Եթե չեն կարողանում քննադատական խոսք լսել, տկար են եւ վախենում են

Եթե չեն կարողանում քննադատական խոսք լսել, տկար են եւ վախենում են
Մեր զրուցակիցը լրագրողների եւ հասարակության տեղեկացված լինելու իրավունքը պաշտպանող «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության Վիեննայի գրասենյակի ներկայացուցիչ Ռուբինա Մյուհրինգն է, ով որոշ չափով տեղյակ է Հայաստանում խոսքի ազատության առկա տխուր իրավիճակին, մասնավորապես ՀԺ խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկմանը:



Ռուբինա Մյուհրինգը հայտնի լրագրող է Ավստրիայում եւ գերմանախոս երկրներում: Այժմ նա զբաղվում է փախստականների խնդիրներով, եւ շուտով լույս կտեսնի նրա հոդվածների եւ էսսեների ժողովածուն՝ նվիրված այդ թեմային:



- Մեզ հաճախ թվում է, թե Եվրոպայում եւ մասնավորապես Եվրամիության երկրներում խոսքի ազատության հետ կապված խնդիրներ չկան: Արդյոք ճի՞շտ է այդ պատկերացումը:



- Լուրջ խնդիրներ կան Հունգարիայում, որտեղ մամուլի բոլոր տեսակների վրա վերահսկողություն կա: Իսկ Հունգարիան Եվրամիության անդամ երկրներից է եւ հիմա նախագահում է այդ կառույցում: Այնտեղ օրենք կա, որը հնարավորություն է տալիս տուգանել լրատվամիջոցներին, եւ հենց այդ միջոցով էլ սահմանվում է այդ վերահսկողությունը: Այնտեղ այդ օրենքի մասին նյութ պատրաստող մի ռադիոլրագրողի գործազրկել են:  Օպերային թատրոնի տնօրենը նույնպես գործազրկված է, որովհետեւ ուզում էր բեմադրել մի տեսարան, որտեղ ժողովրդավարության խնդիրներ էին շոշափվում: Այստեղ՝ Ավստրիայում, հիմա իրավիճակը լավ է: 2000-2006 թթ.  Ավստրիան ուներ աջակողմյան կառավարություն, որը փորձում էր ճնշում գործադրել լատվամիջոցների վրա: Այդ ժամանակ արդարադատության նախարարն ուզում էր փոխել մամուլի մասին օրենքը, ըստ որի՝ լրագրողներին կարելի կլիներ նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել: Դա բողոքի մեծ ալիք առաջացրեց, եւ այդ նոր օրենքը տապալվեց, իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարությունն աշխատում է եւ ուժի մեջ է: Մամուլի ազատությունը մարդկային իրավունք է, որ պետք է անպայման ճանաչվի:



- Հայաստանում ամենախոշոր բիզնեսմենները, եթե կարելի է նրանց այդպես անվանել, նաեւ քաղաքական գործիչներ են եւ իրենց ֆինանսական միջոցներն օգտագործում են մամուլի վրա ճնշումներ իրականացնելու համար: Եվրոպայում եւ մասնավորապես Ավստրիայում կա՞ն արդյոք քաղաքական գործիչներ, որոնք օգտագործում են իրենց պաշտոնը՝ ի շահ իրենց բիզնեսի, եւ լրատվամիջոցներ, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական գործչի բիզնես շահը:



- Եվրոպայում այդպիսի ֆենոմեն կա Սիլվիո Բերլուսկոնի անունով: Իտալիան Եվրամիության հիմնադիրներից մեկն է, եւ հունգարացիները շատ հեշտությամբ կարող են ասել՝ տեսեք, թե Իտալիայում ինչ է կատարվում, ուրեմն էլ ի՞նչ եք ուզում մեզանից: Ավստրիայում վիճակը տարբեր է, որովհետեւ լրատվամիջոցների մեծ խտություն կա, եւ    բազմակարծությունն ապահովվում է: Մամուլի կամ այլ լրատվամիջոցների կենտրոնացումն ընդհանրապես շատ վտանգավոր է: Այդ միտումները կան Անգլիայում, Ֆրանսիայում, նաեւ Գերմանիայում: Մի բան կասեմ` փողն է իշխում աշխարհի վրա:



- Որպես լրագրող, որը գիտի եւ հասարակության հետաքրքրության շրջանակը, եւ կառավարական օղակների, կարո՞ղ եք ասել, թե ինչքանով են Եվրամիությանը հետաքրքիր մեր տարածաշրջանում, մասնավորապես Այսրկովկասի երեք հանրապետություններում ծավալվող ժողովրդավարական գործընթացները:



- Իհարկե, դա կախված է նրանից, թե համագործակցության ինչ մակարդակի վրա են գտնվում տվյալ երկիրը եւ Եվրամիությունը: Ղազախստանը` նավթով, որը շատ կարեւոր է, կովկասյան հանրապետություններն ինչ-որ չափով  հետաքրքրություն ներկայացնում են Եվրոպայի համար, բայց Եվրամիությունը մի քանի տարի առաջ հնարավորություն չի ունեցել բոլոր երկրների նկատմամբ անհրաժեշտ եւ արժեքավոր հետաքրքրությոն ունենալ: Բայց մի քայլ առաջ է, որ Հայաստանում գոնե բողոքը կա ժողովրդի կողմից: Այդ բողոքը, ուժը առաջին հերթին հենց երկրի մեջ պետք է լինի եւ հենց երկրից գա: Պետք է մտավորականները, լրագրողները դիմեն Եվրամիություն կամ Եվրախորհուրդ եւ տեղեկություն հասցնեն, թե ինչ է կատարվում: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է արձագանք ունենալ:



- Քանի որ Դուք զբաղվում եք ներգաղթյալների խնդիրներով, ուզում եմ Ձեզ մի «միամիտ» հարց տալ: Մի կողմից հասկանալի է, որ ներգաղթյալների հոսքը դեպի Եվրամիություն ժողովրդագրական խնդիրներ է լուծում, սակայն, մյուս կողմից, այդ շարունակական ներհոսքը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Իսկ Հայաստանի նման երկրներից արտագաղթողների մի մասը դեպի Եվրոպա է գալիս ոչ այնքան կենցաղային վատ պայմանների պատճառով, որքան երկրում իշխող արժեհամակարգի, ժողովրդավարության առկա վիճակի պատճառով: Արդյոք հենց Եվրոպայի շահից չի՞ բխում օժանդակել ժողովրդավարական գործընթացների կայացմանը եւ այդպիսով կանխել նաեւ այդ հոսքը:



- (Ծիծաղում է) Եվրոպայի շատ պետություններ շատ խիստ են փախստականների նկատմամբ: Եվրամիությունը հիմա ցանկանում է մի օրենք ունենալ բոլոր անդամ երկրների համար: Պահպանելով մարդկային իրավունքները, ազատությունները եւ այլն: Ավստրիան շատ խիստ է վերաբերվում ներգաղթյալներին, իսկ հիմա օրենքի փոփոխություն կա, որ ավելի է դժվարացնում ներգաղթը: Ներգաղթյալները դրական պատասխան ստանալու շատ փոքր հնարավորություն ունեն: Պաշտոնյաները շատ քիչ տեղեկություններ ունեն այն երկրների մասին, որտեղից ներգաղթած փախստականների հարցերն են քննում եւ աշխատում են մասնագետների հետ, որոնք նույնպես գաղափար չունեն այդ երկրների մասին: Որոշումներ կան, որ արդարացի չեն, մարդկային չեն: Օրինակ ես մի հայ գիտնականի հրաշալի ընտանիք գիտեմ:  Մի քանի տարի է, ինչ Ավստրիայում են, բայց մերժում են նրանց, եւ կարգավիճակ չունեն: Աշխատում է, բայց ոչ իր մասնագիտությամբ: Երեխաները սովորում են: Նրանք արժեք են Ավստրիայի համար, ինչպես որ Հայաստանի համար արժեք կլինեին, եթե Հայաստանում լինեին: Բայց նրանց կյանքը Հայաստանում երեւի հիմա վտանգի տակ կլինի:



- Իմ կարծիքով՝ Հայաստանից արտագաղթողների ճնշող մեծամասնությունը զուտ տնտեսական պատճառներով է արտագաղթում: Մարդիկ, որ քաղաքացիական ակտիվություն չեն ցուցաբերել, հեռու են եղել հասարակական կամ քաղաքական շարժումներից, այստեղ գալով՝ հալածյալ են ներկայանում, օգտագործելով Հայաստանում առկա քաղաքական լարված իրավիճակը: Իհարկե, նրանք ճնշումների կենթարկվեին, եթե քաղաքացիական դիրքորոշում ունենային եւ պայքարեին գործող վարչակարգի դեմ, այնպես, ինչպես հասարակության այն հատվածը, որ իսկապես ճնշումների եւ հալածանքի է ենթարկվում, շարունակելով երկրի ներսում պայքարել իր իրավունքների համար:  Քանի որ Դուք փախստականների հարցերով եք զբաղվում, ուզում եմ Ձեզ հարցնել՝ կա՞ այդպիսի վիճակագրություն, թե ներգաղթյալների քանի տոկոսն է իսկապես հալածանքների ենթարկվել իր երկրում եւ որ մասն է արտագաղթել զուտ տնտեսական պատճառներով:



- Ոչ, այդպիսի վիճակագրություն չկա, որովհետեւ տնտեսական պատճառով փախստական դարձածները չեն ասում, որ այդ պատճառով են դարձել փախստական, քանի որ այդ դեպքում մերժում կստանան: Բայց կան երկրներ, որտեղ պատերազմական իրավիճակներ են, Ասիայից, Չեչնիայից, նախկին Հարավսլավիայի երկրներից, որոնք այդ միջոցով են գալիս: Նրանք ասում են, որ իրենց կյանքն են փրկել: Իհարկե, փախստականների մեջ ստախոսներ կան: Ստախոսներ բոլոր տեղերում էլ կան, նաեւ ավստրիական հասարակության մեջ: Բայց կարծում եմ, որ դրանք փոքրամասնություն են կազմում: Սակայն մեծ խնդիր է, երբ քրեական հանցագործներն են հասնում այստեղ:



- Ինչո՞վ կարող է օգնել Ձեր կազմակերպությունը Հայաստանում ճնշումների եւ հետապնդման ենթարկված լրագրողին կամ լրատվամիջոցին:



- Շատ կարեւոր է, որ այդ մարդիկ ակտիվ լինեն, կապ հաստատեն մեր կազմակերպության հետ: Մենք կարող ենք հրապարակել այդ փաստերը եւ ներկայացնել մեր կառավարական օղակներին: Դա կարող է ինչ-որ մի ձեւով ազդել ձեր կառավարության վրա: Լավ եմ պատկերացնում, որ շատ-շատերը խուսափում են դրանից, որովհետեւ դա կարող է նոր հետապնդման պատճառ դառնալ:



- Հիմա Հայաստանում իշխանության բարեհաճությունը վայելող եւ կառավարող կուսակցությունը ներկայացնող օլիգարխ պատգամավորները, ինչպես նաեւ իշխանության կերակրատաշտից օգտվող ապաշնորհ «արվեստագետները» բարոյական վնասի փոխհատուցման պահանջներով դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ եւ փորձում են տուգանքների միջոցով զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին: Ինչպե՞ս կգնահատեք Դուք իշխանության այս պահվածքը: Այսպիսի հարց եմ տալիս, որովհետեւ եթե մեր իշխանությանը հարցնես՝  դրանք ճնշումներ չեն:



- Դրանք ազատ խոսքի ճնշման միջոցներ են իհարկե: Իշխանությունն ընդհանրապես, եւ ժողովրդավարական, եւ ոչ ժողովրդավարական երկրներում դժվարություններ ունի, երբ մամուլն ազատ է, եւ քննադատական մոտեցում ունի, որովհետեւ նրանք պարզապես ուզում են վերընտրվել: Ժողովրդավարական երկրներում քաղաքական գործիչները պարզապես հասկացել են, որ խելոք չէ մամուլի դեմ ինչ-որ բան անել, ինչ-որ քայլեր ձեռնարկել: Բայց Եվրոպայում էլ կան Իտալիան եւ Հունգարիան, սակայն այնտեղ էլ շատ ուժեղ ձեւով են բողոքում դրա դեմ: Մարդիկ իրավունք ունեն տեղեկացված լինել, եւ մեր կազմակերպությունը միայն լրագրողներին չէ, որ սատար է կանգնում, նաեւ հասարակության՝ ազատ տեղեկություն ստանալու իրավունքին: Ինչ-որ տկարության նշան է դա: Եթե իշխանությունը կամ իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում քննադատական խոսք լսել կամ չեն դիմանում քննադատությանը, նշանակում է՝ տկար են եւ վախենում են: Այսօր նրանք կարող են այդ ճնշումներով ինչ-որ բանի հասնել, բայց վաղը դա շրջվելու է նրանց դեմ: