3 մլն՝ վասն անգրագիտության

3 մլն՝ վասն անգրագիտության
Մեր թերթի դեմ հայցադիմում ներկայացրած իրավաբանական գրասենյակի ղեկավար Սարգիս Գրիգորյանը (Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ) «slaq.am»-ին տված հարցազրույցում երեկ ուշագրավ մտքեր է հայտնել: Մասնավորապես՝ հպարտացել է իր կրթությամբ, թե Շվեդիայում եւ Անգլիայում է սովորել ու աշխատել: Իսկ մամուլի դեմ իրենք թիմով են աշխատում: Պարզապես զարմանալ կարելի է, թե մի ամբողջ թիմ ինչպես չի կարողանում գոնե գրություններում տառասխալներ չանել: Բայց սա չէ էականը, այլ այն, որ այսպիսի կենսագրություն ունեցող հմուտ իրավաբանը իրավական առումով խոցելի մտքեր է հայտնել: Լրագրողի հարցին, թե ինչու է իրենց վստահորդն այդքան մեծ գումար՝ 6 մլն դրամ պահանջել «Հրապարակից», «մեծն» իրավաբանը պատասխանել է. «Որովհետեւ օրենսդրության մեջ ֆիքսված է 1 մլն եւ 2 մլն՝ զրպարտության եւ վիրավորանքի համար: Մենք խնդրել ենք դատարանին, որ կիրառեն այդ շեմերը: Եթե նախատեսված լիներ ավելի ցածր նորմ, մենք դա կպահանջեինք»: Այստեղ են ասել՝ քեզ իրավաբանություն դասավանդողի… Մենք հիմա սույն իրավաբանին գրագիտության դաս չենք տա, պարզապես մեջբերում կանենք մարդու իրավունքների պաշտպանի՝ երեկ մեզ ուղղված նամակից. «Օրենքը որոշակիորեն սահմանափակում է իրեն վիրավորված համարող անձի ակնկալիքը` որպես վնասի փոխհատուցում, հստակ սահմանելով. վիրավորանքի դեպքում՝ մինչեւ 1 միլիոն, իսկ զրպարտության դեպքում՝ մինչեւ 2 միլիոն դրամ, ընդ որում` դրանք առավելագույն չափերն են, եւ եթե, այնուամենայնիվ, փոխհատուցում նշանակվում է, ապա այս դեպքում եւս, Եվրոպական դատարանի նախադեպային սկզբունքները հաշվի առնելով, գումարը կարող է լինել անհամեմատ փոքր» (էջ 4): Եվ նման գիտելիքներ ունեցող փաստաբաններին 3 մլն դրամի հասնող հոնորարներ են վճարում: Խայտառակություն: