Մենք հո Շայդուլինի նեգրը չենք

Մենք հո Շայդուլինի նեգրը չենք
Նոյեմբերի 4-ին «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հրաման է ստորագրել, որով որոշել է Սանահինի լոկոմոտիվային դեպոն միացնել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյին, ինչը լուրջ բողոքի առիթ է դարձել սանահինցիների շրջանում։ Սանահինի դեպոյի աշխատակիցները այս քայլը անօրինական են համարում, պատճառաբանելով, որ սրանով խախտվում է իրենց աշխատանքային պայմանագիրը, եւ երկրորդ՝ անվտանգության տեսանկյունից անթույլատրելի է նման որոշում կայացնելը։ Փաստորեն, դեպոն դադարելու է գործել. գնացքներն այլեւս այստեղ չեն կանգնելու եւ աշխատողների ամբողջ բանակն էլ գործազուրկ է դառնալու:



Սանահինի լոկոմոտիվային դեպոյում այս պահին աշխատում է 100-ից ավելի մարդ, իսկ ընդհանուր առմամբ Սանահինի երկաթուղում` շուրջ 200 հոգի։ Նրանք վրդովված են եւ երեկ բողոքի ակցիա էին արել ու Սանահին հրավիրել երկաթուղու պատասխանատուներին եւ այս տարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանին:



Մեքենավար Արթուր Պետրոսյանի կարծիքով՝ այս հրամանի պատճառը  կրճատումներ անելու որոշումն է: Նա ասում է. «Եթե պետք է կրճատումներ անի, ինչի՞ է եկել մեզնից կպել, թող գնա Լենինականում անի, բայց դե լեննականցիների վրով Շայդուլինը մի օր ասեց՝ բա նրանք սոված կմնան, որ կրճատեմ: Խտրականություն ա անում, նրանց մոտ օրը մի մեքենավար ա ավելացնում, մեր մոտ կրճատումներ ա անում»: Սանահինի դեպոյի աշխատակիցներն այնքան են վրդովվել այս որոշումից, որ Շայդուլինի նկարները փակցրել են դեպոյի տարածքում ու վրան խաչ քաշել։ Իսկ մեքենավարի հրահանգիչ Բորիկ Լալայանն ասում է. «Հրամանը ներկայացնելուց չի շեշտվել, թե մենք որ ազատվեցինք, որտեղ եւ ինչ ենք աշխատելու, նույնիսկ չեն էլ ասել, թե ինչքան աշխատող է լինելու»:



Նա հիշեց 2 տարի առաջ տրված խոստումները եւ նշեց, որ ոչ մի խոստում չի կատարվել, եւ դրա համար էլ մարդիկ չեն հավատում երկաթուղու տնօրինությանը։ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի փոխտնօրեն Սաշա Ասատրյանը,  հիշելով  անցած դժվարին տարիները, զարմանում է, թե ինչու են հենց հիմա որոշել փակել։ Նրա խոսքով՝ Սանահինի լոկոմոտիվային դեպոյի միացնելը Գյումրիի դեպոյին եւ այն շրջադարձային դարձնելը սխալ է: Փոխտնօրենն ասում է, որ հրամանի մեջ առանց հիմնավորման գրված է, որ «ամեն ինչ լավ կլինի», սակայն նրա խոսքով՝ դեկտեմբերի 1-ից ամեն ինչ ավելի է վատ լինելու՝ «դեկտեմբերի 1-ից առանց Սանահինում կանգառի, առանց էկիպաժի փոփոխման ուղիղ գալու են Այրում, Սադախլո, էդ դեպքում անգամ զննում չեն անցնելու, հենց դարձանք շրջադարձային, մենք անգործ ենք մնում»,-ասում է փոխտնօրենն ու ավելացնում, որ բազմաթիվ հանգույցներ ու կենտրոններ մեխանիկորեն դուրս կմնան գործելուց։



Առաջացած խնդիրների հետ կապված՝ նոյեմբերի 8-ին Սանահին հրավիրված ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանին դեպոյի աշխատակիցները խնդրեցին օժանդակել իրենց բողոքին: Ներկա էին նաեւ երկաթուղու ներկայացուցիչները, Լոռու փոխմարզպետն ու Ալավերդու քաղաքապետը։ Հանդիպման սկզբում Սանահինի լոկոմոտիվային դեպոյի  փոխտնօրեն Սաշա Ասատրյանը ներկայացրեց ստեղծված իրավիճակը եւ այն խնդիրները, որոնք, ըստ նրա, առաջ են եկել նշված հրամանի արդյունքում: Իսկ ավելի պարզ ասած՝ այն պահից, ինչ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ընկերության տնօրենի պաշտոնը ստանձնել է Շեւքեթ Շայդուլինը:



Իսկ վերջինս այս պաշտոնն է զբաղեցնում արդեն մոտ 2 տարի: Ըստ երկաթուղու աշխատակիցների, երկու տարի է՝ ամբողջ երկաթուղին գտնվում է սթրեսային վիճակում: Նա  իր պաշտոնավարումից 2 ամիս անց սկսել է խախտել երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի պայմանները, ոտնահարել է աշխատողների իրավունքները՝ կտրելով աշխատողների հավելավճարները, կրճատելով նաեւ գիշերային ժամերին աշխատողների տարիֆները։ Իսկ վերջին հրամանն ընդհանրապես որեւէ հիմնավորում չունի։ Մինչդեռ սկզբում «Շայդուլինը ոսկե սարեր էր խոստանում»։



Թե աշխատակիցները, թե փոխտնօրենն իրար հերթ չտալով՝ դատարկում էին իրենց ներսում կուտակած մաղձը, ինչը, սակայն, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ինժեներ Սերգեյ Հարությունյանին բոլորովին դուր չեկավ, եւ նա առաջարկեց խոսել ավելի կոնստրուկտիվ եւ չխոսել բոլորի անունից, սակայն նրա խոսքը դահլիճում գտնվողների զայրույթն առաջացրեց։



Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարիբեկյանն իր ելույթում խոստացավ, որ հարցը անպայման կբարձրացնի կառավարությունում, նաեւ հորդորեց աշխատակիցներին մի փոքր համբերատար լինել եւ ավելորդ լարվածություն չստեղծել. «Դուք եք ինձ ընտրել, ես էլ ձեզ կօգնեմ ու ճշտի համար կանգնելու եմ, հանկարծ հույսներդ չկտրեք», բայց  հետո առաջարկեց բոլոր բողոքները թղթին հանձնել եւ տալ իրեն, որ ընթացք տա։ Ապա երկաթուղու տնօրինությունից պարզաբանումներ պահանջեց, թե ինչու են մարդկանց ուղարկում արտասահման սովորելու եւ հետո կրճատում, կամ՝ ինչպես է լինում, որ ինժեներին իջեցնում են բանվորի աստիճանի։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանը համաձայնեց բոլոր ելույթների հետ. «Այն, ինչ ասեցիք, այո, ճիշտ է», սակայն 2 տարում շատ բան է արվել՝ «մենակ վատ բաներից եք խոսում», եւ առաջարկեց ժամանակ տալ իրենց. «Մենք ձեզ կներկայացնենք հստակ ծրագիր, թե ինչ ենք անելու Սանահինի հանգույցում, թե ինչքան աշխատակից է մնալու»։



Հանդիպման ավարտին աշխատակիցները հույսներն ավելի շատ էին կորցրել, իսկ վերադասը դժգոհ էր, որ երկաթուղու ողջ խոհանոցը լույս աշխարհ եկավ: Սանահինցիները հանդիպումից հետո ասում էին. «Հիմա հաստատ էլ չենք աշխատի, բայց դե լավ արինք, որ ամեն ինչ ասեցինք, մենք իրանց նեգրը չենք»։