Տեղի ունեցավ Մայր Աթոռի մանկատան շենքի բացման արարողությունը

Տեղի ունեցավ Մայր Աթոռի մանկատան շենքի  բացման արարողությունը
Սեպտեմբերի 2-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Սուրբ Գայանե վանքում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մանկատան շենքի բացման արարողությունը: Շենքը հիմնովին վերանորոգվել է լոնդոնաբնակ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ` ի հիշատակ հոգելույս տիար Ջորջ Քյուրքչյանի և նրա դուստր Մարինա Քյուրքչյանի:



Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շարքում մանկատան բացումը հերթական կարևոր ձեռնարկն է, որով Եկեղեցին որբախնամ գործունեություն կիրականացնի: Մանկատունը նախատեսված է կարիքավոր ընտանիքների և ծնողազուրկ 42 մանուկների և պատանիների համար, որոնք կուսանեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՙԷօրնեկյան՚ հանրակրթական դպրոցում, կհաճախեն Էջմիածնի Հայորդյաց տուն: Քյուրքչյան ընտանիքը Մայր Աթոռի մանկատան շենքի հիմնանորոգությունից բացի ստանձնել է նաև մանկատան հետագա գործունեության հովանավորությունը:



Ներկայությամբ Ջոն Քյուրքչյանի և նրա ընտանիքի, ինչպես նաև հոգելույս Ջորջ Քյուրքչյանի ընտանիքի անդամների, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանների հետ աղոթքով կատարեց շենքի բացման արարողությունը, որից հետո Նորին Սրբությունը Հայրապետական իր խոսքն ուղղեց ներկաներին. ՙԱստծո ողորմությամբ հաջողեցինք իրականացնել վերջին ցանկությունը Հայոց Եկեղեցու մեծ բարերարի` տիար Ջորջ Քյուրքչյանի, ով իր մահվան մահճում ցանկություն հայտնեց, որ Ս. Գայանե վանքին կից, ուր ամփոփված են իր ծնողաց աճյունները, կառուցվի մանկատուն` խնամատարելու մեր ազգի կարիքավոր զավակներին: Այսօր իրականություն է դարձել նրա փափագը և մենք, իր և եղբոր ընտանիքների ներկայությամբ, կատարում ենք մանկատան բացման արարողությունը՚:



Վեհափառ Հայրապետը, հրավիրելով ներկաներին աղոթք հնչեցնել բարերարի հոգու համար, նաև նշեց, որ որոշ ժամանակ անց այս հաստատությունից ներս ևս աղոթք պիտի բարձրանա առ Աստված Քյուրքչյան ընտանիքի համար, որը հայտնի է իր բարեգործ եկեղեցանվեր ոգով և շուրջ կես դար նվիրյալ կերպով, իր կարողություններով ու միջոցներով մշտապես զորավիգ է եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:



Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ջոն Քյուրքչյանը և Լոռա Քյուրքչյանը կտրեցին շենքի մուտքի ժապավենը, ապա բարերարները և ներկաները ծանոթացան շենքի պայմաններին: Բացման արարողության ավարտին Սուրբ Գայանե վանքի գերեզմանատանը Մայր Աթոռի բարերարներ Սարգիս և Աստղիկ Քյուրքչյանների շիրիմների կողքին ամփոփվեց նրանց զավակի` Ջորջ Քյուրքչյանի աճյունասափորը: Կատարվեց հոգեհանգստյան կարգ: