Մենակ` 182 տարիների հետ

Մենակ` 182 տարիների հետ
Երկու օր առաջ ներկա գտնվեցի մի խոսակցության, որը, կարծում եմ, այս օրերին այս կամ այն կերպ, բայց շոշափվում է շատերի կողմից: Թեման էր, ավելի ստույգ` հարցը. արդյո՞ք ճիշտ է Վանի Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատարագին մասնակցելը: Մինչ այդ էլ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում գտնվող հարցի անդրադարձներին, ասուլիսներում հնչող կարծիքներին ականջալուր եմ եղել, բայց վերը նշված խոսակցությունը լուրջ մտորելու առիթ տվեց: Գուցե պատճառն այն էր, որ հարցը կոնկրետ ուղղվեց ինձ. "Տիկին Խոդիկյան, դուք կգնայի՞ք...":



Մինչ այդ իմ լսած կամ կարդացած հոդված-հարցազրույցներում կողմ ու դեմ արտահայտվողները հիմնականում խոսում են ընդհանրացված, ավելի հաճախ հնչում է "մենք", "մեր ժողովուրդը", "մեր պատմությունը", "մեր շահերը"... Թեեւ պատասխանն իմ մեջ կար, բայց խնդրեցի ժամանակ տալ այդ պատասխանիս ճիշտը` չգիտեմ, բայց արդար հիմնավորումը տալու համար: Թող ասածս պարզունակ չընկալվի, գնալ-չգնալու հարցը նեղացրի այնքան, մինչեւ մնացինք ես ու սեպտեմբերի 19-ը: Ու երբ մնացինք դեմ դիմաց, առանց քաղաքական կամ ազգային գլոբալ հարցադրումների, առանց "պահի կարեւորությունը" գիտակցելու անհրաժեշտությանը պարտադրված` "աչքս պարզվեց, միտքս զուլալվեց, պատասխանս գտնվեց":



Ես ունեցել եմ Երկիր` նախնիներիս հանգրվանը` Կարինը: Իմ գերդաստանը ազնիվ տքնանքով ապրել-արարել է իր հողի վրա: Գաղթել են տվել: Միակ հիշատակը մեր տան երկաթե բանալին է, որ մերոնք հետներն են վերցրել` որպես վերադարձի հույս: 1828-ից մինչեւ հիմա երկաթե բանալին վերադարձի հո՞ւյս... Ո՞վ զրկեց ինձ իմ Կարինից: Ո՞վ ստիպեց բռնել գաղթի ճամփան: Ու թող պապանձվի նրա լեզուն, ով կփորձի ասել, որ 182 տարին մոռացման ենթակա է: Ով կփորձի ապացուցել, որ հողի ու հորիզոնի հիշողությունը խամրում է 182 տարի հետո: Ով չի փորձի հասկանալ իմ ցավն ու գոնե ուշացած, բայց չի ապաշխարի կատարած հանցանքի համար: Իմ Կարինի ո՞ր մեկ խոնարհված եկեղեցու պատերն են վերականգնել ու խաչը վերադարձրել:



Անպատվված մատուռների, անհովիվ վանքերի ավերված խորանների նվաստացումը ինչո՞վ կփոխհատուցվի, ի՞նչ մի դիվանագիտությամբ կամ քաղաքական սառը հաշվարկով: Կամ թե` գաղթի ճամփաներին մնացած ո՞ր մի կարինցու անմեղ հոգին է հանգիստ գտել հանցանքն ընդունած մեղսագործի հոգու աղաղակից: Իմ ցավն ու վիրավորանքը 182 տարվա պատմություն ունեն, իմ հիշողությունը 182 տարի չի թողնում պարզ աչքով նայեմ Կարինս բանտարկած հողատարածքին: Ու ես այդքանից հետո, 182 տարիների ցավից ու կարոտից հետո մեկօրյա տուրիստի կարգավիճակով (բայց ոչ որպես ուխտավոր) պիտի կարողանամ գնալ թանգարան անվանված, անխաչ, անհովիվ տեղը, որն Աստծո կողմից օծված իմ եկեղեցին է` խաչով ու հավատով, ու մասնակցել ներկայացման, որին իրենց հատուկ արեւելյան հումորով "պատարա՞գ" են անվանել... Դեղատոմս չեմ առաջարկում, խորհուրդ տալուց էլ միշտ խուսափել եմ, բայց սեպտեմբերի 19-ի համար տուրիստական տոմս գնողը մինչեւ տոմսը ձեռքն առնելը գոնե մի պահ մենակ մնա իր հիշողության հետ, լինի դա 182 տարի կամ 1915 թվական:



Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ