Էլի մի քանի մանր լուրեր` Մեդվեդեւի այցի հետ կապված

Էլի մի քանի մանր լուրեր` Մեդվեդեւի այցի հետ կապված
Որոշ տեղեկություններով՝ Մեդվեդեւի այցի ընթացքում  Սերժ Սարգսյանը փորձել է լուծել իր քաղաքական ապագայի, մասնավորապես երկրորդ "սռոկի" ընտրության հարցը: Դրա համար անհրաժեշտ է եղել համոզել ՌԴ նախագահին, որ Ռուսաստանն ապագայում եւս որեւէ խնդիր չի ունենա Հայաստանում՝ այնպես, ինչպես Քոչարյանի օրոք է եղել: Նույն աղբյուրները նշում են, որ Ռուսաստանի մասով վերընտրության դաբրոյի հարցը լուծված է: Սրանով նաեւ գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ բացառվի  Ռոբերտ Քոչարյանին Ռուսաստանի կողմից քաղաքական աջակցության հնարավորությունը: Հայտնի է, որ այս օրերին Բատկան՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկու օր անցկացրել է Քոչարյանի հետ: Իսկ Լուկաշենկոյի եւ Մեդվեդեւի հարաբերությունները գնահատվում են լարված:







ՌԴ նախագահ Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի թիկնազորի անդամների միջեւ վեճ է առաջացել: Մեր հավաստի տեղեկություններով` Մեդվեդեւի թիկնազորի անդամները դժգոհել են Սարգսյանի թիկնազորի աշխատելաոճից ու նրանց մեղադրել իրենց գործը բարդացնելու եւ ոչ պրոֆեսիոնալ գործողությունների մեջ: Նույնիսկ սպառնացել են իրենց ԱԳ նախարարության միջոցով նոտա հղել Հայաստանին: Սերժ Սարգսյանի թիկնազորի առավել փորձառու ու ստաժավոր անդամներին հաջողվել է "ռազբորկայի" միջոցով հարթել վեճն ու համոզել, որ ռուսները չբարդացնեն հայ-ռուսական հարաբերությունները:







Երեկ մայրաքաղաքի կենտրոնական փողոցները կրկին կաթվածահար էին: ՌԴ նախագահի պետական այցով եւ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովով պայմանավորված՝ դրանք ժամանակավորապես փակվել էին: Փողոցներում վխտում էին ձայնային ազդանշաններն ու թարթիչները միացրած ոստիկանական մեքենաները՝ շփոթված վարորդներին բարձրախոսներով հրահանգներ տալիս: Հատկապես ժամը 11:30-12:00-ի սահմաններում կաթվածահար էր ողջ Բաղրամյան պողոտան, իսկ Պռոշյան փողոցում խցանված մեքենաների ծայրը չէր երեւում: Երթուղային տաքսիներում ու ավտոբուսներում ինչ-որ տեղ շտապող մարդիկ՝ ջղաձիգ ու նյարդայնացած, վարորդներին հարցնում էին, թե որ փողոցով պետք է քշեն: Խեղճացած վարորդներն էլ պատասխանում էին, թե՝ հասնենք Բաղրամյան, կասեն: Փաստորեն, բարձրաստիճան հյուրերին ընդունելու համար մայրաքաղաքի փողոցները փակելու գործը հաջողությամբ կատարած ճանապարհային ոստիկանները երթուղայիններին փոփոխված երթուղիների մասին չէին տեղեկացրել, ինչի հետեւանքով էլ խառնաշփոթ էր ստեղծվել: Մինչդեռ նորմալ երկրում նախապես կտեղեկացնեին, թե որ փողոցներն են փակվելու եւ ինչ շրջանցող ճանապարհներով կարելի է հասնել ուզածդ վայրը: