Մադինան՝ կուսակցական առեւտրի առարկա

Մադինան՝ կուսակցական առեւտրի առարկա
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղն այնքան է բարձր ու կտրված աշխարհից, որ թվում է, թե երկնքից է կախված՝ իր սարերով, արագահոս գետով ու չունեցած ճանապարհներով: Բարձրլեռնային գոտի է, գտնվում է ծովի մակերեւույթից 2247 մետր բարձրության վրա: Հայտնի է դաժան կլիմայական պայմաններով, տարվա մեծ մասն այստեղ ձմեռ է, եւ միայն չորս ամիս Սելիմի լեռնանցքով անցնող միակ ճանապարհն է փակ լինում: Տրակտորներով մի կերպ, եթե հնարավոր է, մաքրում են ձյունը:



«Գյուղն արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ճանապարհը 10 կմ է, որն անցնում է Վերին Գետաշենից Մադինա, ինչից մենք այսօր անկարող ենք օգտվել անանցանելի, քանդուքարափ լինելու պատճառով: Եթե շտապօգնություն կամ հրշեջ մեքենա ենք կանչում, հրաժարվում են այդ ճանապարհով գալ: «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկված էր ճանապարհի նորոգումը, բայց օրեր առաջ իմացանք, որ ինչպես մտցրել, այնպես էլ հանել են: Ստիպված՝ Սելիմի լեռնանցքով ենք գյուղ մտնում: Օրը մի անգամ ավտոբուս է աշխատում, այն էլ չեղած ճանապարհի պատճառով մեկ անվադողն է տրաքում, մեկ մաս է փչանում, ու շարքից դուրս է գալիս մեքենան: Աշխարհից, մարդկությունից կտրված՝ ապրում ենք: Այսօր ճանապարհը մեզ համար գերխնդիր է»,- նշում է Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը:



Մադինան ունի մոտ 200 տուն՝ 1226 բնակչով, հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, մեկ էլ տնամերձ հողակտորներում ցանում են կարտոֆիլ: Իսկ սեփականաշնորհված վարելահողերը գրեթե չեն մշակում: «Վառելանյութի, սերմացուի, պարարտանյութի թանկություն է, անմատչելի են: Տեխնիկան, որից օգտվում է ժողովուրդը, հնացած, սովետից մնացած: Գյուղի բնակչությունը հողի հետ կապված արդար աշխատանքով ապրող, աշխատանք սիրող ժողովուրդ է: Իսկ գյուղացին, որ կտրվել է հողից, դա իր մեղքը չէ»,- ասում է Մադինայի բնակիչ Խորեն Կարապետյանը:



Գյուղը զուրկ է պտղատու այգիներից, տներ կան, որոնք տնամերձ հողակտորներ էլ չունեն կարտոֆիլ ցանելու համար: Բարձրլեռնային դիրքը թույլ է տալիս հիմնականում զբաղվել անասնապահությամբ: Աշխարհից առանձնացված լինելու հետեւանքով իրենց անհրաժեշտ սննդամթերքը հենց իրենք են արտադրում: Սակայն ավելի շատ միս ու պանիր են արտահանում շուկա, քան համեմատաբար ցածրադիր գոտիներում գտնվող մի քանի անգամ մեծ համայնքները:



«Գյուղի խնդիրները գալիս են բնակլիմայական պայմաններից, ինչը թույլ չի տալիս լիարժեք զբաղվել գյուղատնտեսությամբ, եւ մեր գոյատեւելու միակ միջոցը մնում է անասնապահությունը: Դրամով հանդերձ՝ մենք կառչած ենք մեր հողին, եթե մենք զրկվենք մեր արոտավայրերից, կկորցնենք մեր ապրելու հնարավորությունը: Գյուղը կսկսի դատարկվել, եւ մարդիկ իրենց ապրելու միջոցը կփնտրեն այլ տեղերում: Եվ հիմա, հողերի խոշորացման հետեւանքով, մեզնից փորձում են խլել մեր արոտավայրերը»,- ասում է Մադինայի բնակիչ Արտուշ Մնացականյանը:



Օրեր առաջ հրապարակել էինք Մադինայի բնակիչների վրդովմունքը գյուղի արոտավայրերի օտարման կամ դրա հավանական վտանգի վերաբերյալ: Հարեւան Ներքին Գետաշեն համայնքի պետական սեփականություն համարվող հողերը, կառավարության 2010թ. հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշման համաձայն, ընդհանուր սահման ունենալով Մադինայի հետ, ընդգրկվել են Մադինայի վարչական տարածքում, որոնցից, սակայն, ներքինգետաշենցիներն են օգտվում:



Եվ Ներքին Գետաշենը մարզպետարանի հովանավորությամբ՝ կեղծ վարչական սահման հորինելու տարբերակով, փորձում է միանալ այդ հողերին: Միացման գիծը, շինծու ճանապարհը, անցնելու է Մադինայի միջով, ինչի հետեւանքով էլ փոքրանալու է համայնքի վարչական տարածքը՝ կորցնելով սահմանն իր հողերի հետ: Սահմանադրության պահանջով յուրաքանչյուր համայնքի պետական սեփականություն համարվող հողերն ու արոտավայրերը, որոնք իրենց վարչական տարածքում չէին, տրվեցին այն համայնքներին, որոնց հետ ընդհանուր սահման ունեին: Արդյունքում համայնքները կորցրին նախկին տարածքներից եւ նորերն ստացան:



Իսկ Մադինան, իր աշխարհագրական դիրքով ամենալեռնայինը լինելով, եթե ճանապարհ է տալիս Ներքին Գետաշենին, կղզիանում է՝ զրկվելով իր արոտավայրերից, եւ հայտնվում օղակի մեջ: Մադինան տալիս է եւ փոխարենը ոչինչ չի ստանում, ուստի ստիպված է լինելու տեղափոխվել, այսինքն՝ գյուղը վերանալու է քարտեզի երեսից:



Մադինան կարող է նախադեպ դառնալ մյուս համայնքների համար. մարզային իշխանություններից աջակցություն ստացող համայնքները, քարտեզի վրա կեղծ գծեր տանելով, իրենց վարչական սահմանները կմեծացնեն հարեւան գյուղերի տարածքների հաշվին, ի վերջո գյուղը գյուղի դեմ է դուրս գալու: Իսկ մարզում լավ գիտեն Ներքին Գետաշենի եւ մարզպետարանի խաղերի մասին. արդեն սկսվել է 2012-ի նախընտրական ձայների առեւտուրը, քանի որ Ներքին Գետաշենը մեծ ընտրազանգված ունի, եւ ԲՀԿ-ական մարզպետը Մադինայի հաշվին իր կուսակցությանը ձայներ է ապահովում: Արդեն իսկ որոշ գյուղապետեր «Բարգավաճ» են մտել՝ մարզում գնում է ԲՀԿ-ացման բուռն գործընթաց:



Մադինային հողերից զրկելը գին ունի, այդ գինը գալիք ընտրություններին մարզի կուսակցական կողմնորոշման համար տրվող ձայներ են: Նրանց չի հետաքրքրում ոչ Ներքին Գետաշենի, ոչ Մադինայի բնակչի ճակատագիրը եւ ոչ էլ այն, որ այդ մարդիկ վաղը կխփեն իրար: Սակայն Սահմանադրությունն ու օրենքի պահանջը շրջանցելու ձեւը գտած մարզպետը չի գիտակցում, որ մարտունեցիները մի մետր հողի համար կարող են մարդասպան դառնալ, էլ չենք խոսում միջհամայնքային պատերազմի մասին:



Ֆելիքս Եղիազարյան