Դանուշ Շահվերդյանի հիշատակին

Դանուշ Շահվերդյանի հիշատակին
Հունվարի 23-ին, ժամը 13:00-ին հերթական անգամ Կոմիտասի շիրիմին կայցելեն հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, գրողներ, արվեստագետներ, երախտապարտ լոռեցիներ, այգեհատցիներ` հարգանքի տուրք մատուցելու պետական-քաղաքական գործիչ, իրավաբան-դիվանագետ, անսակարկ հայրենասեր Դանուշ Շահվերդյանի հիշատակին...



Վերջին տարիներին Դանուշի ծննդյան օրն այսպես ենք նշում, քանի որ նա ստալինյան եղեռնի զոհ դարձավ ոչ միայն իր աննկուն էության եւ անմնացորդ հայրենասիրության, այլեւ ահավոր 36-ին մեծն Կոմիտասի աճյունը Փարիզից հայրենիք տեղափոխելու պատճառով, իսկ մեր նորօրյա պաշտոնյաներն էլ Հայաստան երկրում նրա անունը հիշեցնող որեւէ վայր չթողին (41-ին զոհվեց Գավառի բանտում, եւ գերեզմանն անհայտ է, Երեւանի Շահվերդյան փողոցն էլ 1997-ին քաղաքապետի որոշմամբ վերանվանվեց՝ Շարուրի):



Չնայած 2004-ի հունիսի 23-ին Երեւանի անվանակոչության հանձնաժողովը որոշեց «...Շահվերդյան անվանել նախկին փողոցին համարժեք, համազոր, զուգահեռ փողոցը», իսկ 2005-ի մայիսի 20-ին Շենգավիթ համայնքի ավագանին իր համաձայնության մասին իրազեկ դարձրեց քաղաքապետարանին: Սակայն Երեւանի նախկին երկու բազմազբաղ քաղաքապետները ժամանակ չգտան այն վավերացնելու:



Հրավիրում ենք բոլորին (նաեւ լրատվամիջոցներին)` մասնակցելու հիշատակի այս միջոցառմանը:



Գագիկ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

բժիշկ, «Սիմոն Զավարյան» ԲՄՀԿ նախագահ