Ես իշխանությունների հետ երբեւէ գործ չեմ ունեցել

Ես իշխանությունների հետ երբեւէ գործ չեմ ունեցել
Երեկ Ժողովրդական կուսակցության համաժողովից հետո Տիգրան Կարապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին:



- Պարոն Կարապետյան, համաժողովին քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչների չե՞ք հրավիրել:



- Ո՞ւմ նկատի ունեք: ՀԱԿ-ի՞ն, որ ամեն տեղ ման ա գալիս ու մեզ վարկաբեկում ա: Ո՞ւմ հրավիրեինք:



- Մամուլում հրապարակում կար, որ Դուք հանդիպել եւ զրուցել եք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:



- Այդպիսի բան չկա ընդհանրապես: Ես կոալիցիոն կուսակցությունների հետ ընդհանրապես չեմ հանդիպում: Ծառուկյանի հետ մի տարի առաջ եմ հանդիպել: Նոր տարվա դահլիճում: Մեր մեջ կապ չկա:



- Մամուլում նաեւ գրվել էր, որ Գյումրիում Վարդան Ղուկասյանի հետ եք հանդիպել եւ միասին կերուխումի եք մասնակցել: Նրա հետ էլ չեք հանդիպե՞լ:



- Աստված վկա, որ չեմ հանդիպել: Ով որ գրել ա, ով որ հանդիպել ա՝ Աստված թող նրան պատժի: Ես իշխանավորների հետ ընդհանրապես գործ չունեմ եւ չեմ էլ ունեցել երբեւէ, 10 տարվա ընթացքում: ...Իշխանությունը չի լինում նախկին եւ այսօրվա: Իշխանությունը միշտ ստոր է եղել եւ ստոր էլ կլինի: Եվ մենք տեսնում ենք այդ ստորությունները:



- ՀԱԿ-ի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք:



- ՀԱԿ-ի հետ՝ այո, իսկ ՀՀՇ-ի հետ՝ ոչ: Ընդդիմադիր յուրաքանչյուր ուժի հետ պատրաստ ենք համագործակցելու, բայց ոչ այն ուժերի, որոնք ձգտում են վարկաբեկել մեզ, վարկաբեկող թռուցիկներ են բաժանում:



- Ո՞ւմ նկատի ունեք: Ո՞ւմ թռուցիկներն են Ձեզ վարկաբեկում:



- Օրինակ ՀՀՇ-ի թերթը, էդ թռուցիկը, որ կա: Ինչպես նաեւ որոշ թերթեր:



- Պարոն Կարապետյան, կարծիք կա, որ Դուք իշխանությունների պրոյեկտն եք եւ ներդրվել եք ընդդիմադիր դաշտը տարանջատելու համար: Այդ մասին ի՞նչ կասեք:



- Եթե իշխանության պրոյեկտ լինեինք, ապա ճանապարհները բաց կլինեին եւ ստեղ էսօր իշխանությունները մարդ կբերեին, ոնց որ ասում էր ՀԱԿ-ը: Բա ո՞ւր ա էդ ժողովուրդը:



- Իսկ առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա պայքարը ընդդիմադիր դաշտում:



- Մենք պայքարում ենք արդեն: Բոլոր գործողությունները կատարելու ենք՝ հանրահավաքներ, պիկետներ, երթեր: