Համանախագահներն Արցախում ասուլիս չտվեցին

Համանախագահներն Արցախում ասուլիս չտվեցին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հոկտեմբերի 7-ին Երեւանից ժամանել են Արցախ։ Լրագրողներին հայտնվել էր, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս է տրվելու։ Սակայն հետո պարզվեց, որ այն չի կայանալու, եւ լրագրողներին թույլ չեն տվել մտնել նախագահական նստավայր։



Արցախի ղեկավար Բակո Սահակյանի հետ այս հանդիպման առիթը ազատագրված տարածքներում Բաքվի առաջարկով, այսպես ասած, դաշտային առաքելություն իրականացնելն էր։ Համանախագահները մինչ այդ եղել էին Բաքվում ու Երեւանում եւ հանդիպել տեղի ղեկավարության հետ։ Համանախագահները Երեւանում հավաստիացրել էին, որ դիտարկման հաջորդ փուլում «հումանիտար իրավիճակի» նման ուսումնասիրություն կկատարեն նաեւ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքներում, այդ թվում՝ հնարավոր է նաեւ Նախիջեւանի Հանրապետության հիմնահատակ ավերված Ջուղայի գերեզմանոցում, որտեղ ոչնչացվել են հայկական տասնյակ հազարավոր հուշարձաններ:



Արցախի ղեկավարի մամլո ծառայությունից ստացած տեղեկատվության համաձայն, Բ. Սահակյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են առաքելության իրականացմանն առնչվող հարցեր: Վերջինս նշել է, որ Արցախում ստեղծված են բոլոր պայմանները՝ աշխատանքները պատշաճ մակարդակով կատարելու համար: Այստեղ եւս խոսվել է դաշտային առաքելության երկրորդ փուլի իրականացման խնդիրների մասին։ Այն է՝ Ադրբեջանի կողմից զավթված հայկական տարածքներում նույնպես ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ:



Արցախի ղեկավարը նշել է, որ Արցախի իշխանություններն ակնկալում են կառուցողական մոտեցում նաեւ Բաքվի կողմից՝ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի եւ Մարտունու բռնազավթված հատվածներում նմանօրինակ առաքելության հաջող իրականացման համար։ Հետաքրքիրն այն է, որ հայ ղեկավարները Ադրբեջանի կողմից բռնազավթված արցախյան տարածքներում ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նույն կարգի առաքելություն անցկացնելու մասին սկսել են խոսել միայն այն ժամանակ, երբ հայկական մամուլում դժգոհություններ են հնչել առ այն, թե ինչու հայկական կողմը չի պահանջում «հումանիտար վիճակի ուսումնասիրություններ» անցկացնել նաեւ վերոհիշյալ տարածքներում։ Իսկ մինչ այդ նրանք հոժարությամբ տվել էին իրենց համաձայնությունը Արցախի զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքներում դաշտային առաքելություն իրականացնելու համար։



Համանախագահների հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ ղեկավարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանում շարունակվող հակահայկական քարոզչության առթիվ, հայտնելով, որ նման ապակառուցողական քայլերը խոչընդոտում են հակամարտության կարգավորմանը, եւ կոչ է արել համանախագահներին համապատասխան ձեւով արձագանքել այդ զարգացումներին:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ