Մորեխ չէ` կոկորդիլոս էլ կհայտնաբերի, փողին մուննաթ

Մորեխ չէ` կոկորդիլոս էլ կհայտնաբերի, փողին մուննաթ
Օրերս կանխվել է գյուղատնտեսության նախարարության հերթական անհեթեթ ծրագիրը, որը մորեխների ոչնչացման նպատակին պետք է ծառայեր: Պետական բյուջեով նախատեսվում է բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում՝ պայքար մորեխների ու կրծողների դեմ: Ամեն տարի հունիս-հուլիս ամիսներին հանրապետության տարածքում կատարվում է մոնիտորինգ, որը օրենքով պետք է կատարի բուսասանիտարայի տեսչությունը, բայց այս անգամ կատարել է  Բույսերի պաշտպանության եւ կարանտինի ՊՈԱԿ-ը:



Մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ մոտ 3 հազար հեկտարի վրա պետք է մորեխների դեմ պայքարի աշխատանք կատարվի: Սակայն մեր տեղեկություններով՝ այս թվաբանությունը հավատ չի ներշնչել նախարարության մեկ այլ կառույցի՝ բուսասանիտարիայի տեսչությանը, որն առանձին մոնիտորինգ է արել ու բացահայտել, որ Շիրակի մարզի մոտ 2 հազար 390 հեկտարում իրականում մորեխներ չկան՝ Բույսերի պաշտպանության ՊՈԱԿ-ը, մեղմ ասած, փաստերը խեղաթյուրել է: Այս մասին զեկուցվել է փոխնախարար Սամվել Ավետիսյանին, վերջինս էլ արագ արձագանքել է սրան ու ահազանգել են կեղծիքի մասին:



Ինչից հետո Գերասիմ Ալավերդյանը հապշտապ արձակուրդից վերադարձել է ու գործուղվել Շիրակի մարզ՝ կրծողներ ու մորեխներ հայտնաբերելու, ինչն ի դեպ, ասում են, "հաջողվել" է: Կարճ ասած, այդ ծրագրով նախատեսված 17 միլիոն դրամն այնքան գայթակղիչ է, որ եթե պետք լինի` Հայաստանում կոկորդիլոսներ էլ կհայտնաբերվեն, որոնց դեմ գյուղնախն "անողոք" պայքար կսկսի՝ փողերի լվացման ֆորմատով:  Մենք փորձեցինք Բուսասանիտարիայի տեսչության պետ Վռամ Գյուլզադյանից պարզել, թե  որքանով է մեր տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, սակայն նրա հետ երեկ չհաջողվեց կապ հաստատել, այս թեմային կանդրադառնանք առաջիկայում: