Երեւանը Մոսկվայի մասնաճյուղը չէ

Երեւանը Մոսկվայի մասնաճյուղը չէ
Օրերս ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ Երեւանի նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրահանգել է ռուսերենի դասընթացներ կազմակերպել քաղաքապետարանի աշխատակիցների համար: Ըստ այդ հրահանգի, քաղաքապետարանի 26 աշխատակիցների համար դասընթացների տեւողությունը 3 ամիս է լինելու: Մեզ ահազանգեցին, որ քաղաքապետը ներքին կարգով հայտնել է, թե ովքեր դասընթացներից հետո լավ չհանձնեցին քննությունները, կզրկվեն աշխատանքից:



Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ) նախապես հայտարարում է, որ նման վարվելակերպի դեպքում անվարան կպահանջի քաղաքապետի հրաժարականը՝ որպես հայկական պետության թշնամու: Եթե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարծում է, թե ինքն առաջվա պես «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարն է, իսկ Երեւանն էլ վերածվել է Մոսկվայի մասնաճյուղի, ապա չարաչար սխալվում է: ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, եւ որեւէ հայ պաշտոնյա պարտավոր չէ օտար լեզուների իմացությամբ «տեղավորվել» աշխատանքի:



Եթե նման քաղաքականություն կիրառվի քաղաքապետարանում, ապա սա նախ ահազանգ է, որ «քաղաքական պոռնկությունը» նոր փուլ է մտնում մեզանում, եւ ռուսամանիակները («ռուսամետը» մեղմ է ասված այս դեպքում) փորձում են նորովի սիրաշահել իրենց պապա-տերերին: Եվ երկրորդը՝ «Լեզվի մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում տարեվերջյան դավադիր փոփոխություններն արդեն իսկ այլալեզվության մոլուցք հաղորդեցին ոմանց...



Հայ արիական միաբանություն

Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդ