Ռուսիո կայսեր հայտնությունը հայ ժողովրդին

Ռուսիո կայսեր հայտնությունը հայ ժողովրդին
Մեդվեդեւը եկավ: Կրկին: Առաջին անգամ եկել էր պաշտոնական այցով, 2008-ին: Այս անգամ այցը պետական է, որը լինում է մեկ անգամ ու ամենաբարձր մակարդակն է համարվում: Մինչ օրս հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ պետական այցեր տեղի չեն ունեցել:



ԵԿԱՎ, ԻՋԱՎ, ՍԱՅԹԱՔԵՑ



Ըստ երեւույթին, նախորդ դարի օրհնությունն ուժը կորցրել է, ու մերոնք ուշադիր չեն գտնվել, որ կաթողիկոսին տանեն, նորից օրհնել տան ռսի ոտը, ուստի դեռ ինքնաթիռի շարժասանդուղքին սայթաքել է: Բայց ինչպես կասեն գյումրեցիները՝ ըդիկ կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Մեդվեդեւի այս այցելությունը ամենաբարձրն է, ուստի, ինչպես ռուսն է ասում՝ "жди беды":



Որովհետեւ եթե նախորդ այցելությունից հետո տեղի ունեցավ պետերբուրգյան հանդիպումը, որն ըստ Նալբանդյանի՝ "անցավ կառուցողական մթնոլորտում", ու ինքը ստացավ հանձնարարական՝ "շարունակել շփումները" Ադրբեջանի հետ, ապա երեկ Մեդվեդեւն ասաց, որ ամոթ չի զգում այն աշխատանքի համար, որ Ռուսաստանը կատարում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Շահագրգիռ լրագրող էլ չկար, որ հարցներ, թե ինչպե՞ս կմեկնաբաներ "Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է ՌԴ ձեռքում" Տեր-Պետրոսյանի հայտարարությունը: Այնպես որ, ստիպված ենք բավարարվել պաշտոնական տեղեկատվությամբ ու որպես օրհնություն "ունդունել" նրա պատճառած կենցաղային անհարմարությունները:



ԳԼՈՒԽԴ ԱԼԵՀԵՐ ՔԱՋԱԾԻՆ ՄԱՍԻՍ, ԴՈՒ ԷԼ ԽՈՆԱՐՀՎԻՐ, ՄԵԴՎԵԴՆ Է ԳԱԼԻՍ



Արդեն երկու օր է՝ Երեւանի բնակչությունը դիվադադար է եղել: Ինչպես նախօրեին, այնպես էլ երեկ քաղաքի կենտրոնական փողոցները պարբերաբար փակվում էին, տրանսպորտի երթուղիները տարերայնանում, առաջանում էին խցանումներ: Երեւանյան տապին գերբեռնված երթուղային տաքսիներում ժամերով չարչարվող մարդիկ եթե առաջին օրը մի կերպ հանդուրժում էին անհարմարությունները, երեկ արդեն տրտնջում էին: Բայց երեկ ալեհեր մի կին Մեդվեդեւի այցը քննարկող երթուղային հասարակությանը նախատեց, թե. "Ի՞նչ է եղել, դիմացեք, կարելի է խոնարհվել այդ մարդու առաջ": Երեկ քաղաքի կենտրոնը կրկին կաթվածահար եղավ, երբ եկավ ՀԱՊԿ երկրների նախագահների Կասկադ ժամանելու պահը:



Թամանյանի արձանի շուրջբոլորն այնքան ոստիկաններ, կագեբեշնիկներ ու թիկնազորի անդամներ կային, որ ամեն մի անցորդի տարածքից քշելու համար ամբողջ մի խումբ էր "աշխատում": Հասկանալի է, իհարկե, որ անվտանգության ծառայությունն իր սովորական գործով է զբաղված, բայց այլ հարց է, թե ինչպես է զբաղված: Հերիք չէր, որ խաչմերուկներում վնգստացող ՃՏՈ մեքենաներից անտանելի գռհեկություն ու ագրեսիա էր հորդում խեղճ վարորդների հասցեին, մի բան էլ "ռեգուլիրովշչիկներն" էին շրջանցում հաբռգածներին ու մոտենալով "Ժիգուլիների" ու սովետական այլ մեքենաների, նաեւ երթուղայինների վարորդներին, նվաստացնելով, հայհոյելով ու վիրավորելով, պահանջում էին մի կողմ քաշվել ու կանգնել:



Հետիոտներով զբաղվում էին տոնական, ճերմակ  հագուստներով ու կեղտոտ  հոգիներով "մենթերն" ու հրմշտելով եւ վիրավորելով` պահանջում շարժվել ցցված մատների ուղղությամբ: Կասկադի պուրակի երկու կողմերում բնակելի շենքերի շքամուտքերը փակվել ու դրվել էին խիստ հսկողության տակ: Բնակիչներից մի կին ծանր պայուսակներով ուզում էր գնալ տուն, բայց չէին թողնում: Կինը սկսեց ճչալ ու հայհոյել հային էլ, ռսին էլ, ուզբեկին էլ, էս ծուռ աշխարհն էլ: Միգուցե մեր ներկայությունը զսպեց Կրակեմ Հրաչի աչալուրջ հայացքի ներքո նրա գլխին թափված թիկնազորի անդամներին, որ ի վերջո թողեցին  գնա տուն: Բայց գլխին երկու ոստիկան կարգեցին, որ ուղեկցեն մինչեւ շքամուտք: Ի դեպ, ծանրոցները չզննեցին:



Մեզ հաջողվել էր հասնել մինչեւ Կասկադի դուռը, բայց հենց այդտեղ էլ վրա հասավ թիկնազորի պետերից մեկն ու կասեցրեց հայ լրագրողների առաջխաղացումը: Այլազգի լրագրողներ եկան այդ պահին, ու թիկնազորի տղաների մի խումբ լայնաժպիտ ապահովեցին նրանց մուտքը Կասկադ: Իսկ մեզ համար կանչեցին նախագահականի լրատվական վարչության աշխատակցին, պարզեցին, որ ցուցակում չկանք, եւ ուղեկցեցին մինչեւ Մոսկովյան փողոց: Այնտեղ էլ սպիտակազգեստ մենթը հարձակվեց մեզ վրա ու կատաղածի համառությամբ պահանջեց լքել տարածքը: