Գազալիցքավորողը՝ պատկերասրահի տնօրեն

Գազալիցքավորողը՝ պատկերասրահի տնօրեն
Հրազդանում նկարիչներ կան, որ ստեղծագործում են, ցուցադրվում: Հրազդանն անգամ պատկերասրահ ունի: Սակայն եթե մայրաքաղաքում ապրող նկարիչը խնդիրներ ունի, ինչպե՞ս է ապրում ու ստեղծագործում մարզում բնակվող արվեստագետը: Մեր զրուցակիցն է գեղանկարիչ Մովսես Թադեւոսյանը:



- Հետաքրքիր մտածելակերպ ունեցող նկարիչներ են ապրում Հրազդանում, ճիշտ է, նրանց թիվը մեծ չէ՝ ընդամենը վեց-յոթ հոգի, բայց առանձնանում են իրենց շնորհքով ու ինքնատիպությամբ: Սոցիալական վիճակը չի կարելի բարվոք համարել, նրանց եկամուտը հիմնականում  թաղման համար պատվիրված դիմանկարներից է գոյանում: Ուրիշ կտավներ չեն վաճառվում:



- Իսկ հնարավորություն ունե՞ք ցուցադրվելու, թե՞ նկարները դատապարտված են մնալու արվեստանոցների պատերից ներս:



- Ցուցադրվում ենք տարբեր տեղերում, բայց ոչ Հրազդանում: Վերջերս Հրազդանում ցուցահանդես էինք կազմակերպել` նվիրված տպագրության 500-ամյակին, եւ ցուցադրվեցինք ոչ թե մեր քաղաքի պետական պատկերասրահում, այլ՝ թանգարանում: Ցավն այն է, որ պատկերասրահն այսօր չի ծառայում իր նպատակին: Երբ առաջին անգամ ցուցահանդես բացեցինք պատկերասրահում, տնօրենը` Արամ Ղազարյանը, այնպիսի պայմաններ առաջ քաշեց, որ ապշել էինք: Ուղղակի շուկայական հարաբերությունների վերածվեց, որ պետք է ցուցահանդես-վաճառք կազմակերպել, այդ դեպքում  վաճառվող նկարների քանի տոկոսն ենք իրեն տալու: Իհարկե, ոչ մի նկար էլ չգնվեց, հակառակ տնօրենի այն հավաստիացման, թե ինքը գնորդներ կհայթայթի: Ամեն դեպքում ցուցահանդեսը, որին տասը նկարիչ էր մասնակցում, չներկայացվեց այնպես, ինչպես հարկն էր:



- Իսկ ո՞վ է տնօրենը, արվեստի՞ մարդ է:



- Որքանով տեղյակ եմ՝ արվեստի հետ որեւէ կապ չունի, նախկինում գազալցակայանում գազ լցնող է աշխատել: Եվ այսօր Հրազդանի պատկերասրահը վերածվել է սպորտօջախի, թենիս են խաղում, թուղթ, եւ նման կարգի ժամանցներ: Պատկերասրահը ծառայում է՝ կարեւոր չէ ինչի, բայց ոչ իր բուն նպատակին: Այդ մարդը չգիտի անգամ, թե որ դարաշրջանում ինչ է նկարվել: Անուններ չգիտի:



- Մեկ տարի էլ չկա, որ Արամ Ղազարյանը տնօրեն է նշանակվել, վերջինս, ասում են, մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հովանավորյալն է:



- Ես չգիտեմ, թե նրան ով է երաշխավորել Փարավոն Միրզոյանին եւ հատկապես որ արժանիքն է հաշվի առել` նշանակելով այդ պաշտոնին, բայց, որ իր տեղում չէ այդ մարդը՝ միանշանակ է: Երբ պատկերասրահից գողություն կատարվեց, նախկին տնօրենին հանեցին եւ Ղազարյանին նշանակեցին: Իսկ Հրազդանի պատկերասրահը հարուստ ժառանգություն ուներ, գողացել են այնպիսի հեղինակների կտավներ, ինչպիսիք են` Սարյան, Այվազովսկի, Կոջոյան, Մինաս, Կալենց, Բաշինջաղյան, Իսաբեկյան, Թերլեմեզյան, Հակոբ Հակոբյան, Ալեքսանդր Գրիգորյան եւ էլի մի շարք հեղինակներ:



- Իսկ պարզվե՞ց, թե ով է գողացել, համապատասխան մարմինները հետաքրքրվո՞ւմ են կտավների ճակատագրով:



- Չի բացահայտվել, թե ովքեր եւ ինչպես են նկարները գողացել, ասում են՝ քրեական գործ է հարուցվել եւ ընթացքի մեջ է: Բայց այդ հարցով այսօր ոչ հետաքրքրվող կա, ոչ էլ որեւէ նկար է գտնվել: Ի՞նչ է նշանակում սա, չէ՞ որ լուրջ արժեքներ են անհետացել:



- Իսկ ի՞նչ եք մտածում քաղաքի նկարիչներով, որեւէ միջոց ձեռնարկո՞ւմ եք այդ վիճակից ելք գտնելու համար:



- Փորձում ենք ինչ-որ կերպ, ինչ-որ չափով ետ բերել պատկերասրահի նկարները, բայց չգիտենք, թե ինչպես: Ճանապարհներ ենք փնտրում եւ կորցրած արժեքները վերադարձնել, եւ պատկերասրահը նախկին տեսքին բերել, այսինքն` վերականգնել մեր քաղաքի արվեստի օջախը:



Ֆելիքս Եղիազարյան