Մեդվեդեւի այցելության շուրջ

Մեդվեդեւի այցելության շուրջ
Հայաստանի ԶԼՄ-ների եւ քաղաքական շրջանակների ուշադրության կիզակետում Դմիտրի Մեդվեդեւի պետական այցն է, որը համընկնում է Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական վեհաժողովի հետ: Իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում ռազմավարական դաշնակցին հավուր պատշաճի դիմավորելու համար, իսկ քաղաքագետները մամուլի ակումբներում կանխատեսումներ ու վերլուծություններ են անում:  Ռուսաստանի նախագահի այցելության նպատակներն ըստ էության հայտնի են: Անշուշտ, նախագահների հանդիպման մեխը Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին  պայմանագրում փոփոխությունների ու ատոմակայանի կառուցման հարցերն են լինելու: Հարցեր, որոնք կանխորոշելու են առաջիկա տարիներին մեր երկրի զարգացման ուղենիշները:



ՈՐՊԵՍԶԻ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ՉԳԱ ԿԱՄ ԿԱՆԽԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՍՏԵՐՆԻԶԱՑՈՒՄԸ



Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Մեդվեդեւի այցը հետաքրքիր է համարում ռուսական ռազմակայանի ժամկետների երկարաձգման համատեքստում: Ոչ պատահական է համարում նաեւ այն, որ այցին նախորդեց քննադատական պոռթկում ընդդեմ այս մտադրության: Դեռ 10 տարի կա, ինչո՞ւ Ռուսաստանին անհրաժեշտ եղավ երկարաձգելու իր ռազմաբազայի տեղակայման ժամկետները հենց այս պահին: Հարցի պատասխանը Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով այն է, որ Ռուսաստանը որոշակի միտումներ է Հայաստանում տեսնում եւ լուրջ կասկածներ ունի, որ դրանց զարգացման դեպքում արդեն 10 տարի հետո Հայաստանն այդ պայմանագրի կարիքն ուղղակի չի ունենա, որովհետեւ երկրի քաղաքական վերնախավը արդեն 100 տոկոսով բաղկացած կլինի Արեւմուտքի շահերը սպասարկող գործիչներից, ուստի փորձում է երաշխավորել սեփական հենակետի գործունեությունն արդեն այսօր՝ օգտագործելով ԼՂ հարցի հետ կապված հայկական կողմի մտահոգությունները:



"Հայաստանում տեղի է ունենում նույն այն  պրոցեսը, որը ժամանակին ընթացավ Վրաստանում Շեւարդնաձեի իշխանության օրոք: Շեւարդնաձեն, լինելով Ռուսաստանի դրածո, կանաչ լույս վառեց քաղաքական վերնախավից Ռուսաստանի հետ ինչ-ինչ առնչություններ ունեցող դեմքերին դուրս մղելու գործընթացին եւ դրանց փոխարինեց արեւմտյան բուհերում կրթություն ստացածներով: Այսինքն Շեւարդնաձեն նախապատրաստեց հակառուսական քաղաքական գործիչների սերունդը, որը հետագայում եկավ իշխանության, եւ "Սահակաշվիլի" պրոյեկտի իրագործման հնարավորություն ստեղծվեց:



Նույնը տեղի է ունենում Հայաստանում, երբ բուծվում են տարբեր տեսակի "Ժառանգություն" կուսակցություններ եւ մյուս կողմից խորհրդարանից դուրս մղվում Կարեն Դեմիրճյանի բոլոր զինակիցները",-պարզաբանում է Քաղաքագետների միության նախագահը: Իսկ շրջանառվող լուրերը, թե Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, խոսում են այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանին ցույց է տալիս, թե որքան էլ հայաստանյան քաղաքական դաշտը մաքրազարդվի  ու համալրվի երիտարեւմտամետներով, ովքեր հայտարարում են, թե Ռուսաստանն անընդունելի է, որովհետեւ այլ արժեքների է դավանում, Ռուսաստանը մտադիր չէ նահանջել ոչ Հայաստանից, ոչ էլ Հարավային Կովկասից, այլ մտադիր է իր դիրքերն ապահովել՝ հիմնավորելով դրանք նաեւ հայկական շահերով:  Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով՝  Մեդվեդեւի պետական այցի պրոտոկոլում ցեղասպանության հուշահամալիր այցելության ամրագրումն այս տեսանկյունից պատահական չէ, մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի ներկայությունը Ծիծեռնակաբերդում ոչ թե պետական, այլ մասնավոր էր:



Поменять шило на мыло?



Եթե երկիրը կարողանում է ինքնուրույն լուծել իր բոլոր ներքին ու արտաքին խնդիրները, բոլոր երկրների հետ հավասար պայմաններում հարաբերությունների կառուցումը ցանկալի կլիներ, բայց անկախ Հայաստանի իշխանություններն այդ խնդիրը կամ չեն կարողացել, կամ էլ չեն ցանկացել լուծել: 1995թ. կնքված հայտնի պայմանագրի պայմանների փոփոխություն, որը Հայաստանին իրավունք կտար արտաքին քաղաքականության ուղղվածությունը փոխել, անցնող  20 տարիների ընթացքում  չի կատարվել, ուստի Հայաստանն ընտրության առջեւ է կանգնած: Այս կարծիքին է Դոմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: "Երեք իշխանություններն էլ նույն գործողություններն են կատարել: Մեկը թալանի է ենթարկել երկիրը, մյուսը օլիգարխացրել է, իսկ երրորդն էլ ոչ այս կողմն է, ոչ այն",-ասում է նա:



Արամ Սարգսյանը վստահ է, որ Հայաստանն այսօր իրավիճակային քաղաքականություն է վարում եւ հաշվարկներ չունի, թե անվտանգության համակարգի փոփոխությունն ինչ հետեւանքներ կունենա, այն դեպքում, երբ տարածաշրջանային վերաձեւումներ են տեղի ունենում, Ադրբեջանը հզորացնում  է իր ռազմական պատրաստվածությունը: Ստեղծված պայմաններում երկրի անվտանգությունն ապահովելու համար հավասարազոր ինչ-որ բան է պետք: Տվյալ դեպքում դա ռուսական ռազմակայանի գոյության ժամկետի փոփոխությունն է: Դեմկուսի ղեկավարի համոզմամբ՝ դրանով  նվազագույնի կհասցվի պատերազմի վերսկսման հնարավորությունը:



ՍՏՐԿԱՏԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ՍՏՐՈՒԿՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ



"Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ Հայաստանն ամբողջությամբ կախված լինի իրենից: Ռուսաստանը  եթե լինի դեմոկրատական, ինչպես, ասենք, Ֆրանսիան, նրա հետ մերձեցումը շահեկան կլինի բոլոր հարեւանների համար, բայց երբ որեւէ պետություն դեմոկրատական չէ, մարդու իրավունքները չեն հարգվում, կոռումպացված է, նշանակում է՝ սեփական ժողովրդին չի հարգում, իսկ սեփական ժողովրդին չհարգող պետությունը չի կարող հարեւան ժողովրդին հարգել: Նրանց խամաճիկ Հայաստան է պետք, որ որպես դաշնակից գնան-գան:



Իրենք հասկանում են, որ եթե Հայաստանն էլ կայանա, Լեհաստանի կամ Ուկրաինայի նման պիտի ասի՝ բան եք ծախում, գինը հարմար լինի՝ կառնենք, հարմար չլինի՝ չենք առնի: Բայց պարսկական գազի հարեւանությամբ մենք Ռուսաստանից ավելի թանկ ենք գազը գնում",-ասում է Պարույր Հայրիկյանը: ՌԴ նախագահի այցը հայ ազգային քաղաքական մտքի հայրը (պրն Հայրիկյանն իրեն այդպես անվանեց) շարքային է համարում, այն Հայաստանին նոր բան չի տա, պարզապես ստրկատերն այցելում է ստրուկին:



Ըստ Հայրիկյանի՝ Ռուսաստանի քաղաքական ներկայությունը Հայաստանում բավական զսպիչ դեր է կատարելու Ադրբեջանի համար, ուրեմն ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգումը ոչ թե Ադրբեջանի դեմ է ուղղված, այլ հեռուն գնացող նպատակներ ունի:Իսկ Հայաստանը, որը չունի սեփական ռազմավարություն (մեր ռազմավարությունը, ըստ Հայրիկյանի, ցեղասպանության հետեւանքների վերացումը պետք է լիներ), չի կարող ռազմավարական դաշնակից լինել ինչ-որ մեկի հետ: