ համարել, վերջին բառերով վիրավորում իրենց ծնողների, տատերի ու պապերի տարիքի մարդկանց։ Բայց, ըստ երեւույթին՝ դասակարգային պայքարը տարիք չի հարցնում։



- Ո՞ւր եք տանում ծաղկամանները, ո՞վ ա ձեզ թույլ տվել,- հարցնում էր վաճառողներից երիտասարդը, որ նախանձելի վճռականությամբ փորձում էր պաշտպանել իր արժանապատվությունը։



- Մեր տուն ենք տանում,- հեգնում էին,- էս ծաղկամանները առել ենք, սրանք սեփականատեր ունեն։



Երբ ծաղկամանը տեղաշարժեցին ու փորձում էին դնել մեքենան, ես մեկ-երկու լուսանկար արեցի։ Դա չվրիպեց ամրակազմի աչքից.



- Քուր, կարո՞ղ ա գիտես ես կլուբի մեյմուն եմ, որ նկարում ես։ Խի՞ ես նկարում։



- Ես լրագրող եմ,- ասացի,- ուզում եմ իմանալ ինչ ա կատարվում։



- Ո՞ւր ա վկայականդ,- հարցրեց մեկ ուրիշը եւ պահանջեց,- վկայակա՛նդ ցույց տուր։



- Էդ դո՛ւ ցույց տուր փաստաթղթերը, որ քեզ իրավունք են տալիս ծաղկամանները տանել,- ինձ օգնության հասավ վաճառողը։



- Դու մի խառնվի, քո գործը չի,- ասացին տղամարդիկ ու շուրջկալեցին ինձ:- Վկայակա՛նդ։



Ինձ փրկեց ծաղկամանների սեփականատիրոջ հայտնությունը հորիզոնում։ Դա մի գնդլիկ տղամարդ էր, որ տարիքի բերումով պիտի ավելի շատ մտահոգվեր հավիտենական կյանքի, քան այս կյանքում հարստություն դիզելու մասին։



- Շուտ, վեր կացեք, էս ծաղկամաններն իմն են, էս ամբողջ տարածքը իմն ա,- ասաց սեփականատերը եւ սկսեց վիրավորել տարեց մարդկանց։ Մանկլավիկներից մեկը անհանգստացած դիմեց նրան.



- Ղազարյան, պետք չի, էս կողմ արի, բան եմ ասում,- ու մոտեցավ՝ զգուշացնելու, որ տարածքում լրագրող կա։



Բայց Ղազարյանին այդ հանգամանքն առանձնապես չզգաստացրեց։ Նա շարունակում էր հոխորտալ -Չարի վերջի- ոգով։



- Ես վեր չեմ կենալու,- ասաց տատիկը,- տեսնեմ ո՞նց ես տանելու։



- Ես կարամ քեզ էլ հետը տանեմ,- ասաց սեփականատերը։



- Հիմա ես կզանգեմ, մարդ կկանչեմ, որ պարզի՝ դու ե՞ս սեփականատերը, թե՞ ով,- ասաց վաճառող տղամարդը։



- Ո՞ւմ պետք ա կանչես, հայվան,- ասաց Ղազարյանը,- դու ի՞նչ կարաս իմ դեմ, երկրի առաջի մարդը իմ քիփն ա։



Ես չկարողացա պարզել, թե տարեց բիզնեսմենի ինչին էին պետք սովետական շրջանի այդ ծանր ծաղկամանները։ Միգուցե համայնավարության շրջանի այդ հիշատակները նրա հոգին տագնապահար էին անում ապագայում էքսպրոպրիացիայի հնարավորությամբ, եւ նա ցանկանում էր հեռացնել դրանք իր օբյեկտի մոտից։ Միգուցե պարզապես ճանապարհ էր բացվում մեքենաների համար, որպեսզի դրանք կարողանան անարգել մտնել մայթ եւ հասնել օբյեկտի դռան մոտ։ Փակ շուկայի մոտ  ծավալված կռվի պատճառը ծաղկամանները չէին։ Դա դասակարգային պայքարի դրսեւորում էր, ինչպիսիք այսօր հանդիպում են ամեն քայլափոխի։ Այն պայքարի, որի մասին ժամանակին կարդում էինք պատմության դասագրքերում։ Միայն թե այն ժամանակ մեր մտքով չէր անցնում, որ պատմության դասագրքերով անցնում ենք մեր ապագան։