Ինչը կհաղթի քաջ Գերասին, թե չլինի...

Ինչը կհաղթի քաջ Գերասին, թե չլինի...
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը որոշել է բարեփոխել իր ղեկավարած ոլորտը եւ սկսել է կրթական համակարգից: Մենք արդեն գրել ենք գյուղատնտեսության ենթակայության տակ գտնվող քոլեջների տնօրեններին մի հրամանով ազատելու մասին: Խոսքը Արմավիրի, Մասիսի, Գյումրիի ու Նոր Գեղի գյուղատնտեսական պետական  քոլեջների մասին է: Մենք գրել էինք Գյումրիի քոլեջի տնօրենի փոփոխության մասին, երբ նախկին տնօրեն Կամո Զաքարյանին վարձավճարները չհավաքելու համար ազատելուց հետո նրա փոխարեն  նշանակել էին նույն քոլեջի ուսանող Գագիկ Վարդանյանին, որը հայտնի էր որպես վարձ չվճարող ուսանող: Մեր հոդվածի տպագրության օրը Վարդանյանը հապճեպ վազել է քոլեջ եւ մուծել ուսման վարձը, ապա ետ վերցրել իր ուսանողական գործերը, դիմումն էլ մակագրել տվել տնօրենի մրցույթից մեկ օր առաջվա ամսաթվով:



Մենք փորձեցինք պարզել քոլեջների հետ կապված նախապատմությունը: Մեր տեղեկություններով՝ այս գործընթացը սկիզբ է առել դեռեւս 2009 թվականի հոկտեմբերին, երբ ֆինանսների նախարարությունը գյուղնախարարությանը ստուգելու հետքերով հասել է մինչեւ կրթական ոլորտ: Վերոնշյալ քոլեջներում կատարված ստուգումների արդյունքում փոքր խախտումներ են հայտնաբերվել, ասենք՝ ուսանողների քանակի հետ կապված մեկ-երկու թվի խախտում: Այս մասին հայտնել են նախարարությանը, իսկ տնօրեններին ոչինչ չեն ասել, նույնիսկ սխալները շտկելու հնարավորություն չեն տվել: Դեկտեմբեր ամսին տնօրեններին կանչել են նախարարություն՝ խորհրդակցության, որտեղ էլ հայտնել են, թե ֆինանսական մասով խնդիրներ կան: Նրանց թեեւ զարմացրել է լուրը, սակայն կարողացել են բացատրություններ ներկայացնել ու հիմնավորել, որ հայտնաբերված խախտումներն իրենց մեղքով չեն: Առարկություններն ընդունվել են նախարարությունում, ավելի ճիշտ՝ հետեւանքներ չեն հաջորդել:



Տնօրեններին էլ  թվացել է, թե կարողացել են ապացուցել իրենց անմեղությունը: Սակայն նախարարությունը, առանց վերջիններիս տեղյակ պահելու, դիմել է դատախազություն, որտեղ էլ հրավիրվելուց հետո Ալավերդյանի զոհերը պահանջել են ցույց տալ իրենց խախտումները: Դատախազությունն այն ուղարկել է  անկախ փորձաքննության, սակայն մինչ օրս չկա դատախազության եզրակացությունը: Բայց այս հանգամանքը չի խանգարել, որ նախարարությունը հապճեպ լուծի տնօրենների ազատման հարցը: Նախ կանչել են տնօրեններին ու հորդորել ինքնակամ ազատման դիմում գրել, խոստանալով "փակել" խախտումների թեման, սակայն տնօրենները չեն համաձայնել, ինչն էլ Գերասիմ Ալավերդյանին խիստ զայրացրել է:



Հունիսի 30-ին առանց աջ ու ձախ նայելու ստորագրել է նրանց ազատման հրամանները, իսկ հուլիսի 2-ին չարաբաստիկ լուրը նախարարության իրավաբանական բաժնի մի չորրորդական աշխատողի միջոցով հայտնել են  տնօրեններին: Վերջիններս էլ, բացի Նոր Գեղիի քոլեջի տնօրենից, դիմել են դատարան, ինչն էլ հունից հանել է Ալավերդյանին: Նա կրկին ռեւիզորներ է ուղարկել քոլեջներ՝ հրահանգելով ստուգել ամենայն մանրամասնությամբ, այնքան, մինչեւ "մի կեղտ" բռնեն, սակայն, տեսնելով, որ այդ ճանապարհով էլ բանի չեն հասնելու, սպառնացել են, թե գործ կսարքեն, եթե դատարանից գործերը հետ չվերցնեն: Այս եռյակն էլ, վախենալով նոր շառից, գործերը ետ է վերցրել, եւ այդ ժամանակ մրցույթ է նշանակվել, իսկ "անաչառ" մրցույթի արդյունքում տնօրենների տեղերը զբաղեցրել են նոր անձինք: Ինչ վերաբերում է Նոր Գեղիի քոլեջի տնօրենին, նա հասցրել է բանակցություններ վարել եւ իր փոխարեն որդուն տնօրեն "նստեցնել", այդ պատճառով էլ բողոքավորների պայքարին չի միացել:



Ընդ որում, ասում են՝ ամենից շատ խախտումը հենց այս քոլեջում է գրանցվել: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Գերասիմ Ալավերդյանի այս "քաջագործությունը" հայտնվել է կառավարության ուշադրության կենտրոնում: Կառավարության  վերահսկողության ծառայությունն այժմ ստուգումներ է իրականացնում այդ քոլեջներում՝ բացահայտելու համար տխրահռչակ մրցույթի օրինականությունը: Եթե պարզվի, որ նախարարությունը օրենքի շրջանակներում չի գործել, հնարավոր է չեղյալ հայտարարվեն Գերասիմ Ալավերդյանի մոտ մեկամյա ջանքերը:



ՀԳ-Հոդվածը պատրաստելու համար մենք երկու օր շարունակ փորձում էինք ստանալ գյուղնախարարության մեկնաբանությունները, սակայն այստեղ մերժում էին, թե՝ պատասխանատուները զբաղված են: Վերջապես Գերասիմ Ալավերդյանը համաձայնեց մեզ մեկնաբանություններ տալ: Վաղվա մեր համարում կներկայացնենք գյուղնախարարի տեսակետը: