Զգուշությունը լավ բան է

Զգուշությունը լավ բան է
ՀՀ ոստիկանությունը երեկ հերքել է Սիսիանի թիվ 2 դպրոցի բակից աշակերտուհիներից մեկին առեւանգելու փաստը: Հիշեցնենք, որ Սիսիանում տարածված լուրերի համաձայն, առեւանգվել էր 5-րդ դասարանի աշակերտուհիներից մեկը: Ըստ դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանի, դպրոցում սովորող աշակերտներից մեկը դպրոց գալիս  քրոջը պատմել է, որ արտասահմանում երեխաներ են առեւանգում:



Ու դասապրոցեսին, երբ այս աղջիկը դուրս է եկել ջուր խմելու, նկատել է, որ մորուքավոր մի մարդ, աշակերտուհու ձեռքից բռնած՝ դպրոցից դուրս է գալիս: «Աղջկա մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ առեւանգում է, ու ինքն այդպես պատմում է բոլորին: Իսկ իրականում պապիկն իր թոռանը դպրոցից տուն էր տանում»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց տնօրենը:



Ամեն դեպքում, Սիսիանում մարդիկ տագնապած են եւ, մեր տեղեկություններով, դպրոցի մանկավարժներին, ծնողներին զգուշացրել են, որ ցածր դասարաններում սովորողները դպրոց գան ու գնան մեծերի ուղեկցությամբ: Եթե ամեն ինչ խաղաղ է, ապա զարմանալի է, որ նման նախազգուշական քայլեր են ձեռնարկվում: Սիսիանցիների պատմելով, երեկվանից ոստիկանները հերթապահում են քաղաքի դպրոցների տարածքներում: