Ուղեւորները հասցրել են մեքենայից դուրս գալ

Ուղեւորները հասցրել են մեքենայից դուրս գալ
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, հենց թունելի մեջ այրվել է ուղեւորներով լի «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքը տեղի է ունեցել 19։30-ի սահմաններում: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Հրդեհի պահին մեքենայում գտնվող բոլոր ուղեւորները կարողացել են դուրս թռչել մեքենայից եւ փրկվել։



«ՌԱՖ»-ն ամբողջությամբ այրվել է։  Թունելի երկու կողմում մեծ խցանում էր առաջացել, այնուհետ այրված մեքենան քարշակի օգնությամբ դուրս է բերվել թունելից, ու ճանապարհային ոստիկանների կողմից կարգավորվել է տրանսպորտային երթեւեկը։ «ՌԱՖ» մակնիշի 68 OL 643 մեքենայի վարորդ, Թումանյան քաղաքի բնակիչ Մայիսկա Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական լարերի անսարքությունից.



«Երբ մտանք թունել, մոմենտի տակ լույսերը զամիկանի տվեցին, ու միանգամից բռնկվեց ավտոն. հազիվ դուրս եկանք միջից»։ Բարեբախտաբար, գազի բալոնը հրդեհի ժամանակ չի վնասվել, հակառակ դեպքում պայթյուն կառաջանար։ Վարորդի պատմելով, մեքենայում եղած ուղեւորները Փամբակ կայարանի աշխատակիցներն են եղել, ովքեր գործից տուն էին վերադառնում։



Սա երկրորդ դեպքն է, երբ Ալավերդի քաղաքում մեքենա է այրվում՝ կրկին էլեկտրալարերի անսարքության պատճառով։ Երկու դեպքում էլ մեքենաներն անցել էին տեխզննում։