Դավիթ Հարությունյանի վերջին աճպարարությունը

Դավիթ Հարությունյանի վերջին աճպարարությունը
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, պարզվում է, ոչ միայն փորձում է հայկական կոնյակի բույրով "արբեցնել" ու Արարատի պատկերով նկարներով "կուրացնել" Հայաստանի իշխանությունների հարցերով զբաղվող ԵԽԽՎ ներկայացուցիչներին, այլեւ անցել է տարբեր աճպարարությունների: Օրինակ, արդեն ընդդիմության անունն է օգտագործում ԵԽԽՎ-ում՝ Հայաստանի  իշխանության հանդեպ  ԵԽ բարեհաճությունն ապահովելու համար:



Հայտնի է, որ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներից է Հայաստանի ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Ուստի Դավիթ Հարությունյանն իր կաբինետում մի երկու հոգու հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթ է մշակել՝ երկու նախագիծ ու ողջ ԱԺ անունից ուղարկել է Վենետիկ՝ ԵԽ-ում հավաստիացնելով, որ դա նաեւ ընդդիմության տեսակետներն է ներառում եւ համաձայնեցված է նրա հետ: Սակայն երբ ժամանակ առաջ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ անդամները հանդիպել են ընդդիմության ներկայացուցիչների հետ, պարզվել է, որ դա աղերսներ չունի իրականության հետ, եւ ՀՀ իշխանությունը խեղաթյուրել է իրականությունը. ոչ խորհրդարանական, ոչ արտախորհրդարանական ընդդիմությունը տեղյակ չէ ինչի մասին է խոսքը: Ընդ որում՝ ՀՀ իշխանությունն իր քայլերը գաղտնի է պահել է եւ այդ մասին հայտարարել է միայն Վենետիկ ուղարկելուց հետո:



ՀԱԿ-ում մեր հարցումները պարզեցին, որ տեղյակ չէին ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Արտախորհրդարանական ուժերից մեկի՝ Կոնգրեսի հետ Դավիթ Հարությունյանի երկնած նախագծերը չեն քննարկվել: Վենետիկ ներկայացված նախագծերը չեն քննարկվել նաեւ խորհրդարանական ընդդիմության հետ: Ավելին՝ "Ժառանգության" ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ "Ժառանգությունը" ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ներկայացուցիչներին հստակ հայտարարել է, որ ՀՀ իշխանության ներկայացրած նախագիծը չի քննարկվել իրենց հետ, իրենք որեւէ համաձայնություն չեն տվել դրան: Նշենք, որ հունիս ամսին խորհրդարանը մերժեց "Ժառանգության" ներկայացրած Ընտրական օրենսգրքի բավական ծավալուն փաթեթը, որը քննարկվեց արտահերթ նստաշրջանի ընթացքում՝ հրատապ ընթացակարգով: Մերժված տարբերակում ներառվել են նաեւ Դաշնակցության առաջարկները, եւ այն երկու խորհրդարանական ուժերի անունից գնացել է նախ ԵԱՀԿ, ապա՝ Վենետիկ: Ուղարկվել է ԵԱՀԿ-ին, որ այն ուղարկվի Վենետիկի հանձնաժողովին:



Իշխանության ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողով ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխության պարունակությունը դեռ չի հրապարակվել ԱԺ կայքում. այն ժամանակ առաջ է գաղտնազերծվել եւ դեռ չի դրվել շրջանառության մեջ: Չնայած աղմուկից հետո բաժանվել է խմբակցություններին: Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ դեմ են այդ նախագծին, այն իր մեջ պարունակում է "Ժառանգության" համար անընդունելի կետեր: ԱԺ ներկա օրակարգում է ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանի հեղինակած առաջարկությունը, որով առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել, որ "կուսակցության ընտրական ցուցակներով ընտրված թեկնածուների, բացառությամբ ցուցակի առաջին երեք համարների, հասանելիք մանդատները տրվում են առնվազն մեկ տարի ժամկետով՝ պարտադիր պատգամավորական գործունեությամբ զբաղվելու համար": Լյովա Խաչատրյանն իր առաջարկը հիմնավորել է հետեւյալ կերպ. "Ներկայացուցիչների պալատի ինստիտուտի բացակայության պայմաններում կապահովվի բոլոր տարածաշրջանների ներկայացուցչությունը խորհրդարանում": Խոսքը թերեւս նաեւ Ապարանի տարածաշրջանների ներկայացուցչության մասին է: