Փորձված մարզպե՞տ, թե փորձված հեռուստադիտող

Փորձված մարզպե՞տ, թե փորձված հեռուստադիտող
Տողերիս հեղինակի այն հրապարակումները, որոնք վերաբերում եմ Արագածոտնի մարզի խնդիրներին, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հակադարձում է "հերքումներով", մեկ-մեկ էլ խմբագրություն մարդիկ է ուղարկում, որոնք տեղում նախօրոք վերապատրաստվել են, եւ եթե փորձես նրանց ընդհատել, ապա տարրական դասարանի վատ աշակերտի նման կմոռանան սերտած դասը: "Հրապարակի" այս տարվա հունիսի 7-ին տպագրված  "Կադրային ջա՞րդ, թե՞ սեփական դիմումի համաձայն" հոդվածից հետո չուշացավ "հերքումը": Միայն մի տարբերությամբ, որ այդ պատասխանով մարզպետը փորձել է մի քիչ քաղաքակիրթ երեւալ: Պատասխանել է, որ կադրային ջարդ չի անում, այլ աշխատանքային գործնական փոփոխություններ են, իսկ փորձվածությունը հիմնավորելու համար ասել է` ինձ մարզպետ նշանակելիս վարչապետ Տ. Սարգսյանն ասել է, որ ես փորձված աշխատող եմ:



Անհրաժեշտ ենք համարում նշել Ս. Սահակյանի աշխատանքային կենսագրության մասին. երեք ամիս անասնաբույժ է աշխատել Մարալիկում, հինգ տարի եղել  է Արագածոտնի մարզպետարանի գյուղբաժնի պետը, այդ ընթացքում վաճառել է մարզի տուժած ազգաբնակչությանը հատկացված էժան պարարտանյութը եւ ցորենի սերմացուն (այդ մասին հրապարակումներ են եղել պետական մամուլում) եւ վերջապես՝ մինչեւ մարզպետ նշանակվելը եղել է փոխմարզպետ` բառի բուն իմաստով ձեռքերը ծալած, աշխատասենյակում նստած սպասել է, որ Աստծո արարած գոնե մեկ հողածին իր աշխատասենյակի դուռը բացի:



Իհարկե, այդ ժամանակ փոխմարզպետը չի հրաժարվել պատկառելի աշխատավարձից, ծառայողական ավտոմեքենայից, սակայն հրաժարվել է մասնակցել մարզպետի մոտ անցկացվող ամենշաբաթյա խորհրդակցություններին, հրաժարվել է որեւէ ոլորտ  համակարգելու պարտականությունից, բայց չի հրաժարվել մարզպետ դառնալու երազանքից:  Դրա ապացույցն է թղթին գրվածը. մենք ուզում ենք, շատ ենք ուզում, որ մեր մարզպետ դառնա Սարգիս Սահակյանը, այդ թղթիկով գիշերով այցելել է գյուղապետերի տները, ստորագրել տվել եւ ուղարկել նախագահի նստավայր: Իհարկե, գյուղապետերից շատերը չեն ստորագրել եւ այսօր մարզպետի աչքի փուշն են:



Եթե Տիգրան Սարգսյանը այս փաստերն է հաշվի առել Ս. Սահակյանին մարզպետ նշանակելիս, ապա աշխատանքային փորձի մասին նրա գիտելիքները կարելի է գնահատել անբավարար: Իսկ ահա փորձված մարզպետի մեկամսյա կադրային քաղաքականության մասին կարելի է երկար գրել, սակայն կսահմանափակվենք մեկ-երկու օրինակով:



Մարզպետ նշանակվելու առաջին օրերին Ս. Սահակյանն իր կադրերի եւ դրսից եկող քաղաքացիների տեղաշարժը, նիստուկացը, առնել-տալը տեսնելու համար մարզպետարանի շենքի երկու հարկն էլ ողողել է  տեսախցիկներով, տեսախցիկ է դրվել շենքի ճակատին, որպեսզի տեսնի նաեւ դուրսը: Իսկ այն, ինչ տեսախցիկն անզոր է տեսնել, տեսնում է մարզպետի խորհրդական Կարեն Տոնոյանը, որի օպերատիվությանը ծանոթ են մարզում պաշտոն զբաղեցնող մարդիկ, որոնք Կարենի պատճառով մարզպետի առանձնասենյակում արժանացել են հանդիմանությունների: "Խաբար տալը եկամտի լավ աղբյուր է, գնացեք-տեսեք Պռոշյան ավանում Կարեն Տոնոյանի նորակառույց դղյակը",- մեզ ասաց մի բարձրաստիճան պաշտոնյա:



Նշեցինք, որ փոխմարզպետի պաշտոնում Ս. Սահակյանի առանձնասենյակի դուռը քչերն են բացում: Այժմ նա իրեն վերապահված լիազորությունների սահմաններում պատժում կամ փորձում է պատժել իր դուռը չբացողներին, նաեւ նրանց, ովքեր մարզպետարանի շենքում ջերմ կբարեւեն այդ մարդկանց: Չէ որ դա ինքը տեսնում է: Եվ, ըստ մարզպետի մոտ ներսուդուրս անողների, խոսելիս վիզը ծռված է հեռուստացույցի կողմը, դեմքիդ չի նայում, նույնիսկ խորհրդակցությունների ժամանակ, որոնք սկսվում ու ավարտվում են միմիայն իր գոռգոռոցներով` յուրաքանչյուր միտք սկսելով "իմ նախագահը" (խոսքը Սերժ Սարգսյանի մասին է) արտահայտությամբ:



Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք, որ աշխատակազմի յոթ վարչության ու բաժնի պետերից կարողացել է աշխատանքից ինքնակամ ազատվելու դիմումներ կորզել: Դրանից հետո Ս. Սահակյանը փոխել է մարտավարությունը` քաղծառայողների ատեստավորման ժամանակ հանձնաժողովում ունեցած իր մարդկանց հրահանգել է բացասական եզրակացություն տալ նրանց, ում ինքը կասի: Սոցիալական ծառայության երեք մասնագետներ, որոնք թեստային փուլում հասան հարյուր տոկոս ցուցանիշի, բանավոր քննությանը կտրվեցին: Իսկ ահա մարզպետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ Կարեն Շահազիզյանին, որը բողոքարկմամբ Քաղծառայության խորհրդից պահանջել է իր բանավոր քննության ձայնագրությունը, պատասխանել են, որ այդ օրը ձայնագրող սարքերը չեն աշխատել: Սա ինքնին նշանակում է, որ մարզպետը սերտորեն համագործակցում է Քաղծառայության խորհրդի վերադասի հետ, ատեստավորումից առաջ "սեւ" ցուցակ ուղարկում նրանց:



Օրենքները խախտելով, միանձնյա որոշումներ ընդունելով (միանձնյա, որովհետեւ այսօր երբեմնի իր վիճակում են գտնվում  փոխմարզպետներ Մանաֆաս Առաքելյանը, Անդրանիկ Մերոյանը, կրթության ու սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը, ֆինանսների եւ առողջապահության վարչությունները, որոնք շուրջ մեկ տարի պետեր չունեին, եւ առողջապահության վարչությունը կարող էր ղեկավարել, ասենք, մարզպետարանի հողաշինարար Գեւորգ Օհանյանը), կարող է իր հարազատ Հանրապետական կուսակցություն (էլի հարազատ կուսակցություններ է ունեցել, օրինակ` ՀԺԿ-ն) ներկայացնել, որ այսքան մարդ դարձրել է հանրապետական: Այստեղ մարզպետն ունի մի ձեռագիր՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով ստիպել դիմում տալ Հանրապետականի շարքերը մտնելու համար (նմաններին մարզում կարելի է մատների վրա հաշվել) կամ էլ կուսակցությանը խաբել, թե խոշոր համայնքների համայնքապետերը դիմում են գրելու Հանրապետական կուսակցության շարքերը մտնելու համար:  Նման մի դեպք եղել է. ոչ համայնքապետ, Ապարանի տարածաշրջանի սոցիալական ծառայության պետ Իլյիչ Ավետիսյանը  Դաշնակցության շարքերից դուրս էր եկել եւ դիմում ներկայացրել Հանրապետականի շարքերը մտնելու: Նա Ապարանի Հանրապետականի առողջ ուժերի կողմից արժանացավ երեք մատի կոմբինացիայի:



Եթե համալրվում է Հանրապետականը Արագածոտնի մարզում, ապա համալրվում է նման մարդկանցով, որովհետեւ մարզպետի վարած թե՛ կադրային, թե՛ կուսակցական քաղաքականությունում տարբերությունը չնչին է:



Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ