Գյուլի կոչը Հայաստանին

Գյուլի կոչը Հայաստանին
Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը կոչ է անում Հայոց մեծ եղեռնի շուրջ տարակարծությունը վերացնելու համար համատեղ հանձնաժողով ստեղծել: Այս օրերին Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստում Գյուլը հայտարարել է. «Մենք համաձայն չենք, թե մեր անցյալում ցեղասպանություն ենք գործել: Բայց եթե մարդիկ կան, ովքեր ընդունում են դա եւ պնդում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, ապա մենք բաց հայտարարում ենք՝ եկեք ստեղծենք այս հարցով զբաղվող միացյալ հանձնաժողով, միասին հավաքենք գիտնականների եւ պատմաբանների, որոնք պնդում եւ հերքում են, որ ցեղասպանություն է տեղի ունեցել: Եկեք ամբողջությամբ բացենք մեր արխիվները եւ դրանից հետո ընդունենք այն վերջնական որոշումը, որին կհանգի այդ հանձնաժողովը»:



Թուրքիայի նախագահի խոսքով՝ եթե կա այդպիսի երրորդ կողմ, որը Թուրքիային մեղադրում է ցեղասպանություն իրականացնելու մեջ, ապա այդ կողմի գիտնականները եւս կարող են միանալ հանձնաժողովի աշխատանքներին: «Հայերը եւ թուրքերը բավականին երկար ժամանակ միասին են ապրել, եւ անհրաժեշտ է միասին նայել դեպի առաջ: Նախկինում մենք ցավալի պահեր էլ ենք ապրել, սակայն անհրաժեշտ է, որ ապագայում մեր ժողովուրդների միջեւ գերիշխի եղբայրական համերաշխությունը»,- հայտարարել է Աբդուլլա Գյուլը: