ՀԱՊԿ-ը որպես զսպաշապիկ

ՀԱՊԿ-ը որպես զսպաշապիկ
Երեկ մեկնարկեց ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանդիպումը Հայաստանում:  Աշխատանքային քննարկումները տեղի կունենան Երեւանում եւ Սեւանի "Հարսնաքարում": Գագաթաժողովի օրակարգում տարածաշրջանային անվտանգության խնդիրներ են: Շեշտը դրվել է Ղրղզստանի հարցի վրա: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ պայմանագիրը կնքել են  Հայաստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները 1992 թվականի մայիսի 15-ին, Տաշքենդում: 1993-ին պայմանագրին միացել են Ադրբեջանը, Վրաստանը եւ Բելառուսը: 1994 թվականին պայմանագիրը մտել է ուժի մեջ՝ հինգ տարով,1999-ին Ադրբեջանը, Վրաստանը եւ Ուզբեկստանը դուրս են եկել ՀԱՊԿ-ից, 2006 թվականին Ուզբեկստանը նորից է միացել կառույցին: Ի դեպ, այդ երկրի նախագահը չի եկել Երեւան: Վերլուծաբանները թեպետ հավաստիացնում են, որ ՀԱՊԿ-ը կարող է հանդես գալ որպես զսպաշապիկ, եթե Ադրբեջանը որոշի ռազմական գործողություն սկսել Ղարաբաղի դեմ, բայց դա ընդամենը ենթադրություն է:



Ղարաբաղը չի հանդիսանում Հայաստանի մաս, այն դիտարկվում է որպես առանձին, չճանաչված, սեպարատ տարածք, ու ՀԱՊԿ կանոնադրությամբ անդամ երկրները պարտավոր չեն պաշտպանել Ղարաբաղը, հատկապես, որ չեն էլ ճանաչել ԼՂ անկախությունը: Այլ բան է, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա: Բացի այդ, ԱՊՀ երկրներից միայն 7-ն է կազմակերպության անդամ, որոնց հետ Հայաստանն ընդհանրապես չունի սահմաններ: Չնայած պայմանագրի 4-րդ կետով՝ անդամ պետությունները պարտավոր են պաշտպանել այն երկրի սահմանները, որի նկատմամբ ՀԱՊԿ-ից դուրս գտնվող այլ երկիր ծավալում կամ սպառնում է կիրառել ռազմական գործողություններ: