Վրաստանը փափախո՞վ է զբաղված

Վրաստանը փափախո՞վ է զբաղված
Վերջին շրջանում հայ գործարարները ցանկացած առիթով հայտարարում են, թե հարեւան Վրաստանում բիզնես ծավալելու ավելի նպաստավոր պայմաններ կան, եւ շատերն են մտադիր իրենց բիզնեսը տեղափոխել Վրաստան: Համենայնդեպս վերջին շրջանում տպավորությունն այնպիսին է, թե ոչ հեռու հարեւան երկրում ամեն ինչ «ok» է, վրաց իշխանության գերնպատակը՝ այդ երկրում բիզնեսի զարգացմանը զարկ տալն է:



Սակայն երեկ մեր խմբագրություն էր այցելել մի գործարար (որ չցանկացավ ներկայանալ), ՀՀ քաղաքացի, ով նպատակադրվել էր «պատռել» Վրաստանի իշխանությունների կեղծ դիմակը եւ ի չիք դարձնել Վրաստանին «վարդագույն ակնոցներով» նայող մեր գործարարների լավատեսությունը: Գործարարի համոզմամբ՝ բոլորը պարզապես գայթակղվում են Վրաստանի կողմից տարվող «փիառով»: Նա պատմեց, որ մեկ տարի առաջ ինքը եւս ցանկացել է ծավալել զովացուցիչ ըմպելիքների հայաստանյան իր բիզնեսը «երանելի» ներկայացված վրացական պայմաններում: Վրաստանում բիզնեսի հիմնման հետ կապված թղթաբանության աշխատանքները բավականին դյուրին են անցել՝ «առանց որեւէ քաշքշուկների, հավելյալ գումարների եւ այլնի»: Սակայն արտադրության կազմակերպման առաջին իսկ պահերից, ըստ մեր զրուցակցի, ի հայտ են եկել խոչընդոտներ, մասնավորապես՝ պարզվում է, որ մեծ խնդիր է լեզվի չիմացությունը, քանի որ «գործընկերների կողմից ճիշտ թարգմանություններ չեն իրականացվում»:



«Գուցե դա նրանց պե՞տք է... Փաստն այն է, եւ գործողությունները ցույց են տվել, որ քո ասածները տեղ չեն հասել: Իսկ ռուսերենով հնարավոր չէ շփվել, քանի որ, հայտնի պատճառներով, այդ լեզուն այսօր Վրաստանում հարգված չէ: Մթնոլորտն այնպիսին է, որ այդ լեզուն անգամ պետք է արգելվի: Նույնիսկ Վրաստանի ռեստորաններում արգելում են ռուսերենով երգել, եւ ցանկացած խախտող տուգանվում է 500 լարիով՝ մոտ 100 հազար դրամով»: Գործարարի համոզմամբ՝ հնարավոր է, որ լեզվի չիմացությունը բերի բիզնեսի տապալման: Այդուհանդերձ, տնտեսական, հատկապես հարկային դաշտը Վրաստանում նպաստավոր է եւ «բաց» փոքր եւ միջին բիզնեսի համար: «Եթե եկամուտն ամսական չի գերազանցում 2-3 հազար ԱՄՆ դոլարը, այնտեղ կարող ես հանգիստ բիզնես ծավալել: Ստուգող մարմինները շատ ուշ-ուշ քեզ կհիշեն, ավելին՝ այդ մարմինն ակնկալիքներ չունի գա եւ գումար հավաքի-տանի, ամբողջ գումարը գնում է պետական բյուջե: Եթե համարձակվես եւ կաշառք առաջարկես, տեղում կկալանավորեն քեզ եւ կտանեն բանտ»:



Մինչդեռ Վրաստանի եւ Հայաստանի՝ խոշոր բիզնեսի համար առկա պայմանները, ըստ գործարարի, գրեթե չեն տարբերվում:



«Վրաստանում բիզնեսի ընդարձակման, մեծացման ժամանակ էլ հատուկ մարմիններ կարող են հայտնվել եւ ասել, որ մեր երկիրը ձեր բիզնեսի կարիքն ունի, բայց դուք պետք է բարեգործության, ոչ կաշառքի տեսքով գումարներ վճարեք՝ չհաշված ԱԱՀ-ն: Եթե դա չանեք, ապա... հայտնի չէ, թե ինչ կլինի»: Վրաստանի իշխանությունները, «չեղած պայմանները» գեղեցիկ ներկայացնելով, մեծ շահեր են հետապնդում: «Ի վերջո ներդրված գումարները ոչ ոք չի կարող ամբողջությամբ վերցնել եւ հետ բերել, եւ դա ներդրում է այդ երկրում, ասել է թե՝ վրացինեը փափախով են զբաղված: Նրանք  չեն սիրում աշխատել, սիրում են էսօրվա օրով ապրել»: Ի դեպ, անհայտ գործարարը կասեցրել է իր բիզնեսը Վրաստանում եւ եկել այն համոզման, որ ավելի լավ է «այդ տալիքները» տալ մեր իշխանություններին եւ գործունեություն ծավալել հայրենի երկրում: