Երեք տարի հետո «Տրոյկա դիալոգը» մոտ $5 մլրդ կարժենա

Երեք տարի հետո «Տրոյկա դիալոգը» մոտ $5 մլրդ կարժենա
2009թ. հուլիսին Ժակ Տեր-Մկրտչյանը նշանակվել է ռուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային ընկերության բիզնեսի կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրեն (Chief Business Officer): Մինչ այդ Տեր-Մկրտչյանը գլխավորել է Banque Societe Generale-ի ֆոնդային և ներդրումային-բանկային գործարքները, եղել է Ռուսաստանում Credit Commercial de France (CCF)-ի գլխավոր ներկայացուցիչը, ինչպես նաև գլխավորել է Լյուքսեմբուրգում տեղակայված Framlington Russian Investment Fund բաց տիպի ներդրումային հիմնադրամը:





2004-ից Տեր-Մկրտչյանը ՌՏՍ ֆոնդային բորսայի տնօրենների խորհրդի ներկայացուցիչ է, իսկ 2006-ից` Ֆոնդային բորսայի մասնակիցների ազգային ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ: RBC daily-ին տված նրա հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացրել է Tert.am-ը:



-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն կլինի «Տրոյկա դիալոգի» բիզնեսը երեք տարի հետո: Կա՞ արդյոք համաշխարհային համանման կառուցվածք, որին կուզեիք նմանվել:



-Եթե դիտարկենք ընթացիկ իրավիճակը, ապա կան «Տրոյկային» նման կառուցվածքներ: Օրինակ` բրազիլական BTG Pactual անկախ ներդրումային բանկը, միաժամանակ Ասիայում տեղական առաջնորդներից մեկը` CLSA բանկը, որը, որքան հիշում եմ, ավելի քան 60%-ով պատկանում է ֆրանսիական Calyon բանկին: Առաջինը ժամանակին վաճառվել է շվեյցարական UBS-ի սեփականատերերին, իսկ այնուհետև կրկին հետ գնվել: Երկրորդը մեծամասնական բաժնետեր ունի, սակայն միաժամանակ շարունակում է արդյունավետ կերպով աշխատել` որպես անկախ կազմակերպություն: Սրանք երկու հաջող և հետաքրքիր օրինակներ են: Քանի որ արդյունաբերությունը խիստ կփոխվի առաջիկա տարիների ընթացքում, հավանաբար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել ոչ թե առկա հաջող մոդելներին, այլ նոր մոդել ստեղծելուն, որը հաջող կլինի վաղը:



-Կարո՞ղ եք ներկայացնել Ձեր կանխատեսումները, թե երեք տարի հետո ինչ կարժենա «Տրոյկա դիալոգը» և շուկայում ինչ մասնաբաժին կունենա:



-Հեշտ չէ, իհարկե, միանգամից երեք տարվա համար կանխատեսում կատարել: Ներկայում մեր կապիտալը մոտ $850 մլն է: Կարծում եմ, որ առաջիկա երեք տարիների ընթացքում բիզնեսը, ամենայն հավանականությամբ, տարեկան 25% աճ կարձանագրի: Ներկայում մենք զբաղեցնում ենք շուկայի 7-20%-ը` կախված արտադրանքից: Այսինքն` շուկայի մասնաբաժինն արդեն բավական մեծ է: Եվ մեզ համար կարևոր է պահել այն այս մակարդակի վրա: Հաջորդ խնդիրը, որը մենք մեզ համար առանձնացնում ենք, նոր արտադրանքների թողարկումն է, քանի որ «Տրոյկան» բավական կրեատիվ կազմակերպություն է: Բացի այդ` նոր շուկաներ են հայտնվում, զարգանում են Ուկրաինան և Ղազախստանը: Բացի կորպորատիվ և ինստիտուցիոնալ հաճախորդներից` մեծ ուշադրություն է դարձվելու private banking-ին, որի արդյունքում աճը կարող է նաև նշված թվերից ավելի բարձր լինել: Արժեքը կախված է ընկերության ֆինանսական ձեռքբերումներից, կոնկրետ միջավայրի փոփոխությունից, դուք վաճառու՞մ եք, թե՞ ձեզ գնում են, և մուլտիպլիկատորներից, որոնց հետ այս պահին բանակցում են արդյունաբերական ընկերությունները: Իմ գնահատմամբ` երեք տարի հետո «Տրոյկան» կարժենա մոտ $5 մլրդ:



-Կփոխվի՞ արդյոք իրավիճակը երեք տարվա ընթացքում:



-Այս պահին ես հասկանում եմ, որ «Տրոյկան» ռուսական շուկայում բավական եզակի դիրք ունի: Միաժամանակ, ինձ թվում է, թե գլոբալ տնտեսական դրությունը բարդ կմնա առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում: Տնտեսական դրության անորոշությունը և ֆինանսական շուկաների համար հնարավոր հետևանքները հանգեցնում են այն եզրակացության, որ անհրաժեշտ է պատրաստ լինել ընտելանալ փոփոխվող հանգամանքներին այնպես, որպեսզի բիզնեսը հաջող լինի բոլոր տարբերակների դեպքում: Գուշակելը բարդ է, քանի որ հնարավոր տատանումների ամպլիտուդան շատ մեծ է:



- Standard Bank-ի գործարքից հետո փաստացիորեն Ձեզ վրա էր դրված բիզնեսի միավորման խնդիրը: Որքանո՞վ էր բարդ ինտեգրացիան:



-Մի շարք դեպքերում ինտեգրացիան բավական հեշտ էր: Նրանք, ովքեր, օրինակ, աշխատել էին գանձապետարանում, բավական հեշտ ինտեգրվեցին: Սակայն հիմնական խնդիրը զարգացման ռազմավարության մշակումն է: Մեզ համար ավելի կարևոր է private banking ձևաչափով մասնավոր բանկի, քան մեծ վարկային պորտֆելով առևտրային բանկի կառուցումը: Ներդրումներ մենք կներգրավենք, սակայն վարկեր, ամենայն հավանականությամբ, չենք տրամադրի: Թեև ես չեմ բացառում նաև այն, որ վարկեր տրամադրենք ակտիվների գրավի դիմաց: Մեզ համար ավելի կարևոր են ակտիվների կառավարման, ֆոնդային շուկաների մատչման ծառայությունները, քան հիպոթեկը, սպառողական վարկերը և ԲԿՏ-ի ծառայությունների վճարները:



-Ռուսական Standard Bank-ի ձեռքբերումից հետո կընդլայնե՞ք արդյոք բանկային ներկայությունն Ուկրաինայում և Ղազախստանում, այսինքն` այնտեղ, որտեղ գլոբալ Standard Bank-ը չուներ սեփական ստորաբաժանումներ:



-Այսօր «Տրոյկա դիալոգն» աշխատում է Ուկրաինայում ու Ղազախստանում, և մենք, իհարկե, կողմ ենք ներկայության ընդլայնմանը: Սակայն մոտ հեռանկարում` մեկ-երկու տարում, չեմ կարծում, որ այս երկրներում զարգացնենք առևտրային-բանկային ծառայությունները: Եթե խոսենք արտասահմանյան բիզնեսի մասին ընդհանուր առմամբ, ապա մեր գործերն այժմ ավելի ակտիվ են ընթանում Ուկրաինայում: Ապրիլի վերջին մենք տեղական «Ավանգարդ» ընկերության IPO-ի միակ կազմակերպիչն էինք: Արժեթղթերի լրացուցիչ թողարկողն այդ ժամանակ մեր միջոցով Լոնդոնի ֆոնդային բորսայում ներգրավեց մոտ $216 մլն: Եվ սա այդ շուկայի համար շատ լավ արդյունք է:



-Ծրագրո՞ւմ է արդյոք Standard Bank-ը «Տրոյկա դիալոգում» իր փաթեթը դարձնել վերահսկիչ:



-Ի սկզբանե մեր համագործակցությունը հիմնված էր այն բանի վրա, որ Standard Bank-ը երկար ժամանակ կշարունակի մնալ փոքրամասնական խոշոր բաժնետեր, այդ պատճառով գործարքի կառուցվածքը չի նախատեսել նրանց համար «քոլ օպցիոն»` ձեռք բերելու «Տրոյկայի» վերահսկիչ փաթեթը:



-Ինչո՞ւ են ընդունվել նմանատիպ պայմաններ:



-Այս մոտեցումը ձեռնտու էր երկու կողմին էլ: Այն պահպանում է ռուսական անկախ ներդրումային բանկի առավելությունները` ընդլայնելով նրա միջազգային հնարավորությունները:



-Կա՞ն արդյոք Standard Bank-ի հետ որոշակի պայմանավորվածություններ, որոնք ճգնաժամային ինչ-որ պահերի նախատեսում են շահավետ պայմաններով աջակցություն` բիզնեսի ընդլայնման համար արտոնյալ վարկի տրամադրում, արագ և արդյունավետ ֆինանսական աջակցություն:



- Standard Bank-ի գործընկերների հետ մենք այս թեման հատուկ չենք քննարկել: Հուսով եմ, որ այդպիսի անհրաժեշտություն չի ծագի: Ներկա պահին «Տրոյկա դիալոգը» բավական բարձր իրացվելիություն ունի: Հնարավոր է, որ ավելի կարևոր է ոչ թե ծանր պահերին միջոցների տրամադրումը, այլ որոշակի գործարքների դեպքում իրացվելիության առանձնացումը, օրինակ՝ ինչ-որ խոշոր կազմակերպությանը վարկ տրամադրելու անհրաժեշտության դեպքում: Այդ ժամանակ ֆինանսավորման մի մասը կարող ենք կատարել մենք, մյուս մասը` Standard Bank-ը: