Պատվո բլուրը եւ անպատվության փոսը

Պատվո բլուրը եւ անպատվության փոսը
Երեկ, մինչ Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները կայցելեին Գյումրի՝ ներկա գտնվելու "Պատվո բլրի" վերաբացման արարողությանը, առավոտ կանուխ տրանսպորտի եւ կապի նախարարության առաջին հարկում գտնվող "Հայփոստի" բաժանմունքում երկու երկրների տրանսպորտի եւ կապի նախարարներ Մանուկ Վարդանյանը եւ Իգոր Լեւիտինը մասնակցում էին "Պատվո բլուր" նամականիշի մարման պաշտոնական արարողությանը։



"Պատվո բլուրը" 19-րդ դարի ռուս"թուրքական պատերազմների ընթացքում զոհված 156 ռուս սպաների գերեզմանոցն է, որի հարեւանությամբ հետագայում կառուցվեց ռուսական ուղղափառ եկեղեցի։ 20"րդ դարում եկեղեցին վերածվեց հայ"ռուսական բարեկամության թանգարանի, իսկ գերեզմանոցի տարածքում կառուցվեց մանկական հիվանդանոց։ Մեկ տարի առաջ սկսվեցին հուշարձանի վերականգնման աշխատանքները՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի նախաձեռնությամբ, երկու երկրների ղեկավարների աջակցությամբ եւ այդ նպատակով ստեղծված "Պատվո գործ" բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Խորհրդանշական է, որ "Պատվո բլրի" բացման արարողությունը կայացավ Դմիտրի Մեդվեդեւի պաշտոնական այցի շրջանակներում, որի գլխավոր նպատակն է ռուսական ռազմական բազայի պայմանագրի երկարացումը։



Ինչպես մեր օրերում ռուսական ռազմական ուժերի ներկայությունը Հայաստանի տարածքում ներկայացվում է իբրեւ "Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովում", այդպես էլ վերոհիշյալ պատերազմները պատմության սովետական դասագրքերում ներկայացված էին իբրեւ բարեկամական օգնություն, որ տրամադրում էր ցարական Ռուսաստանը  ազգային"ազատագրական տրամադրություններով բռնկված հայ ժողովրդին։ Թե ինչ դերակատարում ունեցավ Ռուսաստանը այդ պայքարում եւ դրան հաջորդած եղերական իրադարձություններին, նույնպես գիտենք։



Եվ այս տեսանկյունից պակաս խորհրդանշական չէ այն, որ Մեդվեդեւը նախքան իր այցելության բուն նպատակին անցնելն ու "Պատվո բլրի" բացմանը ներկա գտնվելը այցելեց Ծիծեռնակաբերդ։ Կարելի է ասել, որ Ռուսաստանի նախագահի այցը հագեցած է խորհրդանշական ժեստերով, որոնք  ռուսական գաղութատիրական քաղաքականությունը փորձում են տեղափոխել նաեւ սիմվոլիկ տիրույթ։ Իմաստ չունի ասել, որ ցանկացած հուշարձան սիմվոլիկ տիրույթի երեւույթ է։ Այդպես, հուշարձանի ավերումը եւ կազմաքանդումը (երեւույթ, որ լայն տարածում ուներ ԽՍՀՄ փլուզումից հետո ողջ հետսովետական տարածքում) շատ նման է "դուրսմղման" պրոցեսին հոգեբանության մեջ, երբ մարդը փորձում է մոռանալ իր ստացած տրավման։ Հուշարձանի կառուցումը կամ վերակառուցումը համարժեք է հակառակ պրոցեսին, որը հանգեցնում է սեւեռունության նեւրոզի։



Իհարկե, մարդիկ միայն ստացած տրավմաների վրա չեն սեւեռվում, եւ հուշարձաններն էլ կառուցվում են կարծես թե ավելի շատ հաղթանակների պատվին։ Հարցն այն է, թե որ եւ հատկապես ում հաղթանակն ես դու համարում քոնը։ Գաղութարարությունը սովորություն ունի ոչ միայն իր էքսպանսիան ներկայացնելու իբրեւ ազատագրում, այլեւ իր հաղթանակները ներկայացնելու իբրեւ գաղութացված ժողովուրդների հաղթանակ։



Այս օրերին, կապված Ռուսաստանի նախագահի այցի հետ, առանձնակի աշխուժությամբ են քննարկվում գաղութատիրության ու հայ"ռուսական տարօրինակ բարեկամության թեմաները։ Տարօրինակ այնքանով, որ այն ավելի քիչ բարեկամություն ու գործընկերություն է հիշեցնում եւ ավելի շատ՝ անպատասխան սեր, երբ սիրահարը տանջում է իրեն կասկածներով, թե արդյո՞ք ճշմարիտ սիրով է սիրում իրեն սիրո օբյեկտը, որքանո՞վ են անկեղծ նրա խոսքերը, եւ արդյո՞ք իրեն չի օգտագործում մյուսների հետ ֆլիրտ անելու համար։ Կասկածամիտ ու նեղացկոտ սիրահարին սիրո ապացույցներ են պետք, եւ այդպիսի մի ապացույց էլ Գյումրիում վերաբացված "Պատվո բլուրն" է։ Դա սիրո խոստովանություն է, որում սիրո օբյեկտը ոչ թե ինչ"որ քայլեր է ձեռնարկում իր սերը ցուցադրելու համար, այլ իբրեւ սիրո ապացույց բերում է անցյալում կատարած իր "զոհողությունները"։



Այդ հուշարձանը պետք է որ մեզ հիշեցնի սովետական դասագրքերից ստացած մեր "առաջնային" գիտելիքը եւ մեղմի հետագայում այդ գիտելիքը կասկածի տակ առնելու արդյունքում առաջացած հակասական զգացումները։ Այն պետք է անփոփոխ պահի ռուսահայի մեր ինքնությունը, որ ձեւավորվել է նույն այդ պատերազմների արդյունքում։ Այն պետք է համակի մեզ անհուն շնորհակալական զգացումով սիրո օբյեկտի հանդեպ, որ առհասարակ արժանացնում է մեզ ուշադրության եւ այցելության։ Ու պետք է փորձի հնարավորինս լայն փակել մեր աչքերը իրականության առաջ, որում մեր սիրո օբյեկտը ազատորեն ֆլիրտ է անում մեր իսկ հակառակորդի հետ։



Նման դեպքերում միշտ օգնության են հասնում ժողովրդական առածները, որոնցից մեկն ասում է՝ "Սերը կույր է", մյուսը՝ թե "Սերն աթարին էլ է կպչում"։ Բայց արդյո՞ք այդքան անհույս սիրահար ենք, որքան ներկայացնում ենք մեզ։ Իմ շրջապատում չկա ռուսամետ կամ ռուսասեր մարդ, եւ չկա մեկը, որ մեր ազգային արժանապատվությունը նվաստացած չհամարի Ռուսաստանի տնտեսական եւ մշակութային էքսպանսիայից։ Միգուցե իմ շրջապատի յուրահատկությո՞ւնն է,- մտածեցի ու դուրս եկա փողոց՝ փոքրիկ սոցհարցում անցկացնելու պատահական անցորդների, շուկայում միրգ ու բանջարեղեն վաճառողների, խանութպանների եւ այն մարդկանց շրջանում, որոնց ընդունված է անվանել ժողովուրդ եւ համարել քաղաքականապես անգրագետ։



Թերթերը գրում են, որ հայ ժողովուրդը ոգեւորվել է Ռուսաստանի նախագահի այցից։ Ձեզ այն ուրախացրե՞լ է։ Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ ռուսական ռազմական բազան շարունակելու է մնալ Հայաստանում իբրեւ Հայաստանի անվտանգության երաշխիք. այս եւ նմանատիպ հարցեր էի տալիս տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր մարդկանց։ Ես չեմ սղագրի նրանց կարծիքները, որովհետեւ նրանք չցանկացան ներկայանալ եւ չասացին մի բան, որ ընթերցողը չգիտի։ Ինձ հանդիպած տասը մարդուց ոչ մեկը չարտահայտեց սեր ոչ Մեդվեդեւի, ոչ Ռուսաստանի հանդեպ։ Հնչում էին միայն քննադատական կարծիքներ, կար անվստահություն ռուսական քաղաքականության նկատմամբ, եղան անգամ անեծքներ։ Միայն մի կին ասաց. "Ուրախ եմ, իհարկե ուրախ եմ, մարդը եկել ա մեր երկիր, թող գան-գնան, թող Ալիեւն էլ գա, Գյուլն էլ, տո Սարկոզին էլ... Է՞լ ով կա։ Թող շփվեն իրար հետ, ոնց որ հիմի ես ու դու ենք շփվում։ Ի՞նչ վատ ա որ"։



Ինձ համար հասկանալի չէ մի բան՝ թե ինչու են հայաստանյան ԶԼՄ"ները կարծիք ստեղծում, թե ժողովուրդը ռուսասեր է եւ համարյա պատրաստ է իր հայրենիքը տեսնել Ռուսաստանի կազմում։ Ես չտեսա ժողովուրդ, որ ոգեւորված լիներ Մեդվեդեւի այցից, ավելի շուտ՝ հակառակը։ Հավանաբար ոգեւորվել էին միայն ֆիլատելիստները, որովհետեւ նրանց հավաքածուն արդեն կարող է համալրվել եւս մեկով՝ "Պատվո բլուր" նամականիշով։