Վտանգավոր հեռանկար

Վտանգավոր հեռանկար
Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում կկայանան Պետդումայի ընտրությունները: Ոչ ոք չի կասկածում, որ ընտրություններն ավարտվելու են «Եդինայա Ռոսիա» կուսակցության «ջախջախիչ» հաղթանակով: Կանխատեսելի ելքով այս ընտրություններն, ըստ էության, Վլադիմիր Պուտինին իր գահին վերադարձնելու նախերգանքն են: Այս պարագայում կանխատեսելի է նաեւ Ռուսաստանի Դաշնություն կոչվող երկրի ապագան: Մի կարճ շրջան Ռուսաստանի փոքրաթիվ մտավորականությունը, որը դեռեւս պահպանել է 19-րդ դարի ազնվականության գենետիկ կոդը, հույսեր էր փայփայում, որ Ռուսաստանը կարող  է գնալ դեմոկրատիայի ու զարգացման ճանապարհով: Աղոտ հեռանկար կար, որ Դմիտրի Մեդվեդեւը կկարողանա կոտրել Պուտինի դիմադրությունն ու դառնալ երկիրը դեպի զարգացում առաջնորդող նախագահ: Թեեւ առավել հեռատեսներն այդ հույսը կորցրեցին այն պահին, երբ երկրի վարչապետ նշանակվեց նախկին նախագահը: Դրանից հետո դեպքերն ընթացան խելակորույս արագությամբ. կագեբեական հին մեթոդներին հրաշալի տիրապետող նախկինն արագությամբ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ երկիրն ու կարճ ժամանակում ոչ միայն հանրությանը, այլեւ հենց իրեն՝ նախագահի աթոռը զբաղեցնողին համոզեց, որ այդ երկրին Պուտինի «բռունցքն» է հարկավոր: Իր տեսակով ու ճակատագրով ողբերգական Մեդվեդեւի խղճուկ ճառը, երբ հրապարակում էր Ռուսաստանի հաջորդ նախագահացուի անունը, ափսոսանքի, արհամարհանքի ու տհաճության խառը զգացում էր պարգեւում լսողներին: Դժվար է ասել՝ առաջինն էր ուժեղ ու ամենակո՞ւլ, թե՞ երկրորդն էր խեղճ ու թույլ, փաստ է, որ Ռուսաստանը կրկին գլորվում է դեպի տոտալիտարիզմ եւ քաղաքակիրթ աշխարհի հետ հակամարտության նոր դարաշրջան: Եվ այս ամենը հատկապես վտանգավոր է, երբ տեսնում ես ռուսաստանյան իրադարձությունների արձագանքը մեր իրականության մեջ: