Սթափության կոչ հանուն հայրենիքի

Սթափության կոչ հանուն հայրենիքի
Բանակները չեն պարտվում եւ չեն հաղթում. հաղթում են ժողովուրդները, որոնք պատրաստ են կռվելու եւ պայքարելու: Արցախյան ազատամարտում հայկական կողմը կռվում էր թվապես եւ տեխնիկապես մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ, սակայն հաղթեց, որովհետեւ առկա էին ազգային բարձր ոգին եւ պետականության նկատմամբ հավատը: Ճիշտ է, այսօր ունենք մարտունակ եւ հզոր բանակ, արհեստավարժ սպաներ, ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, սակայն չպետք է մոռանալ, որ նույն գործընթացը կատարվում է նաեւ մեր հակառակորդ երկրում:



Ադրբեջանի զինված ուժերում այսօր կա մոտ 130 հազար զինծառայող, ինչն երկու անգամ ավելի է, քան հայկական զինված ուժերում: Տանկերի, ինքնաթիռների եւ հրետանային միջոցների գծով Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է մեր զինված ուժերին: Այդ երկրի ռազմական բյուջեն 2011թ. արդեն իսկ 3 մլրդ 200 միլիոն է, ինչը հավասար է Հայաստանի պետբյուջեին:



Նման պայմաններում մեր պետական պաշտպանունակությունն անվտանգ եւ կայացած կարելի է համարել, եթե կարողանանք ապահովել երկու կարեւորագույն պայման. առաջինը պահեստային ուժերի մարտունակությունն է ու բարոյահոգեբանական այնպիսի վիճակը, որի ժամանակ յուրաքանչյուր պահեստային հանուն հայրենիքի պատրաստ է համալրել բանակի շարքերը: Երկրորդ պայմանն այն է, երբ հասարակությունն ամբողջությամբ պատրաստ է մարտնչելու ազգային նպատակների համար:



Ադրբեջանի 9 մլն բնակչությունից պահեստայինների թիվը կազմում է 1 մլն 500 հազար տղամարդ: Այդ նույն թիվը Հայաստանում մոտավորապես երեք անգամ պակաս է, եւ եթե դրան գումարենք նաեւ արտագաղթի հսկայական մասշտաբը, ապա կտեսնենք, որ մեր պետական դիմադրողականությունը շատ խոցելի է:



Նման պայմաններում առավել զարմանալի է մեր պետության վարած անհեռատես եւ կործանարար քաղաքականությունը, երբ անտեսվում են ոչ միայն երկրապահ ազատամարտիկները, այլեւ 1992-94թթ. պարտադիր ժամկետային զինծառայող, պատերազմում հաղթած հայ զինվորները: Վերջին տարիների ընթացքում հայ ներքաղաքական բառապաշարում մերժվում են հաղթանակ կերտած երկրապահի անունն ու կերպարը, եւ հայ լրատվամիջոցներն ու հեռուստաեթերը լցված են ամեն ինչով, սակայն ոչ ազգի համար կյանքը զոհած հերոսների կերպարներով:



Այն, որ այսօր իշխանության եւ քաղաքականության մեջ քիչ են ազգի համար մարտնչածները, դա ունի օբյեկտիվ պատմական հիմք, որովհետեւ կա հայի այնպիսի տեսակ, որը, բացի պաշտոնից ու բարեկեցությունից, մտածել ու պայքարել է իր ազգի համար եւ չի ձգտել հասարակական-պետական պաշտոնական դիրքի: Այսօր հայ-ադրբեջանական բանակցությունները հասել են այնպիսի կետի, երբ պետք է լուծվի կամ տաք, կամ սառը պատերազմի միջոցով: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզայի ներկայությունը Այսրկովկասում հաստատում է այն պատմական ճշմարտությունը, որ քաղաքական զարգացումները տանում են պատերազմի, որովհետեւ Բրայզան էր, որ կարեւորագույն դեր կատարեց վրաց-օսական պատերազմի նախապատրաստման ժամանակ:



Նրա հանդիպումներն ադրբեջանական ռազմական գործիչների հետ եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունների ռազմատենչ ուղղվածությունը հաստատում են այս ճշմարտությունը: Այսօր իշխանական եւ կուսակցական գործիչների ինքնավստահ հայտարարություններն այն մասին, որ բանակցությունների գործընթացում հայկական կողմն ունի առավելություն, ճիշտ չէ: Ուզում եմ հիշեցնել 1918թ. սպարապետ Նազարբեկյանի խոսքերն առաջին հանրապետության կառավարությանը, որտեղ նա սթափության կոչ էր անում եւ նշում, որ Եվրոպան հեռու է, իսկ թուրքական բանակը կանգնած է Երեւանից հինգ օրվա հեռավորության վրա:



Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի անհրաժեշտ բոլոր պայմանները երկրի պաշտպանունակության շեշտակի բարձրացման համար: Հայոց բանակի ավագ եւ միջին սպայակազմը պատերազմի ժամանակ կկարողանա ղեկավարել ռազմական գործողությունները: Բացակայում է միայն իշխանությունների հայրենանվեր կամքը՝ համահավաք դարձնել երկրապահի եւ ազգաբնակչության ուժերը: Եթե մեր իշխանությունները շարունակեն իրենց նեղանձնական նկրտումները եւ հույս տածեն, թե արտաքին ուժերն իրենց կօգնեն, պարտությունն անխուսափելի կլինի:



1920թ. հայ-թուրքական երկրորդ պատերազմի ժամանակ հայոց կողմի պարտության հիմնական պատճառը ժողովրդի օտարումն էր իշխանությունից: Կարծես պատմությունը կրկնվում է: Իշխանությունը ոչ միայն օտարված է ժողովրդից, այլեւ ընկալվում է որպես թշնամի, իսկ Արցախյան հերոսամարտի մասնակից շատ սպաներ առանց պատճառաբանության ազատվում են պաշտոններից:



Ռուբիկ Բախշունց, պատմաբան, հասարակագետ