Դատավճիռը վաղը պարզ կդառնա

Դատավճիռը վաղը պարզ կդառնա
Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ կայացել է ամիսներ առաջ Լոռու մարզում կաշառակերության համար ձերբակալված բժշկուհիների դատը։ Բժշկուհիներից մեկը՝ Սպիտակի բժշկական կենտրոնի նյարդաբան Ֆիլոմենա Մոսոյանը, ընդունել է իր մեղքը, իսկ ահա Գայանե Գասպարյանը, ով աշխատում էր Վանաձորի թիվ 2 հիվանդանոցում, չի ընդունել։



Գ. Գասպարյանը մեղադրվում է Արմենուհի Ասոյանին «կեղծ էպիկրիզ տալու դիմաց 20 հազար դրամ» վերցնելու մեջ, իսկ Ֆ. Մոսոյանը՝  նույն անձին «թոշակ ստանալու համար անհրաժեշտ հաշմանդամության կարգ ձեռք բերելու փաստաթղթերը կազմելու խոստումով» նրանից 35 հազար դրամ ստանալու մեջ: Եվ այս չնչին գումարների համար տարիքն առած կանայք երեք ամիս է՝ կալանավորված են:



Գայանեի փաստաբան Ռուբեն Հակոբյանը դատարանում նշել է՝  ըստ էության ստացվում է, որ իր պաշտպանյալը պարզապես դարձել է վիճակագրության զոհը։ Հիշեցնենք, որ երկու բժշկուհիները ձերբակալվել, այնուհետ երկամսյա կալանքի էին ուղարկվել։ Այսօր արդեն պետք է հրապարակվի դատավճիռը, ըստ որի՝ բժշկուհիները կամ ազատ կարձակվեն, կամ կձերբակալվեն։



Նշենք, որ ամբաստանյալների փաստաբանները երեկ տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, իրենց խոսքով ասած՝  մի շարք անօրինական գործողություններ են թվարկել, որոնք կատարվել են նախաքննության ընթացքում։ Ողջ դատական նիստի եւ այսօր հրապարակվելիք դատավճռի մասին կարդացեք մեր վաղվա համարում։