Բաց նամակ Սերժ Սարգսյանին «Հրազդան ՋԷԿ»-ի կոլեկտիվի կողմից

Բաց նամակ Սերժ Սարգսյանին «Հրազդան ՋԷԿ»-ի կոլեկտիվի կողմից
Մեծարգո պարոն նախագահ, Ձեզ է դիմում «Հրազդան ՋԷԿ»-ի ողջ կոլեկտիվը՝ ակնկալելով Ձեր խոհեմությունը եւ ազգի ու ժողովրդի հանդեպ ունեցած հոգատարությունը: Կործանվում է երբեմնի բազմավաստակ, գիտական կադրերով համալրված մի կոլեկտիվ, որը ԽՍՀՄ օրոք ամենաճանաչվածն էր ու հարգանք էր վայելում ողջ էներգետիկական համակարգում: Բայց, ավաղ, այդ բոլորը մնաց անցյալում:



Կայսրության փլուզումից հետո զինվորական կարգուկանոնով դաստիարակված այս կոլեկտիվի շնորհիվ խավար ու ցուրտ տարիներին պահպանվեց կայանը՝ իր սարքավորումներով, ժամացույցի մեխանիզմի պես (ինչը թալանվեց եւ ավերվեց հարեւան Վրաստանում եւ Ադրբեջանում): Ուժի եւ համառության, հրազդանյան ցրտին դիմակայելով, օրական 20-30 կիլոմետր ոտքով աշխատանքի գալով՝ ստրատեգիական նշանակության կայանն ամեն րոպե պատրաստ էր գործարկման իր ողջ հզորությամբ: Օրեր են եղել՝ խստաշունչ ձմռանը մի քանի անգամ թողարկել ենք բլոկները եւ անջատել գազամուղի պայթեցման պատճառով:



Կոլեկտիվի կողմից կատարված շատ հերոսություններ կարող ենք նշել, բայց այդպես փայփայված, պահված կայանը իր՝ Հրազդան քաղաքին մատակարարող ջեռուցման համակարգով «գույք պարտքի դիմաց» տրվեց Ռուսաստանի Դաշնությանը: Հույս ունեինք, որ ՌԴ-ն ներդրումներ կանի, եւ նոր շուկաներ կունենանք հոսանք արտահանելու: 2004թ.-ից մինչեւ 2010թ.-ն խոշոր ներդրումներ արվեցին, եւ, իհարկե, ՌԴ-ն տարեկան ստացավ իր եկամուտները: Կայանը հիմա իր 850 մեգավատ հզորությամբ պատրաստ է թողարկման:



Բայց արի ու տես, որ 2010 թ.-ին եկավ նոր տնօրենը՝ իր շքախմբով, հարազատներով ու մանկլավիկներով (կներեք, բայց այլ կերպ դրանց չես անվանի), եւ կայանին տեր դարձան: Աշխատում են իրենց տերերին ու փորերին գոհացնելու համար: Հարազատ-ծանոթներին նշանակելով տնօրենի տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, վարչության պետեր ու դրանց տեղակալներին տալով աստղաբաշխական դրույքներ: Օրինակի համար նշեմ, որ առաջին կարգի 25 ճարտարագետներ կամ 6-րդ կարգի փականագործներ այդքան են վարձատրվում: Դա էլ է քիչ, պետք էր թարմացվեր դրանց սպասարկող ավտոմեքենաների պարկը, գնվեցին մի քանի շքեղ՝ հարյուր հազար դոլարանոց «ջիպ»-եր, ինչի՞ հաշվին՝ աշխատողներին տրվող անվճար սնունդը կտրելու հաշվին: Ամեն մեքենան օրական վատնում է 50-60 լիտր վառելանյութ: Կայանը նրանց համար տներ է վարձում միլիոն դրամով, բջջայինների վարձերն է վճարում, առափնյա պոմպակայանը կայանի աշխատողներով եւ միջոցներով սարքել են սեփական ձկնանոց: Դրանցից ոչ ոք էներգետիկայի հետ ընդհանրապես կապ չունի, չգիտեն դա ինչ է եւ կայանին էլ պետք չեն:



Դա էլ էր մեզ քիչ, 2011-ը դիմավորեցինք նոր աչքալուսանքով: ՀՕԿՀ նախագահ Ռ. Նազարյանի թեթեւ ձեռքով առանց հիմնավորման իջեցրեցին պատվիրված հզորությունները 850-ից 400 մեգավատ (սակայն նշենք, որ ժողովրդին վաճառվող էլէներգիայի արժեքի մեջ մտնում է 850 մեգավատ պատվիրված հզորություն), սրանով էլցանցերին ապահովելով գերշահույթ: Այդ հզորության իջեցման պատճառով կայանում պետք է կատարվի աշխատավարձի ֆոնդի իջեցում 50%-ով:



«Դրույքները չենք իջեցնում, ոչ ոքի չենք կրճատում, բայց պետք է երեքից չորս ամիս տարվա մեջ ձեր հաշվին տանը նստեք»,- հայտարարում են 2-3 միլիոն դրամ ստացող փոխտնօրենները (հարուստն ինչ գիտի աղքատի հալը): Տնօրենն իր հրովարտակն է իջեցնում նրանց միջոցով, քանի որ իր շքախմբի հետ շաբաթվա մեջ կայանում լինում է առավելագույնը մեկ օր, այն էլ` մի երկու ժամով, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում» փոխտնօրեն է աշխատում (ահա եւ հանգուցալուծումը): Հարգարժան պարոն Սարգսյան, եթե հիշում եք Ձեր նախընտրական այցը «Հրազդան ՋԷԿ», ապա իմացեք, որ Ձեր բարձր հովանու կարիքն ունեն այդ օրը Ձեզ նայող, վստահող ութ հարյուրից ավելի զույգ աչքեր՝ իրենց ընտանիքներով: Ուզում են կործանել գործազուրկներով լի Հրազդան քաղաքի վերջին հույսը, համալրելով պանդուխտների նոր բանակով:



«Հրազդան ՋԷԿ»-ի կոլեկտիվի կողմից