Պատերազմ մամուլին

Պատերազմ մամուլին
Հերթը «Հրապարակինն է», ո՞վ է հաջորդը, գրել էր երեկ կայքերից մեկը՝ տեղեկանալով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել մեզ: Պահանջը, ինչպես ասում են, նույնն է՝ պատվի ու արժանապատվության ոտնահարում, զրպարտություն-վիրավորանք, անգամ գումարի պահանջն է նույնը՝ 6 միլիոն դրամ: Կհարցնեք՝ ինչո՞ւ հենց վեց միլիոն: Ասեմ՝ դա առավելագույնն է, որ կարելի է պահանջել, ելնելով մեր քաղաքացիական օրենսգրքի ընձեռած հնարավորություններից: Ճիշտ է՝ 3 մլն դրամ փաստաբանական ծախսերի համար, երբ ընդամենը 1 կիսագրագետ հայցադիմում է գրվել, մի քիչ շատ է: Հայաստանում շատ ավելի բարձր որակավորում ունեցող փաստաբաններ կան, որոնք շատ ավելի համեստ գնով ու ավելի գրագետ կանեին այդ գործը, բայց սա էլ չէ կարեւոր: Երեկ ողջ օրն ինձ հարցնում էին՝ ի՞նչ խնդիր է իր առաջ դրել Ռոբերտ Քոչարյանը, ինչի՞ է հասնելու մամուլի դեմ ձեռնարկված այս դատավարություններով: Անկեղծ ասած՝ չգիտեմ: Գուցե փորձում է լռեցնել, վախեցնել լրագրողներին, որ իր մասին գրելիս «կամ լավ, կամ ոչինչ» սկզբունքով առաջնորդվեն: Գուցե ուզում է ուժեղ, անկոտրում գործչի իմիջն ամրապնդել թույլ ու բարեհոգի Սերժ Սարգսյանի ֆոնին: Գուցե նախապատրաստվում է ակտիվ քաղաքականություն վերադառնալուն եւ ուզում է իրեն վնասող ոչ մի հրապարակում տեղ չգտնի մամուլում, որ հասարակական կարծիքն իր կողմը շրջվի: Վերջին ենթադրությունը, կարծում եմ, ֆանտաստիկայի ոլորտից է՝ քաղաքականություն վերադառնալու ծրագրեր ունեցող անձը ոչ մի պարագայում այսպես չէր թշնամանա ու իր դեմ չէր տրամադրի ողջ լրատվական դաշտը: Եթե մինչ օրս նրան բացասաբար վերաբերվողների թվում հասարակ ժողովուրդն էր, ապա այսուհետ լրագրողական համայնքն էլ կմիանա այդ բանակին: