Խանգարում են զորակոչին

Խանգարում են զորակոչին
Երեք օր է, ինչ հանրապետությունում մեկնարկել է 2011թ. գարնանային զորակոչը: Մինչ մեկնարկը, Սյունիքի մարզխորհրդի նիստում Գորիսի զինկոմ մայոր Մելիքսեթ Պողոսյանը հայտարարել է, որ մարզի զինվորական կոմիսարիատները պատրաստ են բարձր մակարդակով անցկացնելու այս զորակոչը եւ կատարելու առաջադրանքը: Սա թերեւս մարզի չորս զինկոմիսարիատների համար աննախադեպ չէ:  Անցած տարվա գարնանային եւ աշնանային զորակոչի ժամանակ ցուցաբերած բարձր արդյունքների համար ՊՆ-ում տարեկան արդյունքների ամփոփման ժամանակ  Սյունիքը ճանաչվել է լավագույնը:



Ըստ պատասխանատուների, Սյունիքում զորակոչից խուսափողների թիվը համեմատաբար քիչ է մյուս մարզերից: Սա, սակայն, զինկոմիսարիատներին չի ոգեւորում, ու համարյա միշտ փորձում են հայտնաբերել  չհաշվառված զինակոչիկների ու  ներկայացնել զորակոչային հանձնաժողովին: Զորակոչի գործում էլ դժվարություններ կան: Մարզի որոշ համայնքներում զինապարտ քաղաքացիների հաշվառման գրանցամատյանները ձեւական բնույթ են կրում, ու չեն ընդգրկվում քաղաքացիների բոլոր տվյալները:



Թերեւս այստեղ թերանում են տեղական ինքնակառավարման մարմինները, ում գործառույթն է դա: Նրանք են պարտավոր այդ գործընթացն անել ու ներկայացնել զինկոմիսարիատներ: Այլ խնդիր է զինակոչիկներին մարզից ստացիոնար հետազոտման նպատակով մայրաքաղաք ուղարկելը: Գործող կարգով սահմանված ու նրանց տրվող ճանապարհածախսը չի համապատասխանում ներկա գներին:



Հիվանդանոցում մասամբ է լուծվում սննդի հարցը կամ դրա դիմաց տրվող դրամական փոխհատուցումը: Հիվանդանոցները գերծանրաբեռնված են, եւ հետազոտման ուղարկված զինակոչիկները ժամանակին չեն կարողանում հետազոտվել եւ ներկայացնել եզրակացություններ: Հիմնականում այս խնդիրներն են, որ խանգարում են զորակոչի նորմալ կազմակերպմանը: