Կոալիցիայում լուսաբացները խաղաղ են

Կոալիցիայում լուսաբացները խաղաղ են
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր կյանքում մամուլի ասուլիս չի հրավիրել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին նրա հետ "ասուլիսային" լրագրողները, եթե անգամ ԱԺ միջանցքով անցնելիս զոհված էշի վերաբերյալ նրա հպանցիկ հերքումը օրվա թիվ մեկ լուրն է դառնում: Հասկանալի է, ուրեմն, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի փոխարեն ԶԼՄ-ների հետ պարբերաբար հարաբերվում նրա խոսնակ Խաչիկ Գալստյանը: Երեկ նա "Ազդակ" ակումբ էր եկել մի շարք հերքումներ բարձրաձայնելու եւ ներշնչելու լրագրողներին, որ իշխանական կոալիցիայի տարբեր ուժեր իրար չեն "ուտում", ինչպես պնդում է, օրինակ, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետիչը, եւ ներկուլիսային խմորումներ չկան. "Քանի որ կոալիցիան ամուր է եւ կուռ, քաղաքական այլ ուժեր իշխանության մեջ տեղ չունեն, իսկ նման խոսակցություններն ունեն մեկ նպատակ՝ ճեղքեր առաջացնել կոալիցիայի մեջ",- ասաց խոսնակը:



Այնուամենայնիվ, "Բարգավաճը" չի կարող չընդունել, որ ընտրություններին մոտենալով՝ մրցակցությունը կոալիցիոն ուժերի մեջ մի փոքր կսրվի: Չի բացառում, որ քաղաքական նոր ուժեր ձեւավորվեն: "Ընտրությունների նախաշեմին արդեն կքննարկվեն դաշինքներով կամ առանձին մասնակցությամբ հանդես գալու հարցերը: Իսկ այսօրվա դրությամբ ԲՀԿ-ն ունի բավարար ներուժ եւ ռեսուրսներ՝ միայնակ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին եւ բարձր ցուցանիշներ արձանագրելու",- ասաց Գալստյանը: ՀԱԿ-ի առաջիկա հանրահավաքի մասին մոդայիկ հարցն էլ տրվեց: Ի տարբերություն հանրապետական Գագիկ Մելիքյանի, որն ասաց, թե դա կլինի ՀԱԿ-ի հիասթափության վերջին հավաքույթը, "Բարգավաճի" պատասխանն ավելի լոյալ էր, այնքան լոյալ, որ կատարյալ շիլաշփոթ ստեղծեց:



Միայն հասկացվեց, որ մամուլի խոսնակը ՀԱԿ-ին համարում է "մեր երկրի քաղաքական համակարգի լեգիտիմ բաղադրատարր", որն իրավունք ունի "պայքարելու իշխանությանը քննադատելու բացառիկ իրավունքի համար: Դրա համար եւս պետք է պայքարել, եւ մենք հենց ընդդիմադիր դաշտում ականատես ենք լինում նման պայքարի": Բայց երկու տարի հետո հայտնի չէ, թե ինչպիսի քաղաքական դաշտ կունենանք: "Այսօրվա քաղաքական տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ կարճ ժամանակամիջոցում շրջանառության մեջ դնել նոր քաղաքական ուժեր, որոնք կունենան բավական ռեսուրսներ, տեղեկատվական հմտություններ, գիտելիքներ եւ ներուժ եւ կարող են ապահովել իրենց համար մուտքը խորհրդարան",- անկեղծացավ Խաչիկ Գալստյանը: