Հարբած-քնածը

Հարբած-քնածը
Օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծ փողոցում 40-45 տարեկան քաղաքացի էր ընկած: Անցորդների պնդմամբ՝ քաղաքացին հարբեցող է: "Հարբած քնած ա",- ասում էին նրանք: Գուցե մարդը օգնության կարի՞ք ունի, շտապօգնություն կամ ոստիկանություն զանգե՞լ եք,- հարցրեցի մարդկանց: Պարզվեց՝ ոչ մեկին չեն դիմել, քաղաքացին 40 րոպեից ավելի ընկած է եղել գետնին, բայց ոչ ոք նրանով չի հետաքրքրվել` կենդանի է, թե մահացած: Անցորդները գտել էին, որ իրենց գործը չէ փողոցում ընկած քաղաքացուն օգնելը: Իսկ մոտակայքում լոտո վաճառող մարդը պատմեց, որ մարդը վայր է ընկել փողոցի հենց մեջտեղում՝ արեւի տակ, ոստիկաններն էլ նրան տեղափոխել են ծառի տակ ու հեռացել:



Հենց այդ պահին փողոցով անցնող ոստիկանին խնդրեցի օգնել քաղաքացուն ուշքի բերել, եթե պետք է, բժիշկ կանչել, սակայն նա պատասխանեց. "Իմ ի՞նչ գործն ա, ես ոստիկան եմ, կարող ա՞ տանեմ բաժին հարբած մարդուն, զանգի սկոռի՝ թող գա տանի": Մարդիկ, ընկածին տեսնելով, խուճապի էին մատնվում, երեխաները վախենում էին:  Զանգահարեցի շտապօգնություն: Մինչ ժամանած բժիշկները հիվանդին տեղափոխում էին շտապօգնության մեքենան, մի քանի մետրից լուսանկարներ էի անում: Դա դուր չեկավ ինձ մոտեցած ոստիկանին: "Հլա մի նկարի, գնա ստեղից",- ասաց նա եւ փորձեց խանգարել իմ աշխատանքը: Հիվանդանոցում պարզվեց, որ հիվանդը չափից շատ է օգտագործել ալկոհոլ, իսկ  վնասվածքներ ուներ, թե ոչ՝ կպարզվի հետազոտման ժամանակ:



Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ