Լուկաշենկոն ուլտիմատում է ներկայացրել Մոսկվային (վիդեո)

Լուկաշենկոն ուլտիմատում է ներկայացրել Մոսկվային (վիդեո)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է ռուսաստանյան ղեկավարությանը, որ եթե նա չճանաչի իր հաղթանակը գալիք նախագահական ընտրություններում, իր երկիրը կլքի հետխորհրդային տարածաշրջանի բոլոր հիմնական ինտեգրացիոն համակարգերը: Այս տեղեկությունը բացահայտել է բելառուսական կառավարության մի ներկայացուցիչ` չբացահայտելով իր ինքնությունը:



«Նրա հաղթանակը չճանաչելու դեպքում Լուկաշենկոն դառնում է ոչ լեգիտիմ ղեկավար նրանց համար, ովքեր ուզում են Բելառուսի մասնակցությունը Միութենական պետությունում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում, Մաքսային միություն եւ այլ հետխորհրդային ինտեգրացիոն ձեւավորումներում: Համապատասխանաբար Բելառուսի ներկայությունն այդ միավորումներում դառնում է ոչ լեգիտիմ»,- հայտնել է բելառուսական կառավարության աղբյուրը:



Լուկաշենկոյի այս հայտարարությունը հետեւել է ռուսաստանյան իշխանությունների արձագանքին` ուղղված Բելառուսի նախագահի բազմակի նեգատիվ արտահայտություններին պաշտոնական Մոսկվայի հասցեին: Մասնավորապես, երկուշաբթի Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել էր, որ Մինսկի հետ հարաբերությունները մտել են փակուղի եւ երբեք առաջվանը չեն լինի, այնուամենայնիվ, անկախ դրանից, եկրների քաղաքական շփումները ամենատարբեր մակարդակներում կշարունակվեն:



Իսկ մինչ այդ, Բելառուսի հանրային հեռուստատեսությունը պատասխանել է Մեդվեդեւի` իր վիդոբլոգում տեղադրված ուղերձին, որտեղ նա Լուկաշենկոյին մեղադրում է անպարկեշտության մեջ: