Հացը

Հացը
Երեւան: Պատերազմ: Ես` տասը տարեկան: Որբ: Բախտակից եւ համարյա հասակակից մի քանի ընկերներով բնակվում էինք մոտակա շենքերից մեկի տանիքում: Այդ ժամանակ մեր ապրուստի հիմնական միջոցը մարդկանց ձեռքից հաց փախցնելն էր: Անգիր գիտեինք հացի խանութի մոտակայքի բոլոր ծակուծուկերը, թաքստոցները: Մեր միակ զենքը ճարպկությունն էր: Այդ իմաստով մեզ հետ մրցելն անիմաստ էր:



Իջնում էինք տանիքից, թաքնվում մի հարմար անկյունում եւ սպասում հացով առաջինը դուրս ելնողին: Հենց նա երեւար, մենք հարմար պահն ընտրում եւ հարձակվում էինք: Հարձակման ժամանակ մեզ երբեմն բռնում էին: Նրանց մեջ լինում էին խղճովներ եւ անխիղճներ: Առաջինները մի թեթեւ ծեծելով բաց էին թողնում, իսկ մյուսները պինդ բռնում էին, որ չկարողանանք պոկվել, եւ միլիցիա էին քարշ տալիս: Միլիցիա ընկնելը մի առավելություն ուներ. հացի խնդրի մասին մի քանի օր մոռանում էինք, իսկ փոխարենը մի լավ ծեծ ուտում:



Մեր օրերը լարված էին անցնում. խաղալու եւ ուրիշ բաներով զբաղվելու ժամանակ չկար: Մեր հարձակումից տուժածները հաճախ բղավում էին՝ «բռնեցեք գողին», եւ խմբով վազում էին մեր ետեւից: Երբեմն հրաշքով փրկվում էինք, իսկ եթե բռնում էին, մինչեւ տուժողի մոտենալը, վրա-վրա ագահորեն ուտում էինք, որպեսզի հասցնենք հնարավորին չափ շատ ուտել: Պարզ չէր, թե դրանից հետո մեզ ինչ էր սպասվում: Այդ ընթացքում նրանք բռունցքներով հարվածներ էին տեղում մեր գլխին, իսկ մենք շարունակում էինք ուտել, հաշվի չառնելով, թե կարող է խեղդվենք, որից հետո մեր միակ շահը կլիներ «կուշտ մեռնելը»: Որոշ խղճով մարդիկ այնպես էին բռնում, որ «պլստալու» հնարավորություն ունենանք:



Հերթական անգամ, մի քանի օրվա սովից հետո, երբ աչքերիս առաջ սեւանում էր, գլխապտույտ եւ սրտխառնուք էր առաջանում, դանդաղորեն իջա տանիքից` մի կտոր հաց ձեռք գցելու: Դժվարությամբ էի քայլում: Չնայած չկար որեւէ մեկը, որ հետաքրքրվեր իմ ճակատագրով, այնուամենայնիվ ենթագիտակցորեն` պատերից զգուշորեն բռնվելով, գնում էի դեպի փրկության վայր: Այնքան էի թուլացած, որ հույսս միայն ծերունիների վազելու անկարողության վրա էր:



Եվ ահա, որպես առաջին զոհ, խանութից դուրս եկավ Սանդուխտ մայրիկը` այդ օրերի համար զարմանալի գթասիրտ մի կին: Նրա ձեռքին մոտ երեք հարյուր գրամանոց բոքոն էր, որից արդեն մի կտոր պոկել ու տվել էր իր Վահագ թոռանը, որը պատառն ուտում էր տանջալիորեն դանդաղ, երկար ծամելով: Տեսնելով ինձ` Սանդուխտ մայրիկը կանչեց իր մոտ եւ հացի նույնչափ մի կտոր էլ ինձ բաժին հանեց: Ես դժվարությամբ վերցրեցի հացը: Մի՞թե ինձ` սովալլուկ տղայիս, հետ էր պահում այն միտքը, որ դա իր բաժինն է, եւ այն ինձ տալով, նա ամբողջ օրը սոված էր մնալու: Իհարկե, նման բան կար: Հացը վերցնելիս Սանուխտ մայրիկի աչքերում բարության օվկիանոս էի նշմարում: Նա հացն ինձ այնպես էր տալիս, կարծես իմ բաժինն էր: Հացի փոխանցման պահը սարսափազդու դրվագ էր, եւ ահռելի կամք էր պահանջվում, որ սովորության համաձայն` չխլեի նաեւ հացի մնացած կտորը: Ինձ թվում էր, թե Սանդուխտ մայրիկը լավ տեղյակ էր իմ մտքերին, եւ եթե նույնիսկ թռցնեի հացի մնացած կտորը, նա այնպես կձեւացներ, իբր ինքը տվեց:



Հացի իմ բաժինն արդեն ձեռքումս էր, եւ մոռացել էի, որ պիտի ուտեմ: Սանդուխտ մայրիկը սպասում էր առաջին բերանը կծեմ, որ ինքը հանգիստ գնա: Մեր հայացքները մեխվել էին իրար, եւ երկուսս էլ լուռ ու անշարժ կարծես ինչ-որ հրահանգի էինք սպասում: Այդ ընթացքում փոքրիկ Վահագն անուշ-անուշ ուտում էր իր բաժինը, եւ իմ մտքով երբեք չէր անցնում այն խլել, թեպետ ուրիշ անգամ հաստատ կանեի:



Սովի մասին լրիվ մոռացել էի, սակայն սովորույթով հացը տարա բերանս ու կծեցի: Սանդուխտ մայրիկը խաչակնքեց եւ արցունքն աչքերին հեռացավ: Դրանից անմիջապես հետո սովի զգացումը վայրենի ձեւով` ակնթարթորեն գլուխ բարձրացրեց մեջս, եւ թվում էր, թե ուր որ է` առանց ծամելու հացի ողջ կտորը կուլ կտամ: Սակայն անմիջապես արգելակվեցի եւ կյանքում առաջին անգամ հասկացա` ինչ դաժան բան է, երբ կոնկրետ որեւէ մեկի բաժինն ես ուտում:



Սանդուխտ մայրիկն արդեն կամաց-կամաց հեռանում էր, եւ մեջս լոկ մի միտք էր հասունանում՝ հասնել նրան եւ վերադարձնել իր բաժին հացը: Անտեսելով տկարությունս, ուժերի գերագույն լարումով սկսեցի վազել նրա ետեւից, որպեսզի վայրկյան առաջ հասնեմ եւ, հանձնելով իր բաժին «ապրանքը», ազատվեմ այդ ճնշող եւ կոկորդ սեղմող վիճակից: Վազում էի ուժերի մեծագույն լարումով, սակայն չէի հասնում: Աստված իմ, մի՞թե այդ պարկեշտ կինը` կռահելով իմ մտադրության մասին, ավելի մեծ արագությամբ էր վազում, որպեսզի չհասնեմ իրեն: Իմ ճանապարհն ինձ թվում էր դարուփոսերով, խոչընդոտներով լի, որից էլ մեր միջեւ ընկած տարածությունը գնալով ավելի էր մեծանում: Շատ կարճ ընթացքում լրիվ «կորցրեցի» Սանդուխտ մայրիկին:



Այդ պահին ես ոչինչ չէի ընկալում: Ուղեղս հանկարծակի մթագնեց, եւ հեւասպառ փռվեցի գետնին: Հայտնի չէ ինչքան ժամանակ անցավ այդ պահից, սակայն հենց սթափվեցի, անմիջապես ձեռքերով ափլփելով ինչ-որ բան էի փնտրում: Չկար...: Հացս տարել եւ խորամանկորեն ինձ ուշքի չէին բերել, որ չիմանամ, թե ովքեր են: Թերեւս արդար հաց վաստակելու իմ եզակի փորձն անհաջողությամբ պսակվեց:



Չմեռանք՝ ապրեցինք...: Տարիներ հետո միայն հասկացա, որ մայրական սերը ցնորքներ է ծնում եւ անհավանականը դարձնում իրական: Հենց այդ սիրո շնորհիվ գոյատեւեցինք...



Անանիա Մաղաքյան