Բրիտանիան ուզում է ճնշել Իրանին

Բրիտանիան ուզում է ճնշել Իրանին
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը կարծում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել Իրանի նկատմամբ խաղաղ ճնշումը: «Միջազգային ճնշումը Իրանի նկատմամբ նրա համար է, որ բանակցություններն առաջ ընթանան»,- Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հեյգը: Իսկ Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանն այլեւս չի միանա Իրանի դեմ կիրառվող սանկցիաներին:



Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները տեղի ունեցան Իրանի եւ վեցնյակի միջեւ` Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա: Բանակցող կողմերից մի քանիսն արդեն հայտարարել են բանակցային սեղանի շուրջ եւս մեկ անգամ նստելու պատրաստակամության մասին, սակայն Իրան-վեցնյակ հանդիպում առաջիկայում նախատեսված չէ:



Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը նաեւ անդրադարձել է այս օրերին Թեհրանում եւ Իրանի այլ քաղաքներում ընթացող հակակառավարական բողոքի ցույցերին: «Իրանը կողմ է հանդես գալիս Եգիպտոսում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, մինչդեռ Իրանի ժողովրդին արգելվում է նույն բանն անել»,- Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Իրանի իշխանության նման վարքը գնահատել է որպես երեսպաշտություն: Իրանի ընդդիմությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների: