Եկան բոլոր ջոջերը, որ լսեն շատրվանի երգը

Եկան բոլոր ջոջերը, որ լսեն շատրվանի երգը
Արցախի հեռուստատեսությամբ նախօրոք հայտարարել էին սեպտեմբերի 1-ին, ժամը 21-ին Ստեփանակերտի վերանորոգված կենտրոնական պուրակի բացման հանդիսավոր արարողության մասին: Հարյուրավոր ստեփանակերտցիներ երեխաներով ներկայացել էին այդ արարողությանը։ Մարդկանց առավելապես հետաքրքրում էր բազմագույն լույսերով "երգող շատրվանը"։ Հավաքվել էր Արցախի ողջ, այսպես կոչված, քաղաքական էլիտան՝ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, գրեթե բոլոր նախարարներն ու բարձրաստիճանները։



Երեւանից ժամանել էին Արցախի նախկին նախագահ, Արցախի հերոս Արկադի Ղուկասյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, գրող, հրապարակախոս, բժիշկ, ճանապարհորդ, Արցախի հերոս Զորի Բալայանը: Բոլորը հանդիսավոր շարվել էին շատրվանի մոտ հատուկ այդ արարողության համար սարքված հարթակին՝ այնպես, կարծես ուր որ է պիտի հայտարարեն, թե աշխարհի մի քանի երկրներ ճանաչել են Արցախի անկախությունը։



Տեղի հեռուստալրագրողներից մեկը երկար-բարակ խոսեց օրեցօր գեղեցկացող Ստեփանակերտի մասին, անգամ "փիլիսոփայություն" բառն արտաբերեց, բայց երկար սպասելուց ձանձրացած երեխաների ճռվողյունի մեջ լավ չլսվեց՝ Ստեփանակե՞րտն է փիլիսոփայություն, շատրվա՞նը, թե՞ մի այլ բան։ Հետո ելույթ ունեցան ուրիշները, սակայն աղմուկի մեջ ոչինչ չէր լսվում։ Վերջապես ինչ-որ երաժշտություն հնչեց, ջրավազանի միջից բազմագույն լույսեր վառվեցին, եւ ջրի շիթերը օդ բարձրացան։ Երեխաների ձանձրույթը փոխվեց ուրախության ու բերկրանքի:



Նախկին ստեփանակերտցիները, որոնց հիշողության մեջ դեռ թարմ են "Պյատաչոկ" կոչվող այդ հատվածի հետ կապված իրենց մանկության տարիները, "վերանորոգված" պուրակում ոչինչ չգտան իրենց "Պյատաչոկից"։ Ամբողջությամբ սալահատակված պուրակը ոչ մի կապ չուներ նախկին գողտրիկ պուրակի հետ։ Մինչդեռ միակ նոր ու հետաքրքիր բանը՝ շատրվանը, կարելի էր կառուցել՝ առանց վնաս պատճառելու պուրակի նախկին տեսքին։ Իսկ խնայված միլիոնները կարելի էր օգտագործել այլ նպատակով՝ ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու համար։ Եվ ընդհանրապես, տարեց ստեփանակերտցիներն արձանագրեցին, որ այլեւս բան չի մնացել հին Ստեփանակերտից։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ