Շիրակում ամենաբարձր բերքը 15 ց է

Շիրակում ամենաբարձր բերքը 15 ց է
«Տարեսկզբին թվում էր, թե գյուղատնտեսական տարին լավ է լինելու, որովհետեւ մայիս-հունիս ամիսներին անձրեւը կարծես թե մշտական էր, բայց հուլիսի սկզբներին անձրեւը դադարեց եւ ամբողջ ցանքատարածությունները տարավ երաշտ: Մի կերպ  ցորենի դաշտերը պաշտպանվեցին, որտեղից ստացվեց 10-15 ցենտներ բերք, իսկ գարնանացանի դաշտերը, որոնք գտնվում էին հարթավայրերում, համարյա թե չհնձվեցին»,- ասում է Շիրակի մարզի Ջրառատ գյուղի համայնքապետ Ահարոն Ոսկանյանը: Ջրառատում հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու  հողագործությունն է: Նախորդ տարի սերմացուի պակասի պատճառով ընդամենը 60-65 հա հողատարածք է մշակվել: Գյուղացիների խոսքով՝ «1 հա հող մշակելու համար  պահանջվում է 150-160 հազար դրամ, իսկ ստացված 20 ցենտներն էլ մի կերպ զրոյացնում է մեր ծախսերը: Էլ մեր քյարը որն է: Մենք էլ ստիպված վարսակ կցանենք. էլի նույն ծախսն է, բայց գոնե անասնակերի խնդիր չենք ունենա»:



«Ում է հետաքրքիր, թե գյուղացին սերմ չունի, սերմը տալիս են սելեկցիոն կայաններին, ֆերմերներին, իրենք էլ մեր վրա են 1 կգ-ն վաճառում 200 դրամով»,- ավելացրին նրանք: 2008 թ. Ջրառատ գյուղն ընդգրկվել էր սուբսիդավորման ծրագրի մեջ: 2009 թ. հույս ունենալով, որ էլի կֆինանսավորեն,  ցանել են շուրջ 800 հա հողատարածք, բայց այդպես էլ ֆինանսավորում չի եղել, պատճառաբանվել է, թե գյուղը 1900 մ-ից ցածր է գտնվում: «Ինչպես թե,- զարմանում են գյուղացիները,- մենք նույնիսկ 2.400 մ բարձրության վրա գտնվող հողեր ունենք»:



Ջրառատը եզակի գյուղերից չէ, որտեղ այս տարի բերքատվության ցածր ցուցանիշ է գրանցվել: Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանն արձանագրում է. «Այս տարի մարզում մշակվել է 3.400 հա հողատարածք: Նախորդ տարվանից 5000 հա պակաս է ցանվել գարին, իսկ ցորենը՝ 3000 հա: Այս տարի մենք կապահովենք 70 հազար տոննային մոտիկ բերք, որը մի քանի անգամ ցածր է նախորդ տարիների ցուցանիշից»: Այս տարի կառավարությունը որոշել է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրել որակյալ սերմացու՝ 1 հա-ի դիմաց 300 կգ, որը գյուղացիները պետք է հետ վերադարձնեն կրկնակի չափով: Իսկ թե վնասի դեպքում ինչ է լինելու՝ դեռ հստակեցված չէ: Շիրակի մարզպետարանն արդեն մի քանի գյուղից հայտեր է ստացել: Ի դեպ, հացահատիկի բերքատվության նվազումը նպաստում է նաեւ դրա գնի աճին. 1 կգ-ն նախորդ տարվա 90-ի փոխարեն այսօր վաճառվում է 120-150 դրամով:



Չնայած մարզում կարտոֆիլի բերքահավաքը դեռ չի սկսվել, բայց, նախնական կանխատեսումներով, սպառման խնդիր չի լինի: Հիշեցնենք, որ նախորդ տարի գյուղացիներն այդպես էլ չկարողացան իրացնել կարտոֆիլի ամբողջ բերքը, ինչի պատճառով այս տարի կրճատվել են ցանքատարածությունները, իսկ գինը նախորդ տարվա 50 դրամի փոխարեն բարձրացել է եւս  250 դրամով:



Անժելա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ