Ցնծա բյուրվիշապ, դարձանք Ռուսաստան

Ցնծա բյուրվիշապ, դարձանք Ռուսաստան
Մեդվեդեւի այցելությունից դիվադադար եղած Երեւանը մտավ բնականոն հուն, սակայն ակտիվ հասարակությունը դեռ քննարկում է Ռուսիո կայսեր այցի ընթացքում ու ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովում արծարծված հարցերի հետեւանքները՝ Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական զարգացումների վրա: Բայց մինչ այդ հիշեցնենք, որ անկախ այն բանից, որ վերջին տարիներին  ռուսական կողմն անընդհատ հայտարարում էր, որ ՀԱՊԿ-ն բաց կազմակերպություն է եւ շահագրգռված է նոր քաղաքական սուբյեկտների անդամակցությամբ, առայժմ այդ կազմակերպության շրջանակում գրանցված միակ շարժը Ադրբեջանի ու Վրաստանի դուրս գալն էր:



Գաղտնիք ասած չենք լինի, եթե նշենք, որ Ռուսաստանին անհրաժեշտ էր պահպանել խորհրդային հանրապետությունների ֆորմատով վերահսկելի արվարձաններ հատկապես հարավներում, ու այդ մտայնությամբ էլ ձեւավորվեց ՀԱՊԿ-ն: Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը դասավորվեց այնպես, որ ՌԴ կայսրամոլությունը փոքր-ինչ նահանջեց, ու Այսրկովկասում նրա հսկողությունից դուրս եկան Ադրբեջանն ու Վրաստանը: Թեպետ այդ ընթացքում շատ խոսվեց այն մասին, որ Ադրբեջանի դուրս գալը պայմանավորված էր ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական գործոններով՝ նավթի բարձր գներով եւ ինքնուրույն վառելիքային քաղաքականություն վարելու հնարավորություն ձեռք բերելու նպատակով, բայց, որպես հիմնական պատճառ, նշվում էր ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծելու Բաքվի ձգտումը, քանի որ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ բացառվում են ռազմական գործողությունները նրա անդամների միջեւ:



Սա թեպետ վիճելի ենթադրություն է, բայց կարող է դիտարկվել որպես վարկած, քանի որ ՀԱՊԿ-ի կազմում լինելն Ադրբեջանի համար, այնուամենայնիվ, զսպաշապիկի նշանակություն կունենար, որովհետեւ ՌԴ-ի վերահսկողության տակ գործող կազմակերպության մեջ Հայաստանի հետ գտնվելը լուրջ գործոն է մեր հարեւանի ռազմատենչ  բնությունը զսպելու համար: Թեպետ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստը առանձնապես չվնասեց ոչ այդ երկրի, ոչ էլ Ռուսաստանի շահը կամ հեռանկարը: Մյուս կողմից էլ անգամ նույն կառույցի շրջանակում լինելու պարագայում Հայաստանը չի կարող ապավինել անդամ երկրների աջակցությանը, քանի որ Ղարաբաղը ոչ Հայաստանի մաս է, ոչ էլ ՀԱՊԿ անդամ, այլ անդամ երկրներից ոչ մեկի կողմից չճանաչված տարածք է, ավելին, շատերի կարծիքով, ադրբեջանական տարածք, ու նրանցից ոչ ոք ոչ կանոնադրությամբ, ոչ էլ հանուն Հայաստանի ղեկավարի սիրուն աչքերի չի պաշտպանի Ղարաբաղը, եթե Ադրբեջանը որոշի հարձակվել:



Ինչ վերաբերում է Ադրբեջան-ՌԴ հարաբերությանը, ապա այդ երկրները միմյանց հետ հարաբերվելու բազմաթիվ լծակներ, պատճառներ ու շահեր ունեն, հատկապես, որ Ադրբեջանի թիկունքին կանգնած է Թուրքիան, ու այդ երկրի հետ ՌԴ հարաբերությունները նույնպես շոշափում են Ադրբեջանի շահը: Նույն կերպ դժվար է խոսել Հայաստանի ու Ռուսաստանի մասին, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն երբեք կանգնած չի եղել Հայաստանի թիկունքին, այլեւ հավերժորեն մեր երկիրն օգտագործել է որպես մանրադրամ` տարածաշրջանում իր խնդիրները լուծելու եւ իր ներկայությունը կայուն պահելու համար: Պատմական օրինակներին չդիմենք, նշենք միայն 49 տարի 10 ամիս ժամանակով իր ռազմաբազայի ներկայությունն այստեղ հաստատելու փաստը, որ ասվածի վառ ապացույցն է:



Ընդ որում՝ այդ պայմանագիր կոչվածն այնքան ցինիկ գլուխ բերվեց՝ հանրությունը տեղեկացվեց միայն գործարքի նախօրեին, իսկ լուրը մատուցվեց ինչպես սուպերմարկետի էժանագին տրյուկ. ապրանքի իսկական արժեքից շեղելու ու շշկռցնելու նպատակով գրեցին ոչ թե կլոր գումարը, այլ մեկ-երկու ցենտով պակաս: Բայց սա էլ էական չէ, էականն այն է, որ ֆորպոստը կես դարով իրենով անելու երաշխիքներից բացի, Մեդվեդեւին անհրաժեշտ էր մթնոլորտ նետել մեկ այլ՝ մեր ներքին խնդիրներին անմիջական մասնակցություն ցուցաբերելու գաղափար:



Բայց մինչ այդ հիշեցնենք մեզ համար ամենակարեւոր՝ Ղարաբաղի հարցի մասին՝ ՀԱՊԿ եւ ՌԴ հետաքրքրությունների համատեքստում: Գագաթաժողովի եւ այցի շոուն լուսաբանելիս ձեռնասուն լրատվամիջոցները անթաքույց խանդաղատանքով էին ընդգծում Մեդվեդեւի իրադարձությունների կարեւորությունը: Նույնիսկ ասուլիսին հարց էին տվել՝ կպաշտպանի՞ ՌԴ-ն Ղարաբաղին, եթե Ադրբեջանը հարձակվի, եւ ստացել էին անորոշ պատասխան. “Մենք մտահոգված ենք Ղարաբաղի հարցով”: Բնական էր, որ ավելին պետք էլ չէր սպասել, որովհետեւ Մեդվեդեւը կյանքում որոշակի պատասխան չէր տա այդ մանկամիտ հարցին ու իր վրա չէր սեւեռի Ադրբեջանի ուշադրությունը: Փոխարենը Երեւանում գտնվելու օրերին ասել էր, որ անհրաժեշտ է փոխել ՀԱՊԿ կանոնադրությունը:



Այդ գաղափարը Մեդվեդեւի գլխում ծագել էր այն բանից հետո, երբ գագաթաժողովում քննարկել են Ղրղզստանի հարցն ու եկել այն եզրահանգման, որ իրենք՝ անդամ պետությունների ղեկավարները, ոչինչ չեն կարող անել Ղրղզստանում ներքին կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ, քանի որ կազմակերպության կանոնադրությունն իրենց թույլ չի տալիս: Կասկած անգամ չկա, որ եթե Մեդվեդեւն ասել է, ուրեմն ՀԱՊԿ կանոնադրությունը կփոխվի: Իսկ ի՞նչ է դա նշանակում կոնկրետ մեզ համար: Նշանակում է, որ եթե մինչ այդ մեր երկրի իշխանությունները ներքին հարցերը լուծում էին տիրոջ՝ մեծ պապայի դաբրոյով, բայց մեր բանակի միջոցով, սրանից հետո, եթե մեր երկրում, Աստված մի արասցե, գլուխ բարձրացնի քաղաքացիական ընդվզում, ինչպես օրինակ Ղրղզստանում, ու ժողովուրդը կամ ընդդիմադիր ինչ-ինչ ուժեր փորձեն իշխանափոխության գնալ հեղափոխական ճանապարհներով, իշխանությունն  արդեն կարող է ոչ միայն մեր բանակը մտցնել Երեւան, այլեւ ռուսական:



Եվ այդ գործողությունն արդարացված կլինի ՀԱՊԿ կանոնադրությամբ, որի հեղինակը Մեդվեդեւն է: Այսինքն՝ սրանով վերջնականապես կհայտնվենք Ռուսաստանի լծի տակ, որովհետեւ եթե մինչ այժմ Հայաստանի ռազմավարական կարեւոր նշանակության տնտեսական օբյեկտներն էին  պատկանում Ռուսաստանին, հիմա էլ ներքին կարգ ու կանոն հաստատելու իրավունքը նույնպես պատկանելու է նրան: Մեզ ի՞նչ է մնում, մի վերակացու, որն անպայման պիտի ենթարկվի ՌԴ նախագահի կամքին: Ժողովուրդն էլ պարտավորված կլինի ենթարկվել վերակացուի կամքին, այլապես ռուսական սահմանապահ ուժերը կարող են միջամտել ու հաստատել իրենց ուզած կարգ ու կանոնը: