Արցախը հայտնվել է ոչ ազատ Ադրբեջանի կողքին

Արցախը հայտնվել է ոչ ազատ Ադրբեջանի կողքին
Վերջերս հաճախակի են խոսում ամերիկյան «Freedom House» ոչ կառավարական կազմակերպության վերջին զեկույցի մասին։ Կազմակերպություն, որն ամեն տարի զեկույցներ է հրատարակում աշխարհում ժողովրդավարության մակարդակի եւ ազատությունների վերաբերյալ։ Հերթական այս զեկույցը որոշակի դժգոհություններ է առաջ բերել նաեւ Արցախի քաղաքական շրջանակներում, քանզի այնտեղ Արցախը նշված է որպես ոչ ազատ երկիր:



Մինչ այդ «Freedom House»-ի զեկույցներում Հայաստանն ու Արցախը դասվում էին մասամբ ազատ երկրների շարքը, այն դեպքում, երբ Ադրբեջանը համարվում էր ոչ ազատ երկիր: Այս անգամ Հայաստանն ու Ադրբեջանը մնացել են իրենց նախկին «դիրքերում», իսկ Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատից» հայտնվել է «ոչ ազատ» Ադրբեջանի կողքին։



ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի կարծիքով՝ այդ զեկույցը վկայում է աշխարհում ոչ կառավարական ողջ սեկտորի քաղաքականացվածության մասին։ Արցախցի պատգամավորը բերում է Ուկրաինայի օրինակը, որը մեկ տարի առաջ համարվում էր ազատ երկիր, իսկ Յանուկովիչի` իշխանության գալով, «դարձել է» մասամբ ազատ։ Անհասկանալի է, թե նրանք որտեղից են նման տեղեկություններ քաղում, երբ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում չեն եղել, հասարակական կարծիքի հարցումներ չեն անցկացրել, չեն հետեւել խորհրդարանական ընտրությունների ընթացքին, ասում է Վ. Աթանեսյանը:



«Սակայն, չգիտես ինչու, գտնում են, որ խորհրդարանում ընդդիմություն չկա։ Ամերիկյան խորհրդարանում նույնպես ընդդիմություն չկա՝ դրա դասական առումով, բայց մի՞թե դրանից կարելի է հետեւություն անել, թե ԱՄՆ-ն անազատ երկիր է»,-ասում է Աթանեսյանը։ Արցախում առավելապես այն կարծիքն է շրջանառվում, որ այդ ամենն արվել է քաղաքական նկատառումներով։ Թերեւս դրանում որոշ ճշմարտություն կա։ Զարմանում են նաեւ, որ քաղբանտարկյալներ ունեցող Հայաստանը համարվում է մասամբ ազատ, իսկ Ղարաբաղը, որ ազատ ընտրությունների, ազատության առումով որոշ չափով առաջ է ՀՀ-ից, անազատ երկիր է համարվել։



Սակայն Արցախում կան նաեւ գործիչներ, ովքեր գտնում են, որ երկրում ընդդիմության բացակայությունը, հասարակության մեջ տիրող վախի մթնոլորտը, համենայնդեպս, լրջորեն ազդել է Լեռնային Ղարաբաղի «իմիջի» վրա։ Քիչ չեն նաեւ նրանք, ովքեր գտնում են, որ Արցախում վերջին 10 տարում ընդդիմություն, ընդդիմադիր քաղաքական ուժ երբեք չի եղել։



«Ընդդիմադիր մամուլ, անկախ թերթեր եղել են՝ «10-րդ նահանգ», «Դեմո», սակայն այդ լրատվամիջոցների շուրջ այդպես էլ չի ձեւավորվել ընդդիմադիր քաղաքական դաշտ,- ասում է արցախցի գործիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։- Այսօր ընդամենը մի անկախ պարբերական կա՝ «Նոր էջ» թերթը, այն էլ, սահմանափակ հնարավորություններ ունենալով, ամիսը մի անգամ է լույս տեսնում։ Այսօր անգամ անկախ դատողները, հասարակական-քաղաքական գործիչները երկրի ներքաղաքական կյանքի մասին խոսելիս ձգտում են զերծ մնալ սուր հարցադրումներից։ Վախենում են զրկվել սեփական բիզնեսից, աշխատատեղից...»։



Որքան էլ Ղարաբաղի քաղաքական վերնախավը հայտարարություններ անի երկրի Ժողովրդավարական նվաճումների մասին, ժողովրդավարության մակարդակի եւ ազատությունների խնդրում Արցախն այսօր, հանրահայտ «Freedom House»-ի դասակարգման համաձայն, հայտնվել է հարեւան տոտալիտար-խանական երկիր Ադրբեջանի կողքին։



«Freedom House»-ի հիշյալ զեկույցում հետխորհրդային տարածքում ազատ երկրներ են միայն մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, մասամբ ազատ՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ղրղզստանը, Աբխազիան։ Ոչ ազատ երկրների ցուցակում են Ռուսաստանը, Բելառուսը, Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը, Ղազախստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Մերձդնեստրյան Հանրապետությունը եւ Հարավային Օսիան:



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ