Օբամայի իմիջի մեջ

Օբամայի իմիջի մեջ
Երեկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց զարմացնել ոչ միայն մեզ բոլորիս, այլեւ իր կուսակիցներին, որոնք Համազգայինում կայացած համագումարի ժամանակ անսպասելի տեղեկացան, որ նա պատրաստվում է անժամկետ հացադուլ հայտարարել: Ճիշտն ասած՝ հացադուլի իմաստը գրեթե անհասկանալի մնաց, քանզի պահանջներ, որպես այդպիսին, առաջ չքաշվեցին, եւ հասկանալի չեղավ, թե ինչ է ուզում պրն Հովհաննիսյանը եւ ինչ պայմաններում կդադարեցնի այդ հուսահատ քայլը: Անշուշտ, տպավորիչ էին մոտ 30 կիլոգրամ նիհարած, սափրած բեղերով, Օբամային շատ հիշեցնող առաջնորդի ելույթն ու արտառոց քայլը: Բայց ազատ ու արդար ընտրությունների թեմայով հացադուլ հայտարարել այն ժամանակ, երբ առաջիկա ընտրություններին դեռ մեկ տարուց ավելի ժամանակ կա, տարակուսանքի տեղիք տվեց: Մյուս կողմից, մեր ճապաղ ու տխուր քաղաքական կյանքում նման էքստրեմալ քայլերի կարիք կա, որ մարդիկ ցնցվեն, հասկանան, որ լավ կյանքի, ընտրված իշխանությունների ու արդարության համար կենաց-մահու պայքար է հարկավոր մղել: Նրանք, ովքեր այդ պայքարն իրականացնում են այլոց ձեռքերով, երբեք հաջողության չեն հասնի: Այդ պայքարի մի փուլն էլ սեփական անձին նեղելն է, փափուկ կյանքից հրաժարվելը: Բայց այս մտածողությունը մեզ՝ հայերիս, շատ է խորթ: Եթե քաղաքական գործիչ կոչվող մեկը, որն ԱԺ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցնում, հայտարարում է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հաճելին օգտակարի հետ զուգակցել՝ հրապարակային պաս է հայտարարել, ապա ինչ պահանջես շարքային մարդկանցից: Մեկն ասի՝ հարգելի պարոն, իսկ դու ինչո՞ւ չես փորձում հաճելին օգտակարի հետ զուգակցել, քո 100 կիլոգրամ քաշի դեպքում այդ քայլը շատ ավելի օգտակար կլիներ, քան «Ժառանգության» ղեկավարի պարագայում է: