Մեղավորներին ձեր մեջ փնտրեք

Մեղավորներին ձեր մեջ փնտրեք
Երեկ հանրապետության նախագահը հերթական անգամ հավաքել է դատաիրավական համակարգի պատասխանատուներին եւ նրանց հետ խորհրդակցել, թե ինչ անել, որ հասարակությունը սկսի վստահել այս համակարգին, որ ապօրինի որոշումներ չկայացվեն եւ մարդկանց իրավունքները չոտնահարվեն: Ասենք, մոտավորապես այնպես, ինչպես հավաքեին անտառի բոլոր աղվեսներին եւ նրանց հետ քննարկեին մոտակա գյուղի հավերի իրավունքների հարցերը: ՀՀ նախագահն իր խոսքում կանգ է առել քրեական արդարադատության բնագավառում հանդիպող ապօրինի որոշումների վրա: Քանի որ նախագահականից ստացված հաղորդագրությունում չի կոնկրետացվել, թե ինչ գործեր նկատի ունի Սերժ Սարգսյանը, հասկանալի չէ, թե ինչու է քաղաքացիական իրավունքի ոլորտն առանձնացվել քրեականից: Մանավանդ երեկ տեղեկություն ստացանք, որ Եվրադատարանի միջամտությամբ Երեւանի կենտրոնի եւս հինգ բնակիչ լրացուցիչ փոխհատուցում կստանան, ինչը խոսում է այն մասին, որ ժամանակին այս բոլոր գործերով սխալ որոշումներ են կայացրել դատարանները: Մի փաստ միայն բավական է՝ պատկերացնելու համար ապօրինության աստիճանը. Իրինա Եդիգարյանին ժամանակին ընդամենը 13 հազար դոլարի փոխհատուցում էին առաջարկել, իսկ ԵԴ քննության ընթացքում Հայաստանի իշխանությունը հաշտություն է կնքել՝ 45 հազար եվրո առաջարկելով: Ճիշտ է նկատում փաստաբան Վահե Գրիգորյանը, որ պետությունն իր բյուջեից փոխհատուցում է այն, ինչը ժամանակին պետք է աներ մասնավոր կառուցապատողը: Կնշանակի՝ սույն դատավորները պետությանն ահռելի ֆինանսական վնաս են պատճառել: Ամենաաբսուրդը, սակայն, այն է, որ նրանք դա արել են այդ նույն պետության, ավելի ճիշտ՝ պետական պաշտոնյաների ճնշման տակ, եւ դրա համար նրանց պատժելն էլ ճիշտ չի լինի: Այնպես որ մեղավորներին պետք է փնտրել հենց իշխանության մեջ: