Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վիրահայության հիմնախնդիրների լուծումն է

Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վիրահայության հիմնախնդիրների լուծումն է
«Միայն ջավախքահայության հիմնախնդիրների լուծման միջոցով է հնարավոր կայուն հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»: Այսպես է վերնագրված Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդի տարածած հայտարարությունը, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ:



Սույն թվականի հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի Նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների` երկու նախագահները քննարկելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:



Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության և ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջև ծառացած հիմնախնդիրների լուծումն է:



Այդ հիմնախնդիրներից առավել կարևոր են.



  • Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:


  • Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը և խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:


  • Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:


  • Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի և ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:


  • Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:


  • Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:




Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաև վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն և երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար:



Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ