Տառապալից ոչ-ոքի

Տառապալից ոչ-ոքի
Ֆուտբոլի Եվրո 2010-ի ընտրական փուլի երկրորդ խմբի Մակեդոնիա-Հայաստան ազգային հավաքականների հանդիպումը հիասթափություն պատճառեց թե մակեդոնացի, թե հայ ֆուտբոլասերներին: Հատկապես մեզ, քանի որ Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակը բաց թողեց վերջին վայրկյաններին: Եվ այսպես, խաղը սկսվեց Մակեդոնիայի ընտրանու վտանգավոր գրոհներով: Դրանց հետեւում էին մերոնց հակագրոհները` մեկ լավ, մեկ վատ: Դրանցից մեկի ժամանակ, 16-րդ րոպեին, Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մոտ տարածությունից գրավել դարպասը:



Այնուամենայնիվ, հայ ֆուտբոլիստներն առաջինը հաշվի մեջ առաջ անցան: 40-րդ րոպեին Դանիայի «Ռանդերսում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը գրավեց մակեդոնացիների դարպասը: Ցավոք, հաղթական հաշիվը պահպանվեց ընդամենը... մեկ րոպե: Մերոնք դեռ ցնծում էին, իսկ Ժուրավսկին հաշիվը հավասարեցրեց: Ասենք, որ այս խաղի առաջին հատվածում, ինչպես Իռլանդիայի դեմ խաղի ժամանակ, հայ ֆուտբոլիստների մոտ խաղակցվածությունը վատն էր: Ժամանակ առ ժամանակ մեր տղաներն «առանձնանում էին» փոխանցումների խոտանով: Ինչեւէ, երկրորդ խաղակեսը սկսվելուն պես երկու թիմերն էլ փորձում էին շտկել առաջին խաղակեսի սխալները: Երեւում էր, որ հայ ֆուտբոլիստների համար դժվար է դիմակայել մրցակցի գրոհներին:



Նորվեգացի մրցավարի կողմնակալ վերաբերմունքն էլ մեր տղաների օգտին չէր: Բազմաթիվ դրվագներում տուգանային հարված էր նշանակվում հօգուտ տանտերերի, մրցավարը հեշտությամբ դեղին քարտ էր ցույց տալիս հայ ֆուտբոլիստներին: Որքան խաղավերջը մոտենում էր, այնքան խաղի լարվածությունն էր ավելանում: Հատկապես, երբ Յուրա Մովսիսյանը 2-3 անգամ չօգտագործեց հարյուր տոկոսանոց գոլային պահերը: Այն, ինչ չարեց Յուրան, սառնասրտորեն արեց Էդգար Մանուչարյանը.  խորքից փոխանցում ստանալով, դարպասապահի դիմաց հայտնվեց մեն-մենակ եւ հաշվը դարձրեց 2:1:



Դա խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեն էր, եւ ընդամենը երեք րոպե հետո կարող էր հնչել մեզ համար հաղթական սուլիչը, եթե... մեր թիմի պաշտպան Արարատ Առաքելյանը տուգանային հրապարակում ձեռքով չխաղար: Մակեդոնացիները 11 մետրանոց հարվածով փրկվեցին պարտությունից: Եթե մի կողմից Մակեդոնիայի պես ամուր հավաքականի հարկի տակ ոչ-ոքի խաղալը ձեռքբերում կարելի է համարել, ապա, մյուս կողմից, վերջին վայրկյանին երկու միավոր կորցնելը մեծ շռայլություն էր: Հայ ֆուտբոլասերները հիասթափված են... Ոչ պակաս հիասթափված են մակեդոնացիները...